Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ»

Սեպտեմբեր 24,2003 00:00

«ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ» Այսպես է մտածում ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: – Ոչ միայն քաղաքական հարցադրումների, այլեւ առողջ բանականության շրջանակներում անհանդուրժելի է հարեւան պետությունների երկարատեւ խզվածությունը, թշնամությունը։ Աշխարհի բոլոր դրկից ազգերն ու պետությունները հեռավոր ու մոտ պատմության մեջ ունեցել են խնդիրներ։ Դրանց զգալի մասը լուծված չէ, յուրաքանչյուր ազգ յուրովի, նույնիսկ ծայրահեղացված է ընկալում իր խնդիրները։ Սակայն դա չի խանգարում, որպեսզի այդ ժողովուրդները համագործակցեն՝ առեւտուր անեն, այցելեն միմյանց, շփվեն մշակույթներով եւ փոխադարձ օգուտներ քաղեն։ Այդպիսի օրինակները համաշխարհային պատմության մեջ բազում են, եւ դրանք լավագույն ապացույցն են նրա, որ հայ-թուրքական թշնամությունն անհեռանկար վիճակ է։ Այլ խնդիր է, որ Հայաստանում քաղաքական մի որոշակի ուժ՝ դաշնակները, եւ նրանից ածանցված փոքրիկ խմբակներ հայ-թուրքական առնչությունները սեփականաշնորհել են։ Ընդ որում, դաշնակները ամեն ջանք գործադրել են ծայրահեղ թշնամության հասցնելու հայ-թուրքական հարաբերությունները, կուրորեն օգտագործել իրենց ու ողջ ազգին ռուսների հակաթուրքական ծրագրերում։ Իհարկե, չպետք է ընկնել ծայրահեղության մեջ եւ ասել, որ հայ-թուրքական հարաբերություններում քննարկելու բան չկա։ Կան կնճիռներ, բայց դրանցից յուրաքանչյուրի լուծումը պետք է գտնել իր հարթության մեջ։ Կան գիտական, մշակութային, հաղորդակցության, անվտանգության, ռազմական եւ այլ խնդիրներ։ Եվ դրանք մեկ սերնդի կյանքի ընթացքում լուծվող խնդիրներ չեն։ Չպետք է հարցերի լուծմանը մոտենալ վերջից եւ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացումը դարձնել փաթեթային կարծրամտության պատանդ։ – Ձեր այս ակնարկը վերաբերում է Հայաստանի ներկայիս իշխանությունների՞ն։ – Բանն այն է, որ այս վարչախմբին չի հետաքրքրում հասարակական-քաղաքական շրջանակների կարծիքը։ Այդ կարծիքը որեւէ ազդեցություն չի թողնում վարչախմբի կողմից վարվող քաղաքականության վրա, այն պարզ պատճառով, որ իշխանությունը ձեւավորվել է ի հեճուկս հենց այդ հասարակական կարծիքի, այսինքն՝ քաղաքացիների կամքին հակառակ։ Դժվար է ռացիոնալ բացատրություններ տալ վարչախմբի մտադրություններին, մանավանդ որ, ժամանակի մեջ սպառելով սխալվելու բոլոր հնարավոր դեպքերը, իշխանությունը քայլեր ձեռնարկելիս ելնում է մի կետից՝ իր տիրապետությունը պահպանելու եւ երկարաձգելու նպատակահարմարությունից։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւս նրանք դիտարկում են այդ տեսանկյունից։ – Սերժ Սարգսյանի համոզվածությանը, որ հայ-թուրքական հարաբերություններում շուտով առաջընթաց կգրանցվի, թուրքական կողմը նույն ջերմությամբ չարձագանքեց։ – Ե՛վ այժմ, ե՛ւ 13 տարի առաջ թուրքական քաղաքականության հայկական թղթածրարը բավականին անշրջահայաց է։ Ժամանակակից Թուրքիան եւ թուրքերը, որոնց նախնիները մեղանչել են մեր նախնիների առջեւ եւ էապես կանխորոշել մեր ներկա թե՛ տարածքային վիճակը, թե՛ սփռվածությունը աշխարհով մեկ՝ պարտավոր էին լինել ավելի վեհանձն, զիջող։ Նրանք պետք է ընդառաջ գնային հայերիս։ Կարծում եմ, այս մտայնությունը թուրք իսթեբլիշմենթի, հատկապես արեւմտյան դաստիարակություն ստացած ռազմական ղեկավարության մեջ կա։ Կարծում եմ՝ դա էր պատճառը, որ հայ-ադրբեջանական ռազմական դիմակայության ամենալարված փուլերում անգամ՝ 1992- 94-ին, երբ հայկական զորքերը պարզապես ծնկի էին բերել ադրբեջանական զինված ուժերին ու շրջան շրջանի հետեւից գրավում էին ադրբեջանական տարածքը, Թուրքիան, բացի ուժի ցուցադրումից եւ միջազգային ատյաններին դիմելուց, այլ քայլի չդիմեց մեր նկատմամբ։ Իսկ կար թուրքական անմիջական ագրեսիայի վտանգ։ Հակված եմ ենթադրելու, որ դիտորդի դիրք բռնելը հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական փուլում նաեւ պայմանավորված էր պատմական այն մեղքի ծանրությամբ, որ զգում են թուրք ղեկավարները։ – Գուցե Հայաստանն իր տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլ ռեսուրսներով, պարզապես չի՞ գրավում Թուրքիային։ – Ինչ խոսք, դա նույնպես իր դերն ունի։ Հայաստանն իր տնտեսական հզորությամբ եւ քաղաքական հեղինակությամբ տարածաշրջանում դառնում է ավելի ու ավելի ոչ նշանակալի երկիր։ Բայց իբրեւ պետական միավոր, այն գործոն է, եւ այդ գործոնը շրջանցել անհնար է։ Ուղղակի հարկավոր է դրսեւորել քաղաքական կամք, գնալ ընդառաջ։ – Իսկ զիջողական ինչպիսի՞ քայլեր եք տեսնում Հայաստանի կողմից։ – Տնտեսական, առեւտրային, գիտական, հումանիտար, մշակութային, ոչ կառավարական մակարդակներում կապերը պետք է հնարավորինս առանձնացնել քաղաքական հարցադրումներից, ցեղասպանության ճանաչման եւ հայդատական ֆրազեոլոգիայից։ – Կոալիցիոն կառավարության համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փաստորեն արդիական խնդիր է։ Տեսանելի ապագայում հնարավո՞ր է հանգուցալուծման եզրեր գտնել։ – Հայաստանի ոչ լեգիտիմ եւ ոչ ժողովրդավարական վարչախումբը ի զորու չի լինի կատարել այնպիսի ճեղքում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է։ Դրա համար հարկավոր է Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը, ունենալ ժողովրդի մանդատով գործող իշխանություն, որն էլ ժողովրդի աջակցությամբ կկարողանա դիմել դժվարին ու ոչ միանշանակ քայլերի։ – Փաստորեն, ըստ Ձեզ, Թուրքիան եւս, այսպես ասենք՝ դրական վերաբերմունք ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով։ Այդ դեպքում ինչո՞ւ է ծրարը միակողմանի։ – Թուրքերի «հանդուրժողականությունը» բավարարեց միայն Հայաստանի նկատմամբ ուղղակի ագրեսիայի չդիմելուն (խոսքը 90-ականների առաջին կեսին է վերաբերում)։ Սակայն նրանք իրենց մեջ չգտան ուժ հետպատերազմյան շրջանում նախաձեռնելու մերձեցմանը միտված քայլեր։ Իհարկե, թուրքական հասարակության մասին չպետք է դատել Կ. Պոլսով, Անկարայով կամ Միջերկրականի առափնյակով։ Թուրքիան բավականին բազմաշերտ, բարդ ու հակասական երկիր է, որտեղ կողք կողքի ապրում են Օսմանյան Թուրքիան եւ Եվրամիություն ձգտող Թուրքիան։ Աներկբայորեն դժվար է պնդել, որ ժամանակակից միտումները դոմինանտ են։ Չպետք է մոռանալ, որ նույն Թուրքիան ամենայն դաժանությամբ վարվել ու շարունակում է վարվել ոչ միայն քուրդ անջատողական կազմակերպությունների, այլեւ քուրդ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Ոտնահարվում են ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները. հիշենք 1955թ. զանգվածային բռնությունները հույների, հրեաների ու հայերի նկատմամբ, մինչ այդ եղած գույքային իրավունքի սահմանափակումները, օրերս միակ հայկական Վագըֆ գյուղի հողերի բռնազավթումը։ Եվ առհասարակ, թուրքական արդարադատության ներկա վիճակը ճիշտ եւ ճիշտ այնպիսին է, ինչպես ներկայացված է «Արեւելյան ճեպընթաց» հայտնի ֆիլմում։ Այդուհանդերձ, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեն, Թուրքիայի հետ առեւտուր են անում, Թուրքիա ազատ այցելում են բոլոր ազգերը՝ դրկից թե հեռավոր, արաբ թե հույն, բուլղար թե ռուս։ Իսկ ի՞նչ է՝ նրանք թուրքերի հետ քի՞չ խնդիրներ ունեն։ Թե՞ մի ամբողջ ժողովուրդ ու նրա երիտասարդ պետությունը պետք է կրկին դրվեն հայդատականության զոհասեղանին։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել