Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՆՔ ԼԻՆԻ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՆՔ ԼԻՆԻ Հոկտեմբերի 2-5-ը Ֆրանսիայում անցկացվելու է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ուրաքանչյուր քաշային կարգում 1-10-րդ տեղեր զբաղեցնողներն արժանանալու են 2004թ. Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրի։ Նախնական տվյալներով, կազմկոմիտեն մասնակցության հայտ է ստացել հինգ աշխարհամասերի շուրջ 70 երկրների մոտ 270 ըմբիշներից։ Հայաստանը հանդես է գալու ամբողջական հավաքականով՝ ներկայացուցիչ է ունենալու բոլոր յոթ քաշային կարգերում։ Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող մեր հավաքական թիմն օրերս է վերադարձել Ալուշտայից եւ հիմա ուսումնամարզական հավաքի վերջին փուլն անցկացնում է «Օլիմպիական մարզաձեւերի հանրապետական կենտրոնում»։ Կիրակի օրը «Առավոտի» թղթակիցը այցելեց ըմբիշներին եւ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալաքյանի հետ։ – Լեւոն, քո ղեկավարած թիմը վերջին շրջանում գրեթե մշտապես հավաքների մեջ է։ Ինչպե՞ս են դրանք ընթանում։ – Ամեն մի ուսումնամարզական հավաք իր հիմնական նպատակն ունի։ Նախապատրաստման ամբողջ ընթացքը կարելի է բաժանել երեք փուլի. առաջին՝ ընդհանուր, ֆունկցիոնալ եւ մասնագիտական ֆիզպատրաստություն, երկրորդ՝ ավելի շատ մասնագիտական եւ երրորդ, որում մարզիկի մասնագիտական, տեխնիկա-տակտիկական եւ հոգեբանական որակները պետք է հասցվեն բարձրակետին։ Հիմա ավելի շատ աշխատում ենք այնպիսի որակների վրա, ինչպիսիք են մարզիկների արագությունը, մենամարտի զգացողությունը, այսպես կոչված՝ «պայթուցիկությունը»։ Նախապատրաստության բոլոր փուլերն էլ անցել են նորմալ, արդյունավետ։ Ալուշտայում մեզ հետ միասին հավաք էին անցկացնում Իսրայելի, Մոլդովայի, Ուկրաինայի հավաքականները։ Համատեղ մարզումներն, իմ համոզմամբ, շատ կարեւոր էին տղաների համար։ Վեց գորգի վրա միաժամանակ 80 ըմբիշի հետ աշխատելը շատ բան է տվել, հատկապես ֆունկցիոնալ աշխատանքի տեսակետից։ Հիմա եկել է ամենապատասխանատու ժամանակը, երբ շատ ու շատ բան կախված է թե ըմբիշներից, թե նրանց անձնական եւ հավաքականի մարզիչների ճիշտ աշխատանքից։ Պետք է անենք այնպես, որ տղաներն իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնեն հենց մրցումների օրերին։ – Օրերս մեր ազատ ոճայինները Նյու Յորքում անցկացված աշխարհի առաջնությունում ձախողվեցին։ Համոզմունք կա, որ մեր տղաները վարպետությամբ ոչ ոքի չզիջելով, մրցակիցներին պարտվում են ֆիզիկական ու ֆունկցիոնալ անբավարար պատրաստվածության պատճառով։ Քո թիմը Ֆրանսիայում նման խնդիրների առջեւ չի՞ կանգնի։ – Ես ազատ ոճայինների մրցելույթների մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ճիշտ է, որոշ բաներ ինձ պատմել են եւ իմ անձնական փորձն ու գիտելիքները հուշում են, որ պատճառը ոչ թե ֆիզիկական, այլ ֆունկցիոնալ անպատրաստությունն է եղել։ Չի բավարարել ընդհանուր եւ կոնկրետ մասնագիտական դիմացկունությունը։ Եթե տղաները գոտեմարտի սկզբում միավորներ են վաստակել, ուրեմն ֆիզիկապես ունակ են եղել։ Դա լուրջ վերլուծության ու քննարկման հարց է, որի ժամանակ պետք է հաշվի առնել նաեւ այլ կարեւոր հանգամանքներ։ Իսկ ինչ վերաբերում է իմ տղաներին, նրանց վրա վստահ եմ։ Մինչեւ հիմա, համենայնդեպս, վերջին երեք տարում, դեռ չի եղել, որ զիջեն մրցակցին ֆունկցիոնալ պատրաստվածությամբ։ Տեխնիկան էլ վատ չէ։ Հուսանք, որ այս անգամ էլ այդպես կլինի։ – Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ֆրանսիայում անցկացվելիք առաջնությունից: – Հիմա աշխարհում ամեն քաշային կարգում մոտավորապես հավասար ուժի ու հնարավորության տեր հինգ-վեց ըմբիշ կա։ Ու դժվար է գուշակել, թե նրանցից ով երբ կհաղթի։ Հաջողությունը տարվա ընթացքում հերթով ժպտում է բոլորին։ Տղաները պետք է ճակատամարտ տան յուրաքանչյուր մրցակցի։ Իսկ եթե, Աստված չանի, պարտվեն էլ, ապա միավորների չնչին տարբերությամբ։ Անձամբ ես, թե՛ մարզիկ եղած ժամանակ, թե՛ հիմա, արդեն որպես մարզիչ, մրցման եմ մեկնում հաղթելու համար։ – Այնուամենայնիվ, ի՞նչ լուրերի սպասենք։ – Եթե ուշադրություն դարձրել եք, երբեք նախապես խոստումներ չեմ տալիս։ Հիմա կարող եմ միայն ասել, որ թիմը լավ է նախապատրաստվել, բոլորն էլ մարզվել են բարեխիղճ, նվիրումով, գլուխ չեն պահել, ռեժիմը պահպանել են։ – Փորձենք այս անգամ ավանդույթը խախտել։ Մոտավորապես քանի՞ ուղեգիր կնվաճենք։ – Ասեմ՝ յոթ, հնարավոր է ճիշտ չլինի։ Ասեմ՝ երեք, էլի կարող եմ սխալվել։ Ամեն ինչ հնարավոր է… – Իսկ որեւէ մեդալ կլինի՞։ – Պատասխանս նույնն է. ամեն ինչ հնարավոր է։ Տղաներն, իրոք, լավն են։ Բոլոր երկրների թիմերն էլ նրանց հետ հաշվի են նստում։ – Ովքե՞ր են Ֆրանսիա մեկնելու։ – Գիտեմ, բայց առայժմ նպատակահարմար չեմ գտնում ասել։ Անուններ կհրապարակեմ այս շաբաթվա վերջին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել