Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Գարզոյի, Սուրենյանցի, Սարյանի գլուխգործոցները փտում են Դիլիջանի երկրաբանական թանգարանում եւ ամեն րոպե կարող են կողոպտվել: Այդ թանգարանը վթարային վիճակում է։ Դրսից էլ նկատելի է, որ երկհարկանի շենքը չվերանորոգվելու դեպքում՝ ուր-որ է կփլվի։ Ինչպես տեղեկացանք տնօրեն Լիլիթ Գինոյանից, այն կառուցվել է 1926թ., իսկ հիմնական շինանյութը փայտն է։ Դիլիջանում կլոր տարին խոնավ է, ու քանի որ թանգարանի շենքը հիմնականում փայտից է, դրա համար էլ ներս մտնելուն պես քիթդ է «ներխուժում» տհաճ նամշահոտը։ Ցուցադրվող էքսպոնատները մի կերպ դասավորվել, ավելի ճիշտ՝ ծվարել են թանգարանի համեմատաբար բարվոք հատվածում։ Սակավաթիվ այցելուներին էլ զգուշացնում են ուշադիր քայլել, խուսափելու համար լքված նավի տախտակամած հիշեցնող հատակի չարագուշակ ճռճռոցներից։ Թանգարանի առաջին հարկում երկրագիտական արժեք ներկայացնող ցուցանմուշները, բրոնզե գտածոները օդի հետ շփման եւ խոնավության պատճառով օքսիդացել են։ Երկրորդ հարկում եւս արժեքավոր ցուցանմուշներ կան՝ Գառզու, Սուրենյանց, Սարյան, Բաշինջաղյան, Թերլեմեզյան, Ռոքուել Քենտ եւ այլն։ Ցավոք, թանգարանն անուշադրության է մատնված մշակույթի նախարարության, տեղական իշխանությունների կողմից, ուստի ամեն րոպե բացառիկ հավաքածուն վտանգված է։ Պատահական չէր, որ տարիներ առաջ այստեղից գողացան Այվազովսկու նկարները, որոնք հիմա գտնվել են: Ինչպես հավաստիացնում է Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վերանուշ Փուլանյանը՝ ներկայումս դրանք վերականգնվում են Ազգային պատկերասրահում։ Դիլիջանի թանգարանը հաճախ հոսանքազրկվում է՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով հնարավոր ելումուտի համար (Այվազովսկու նկարները հենց այդ պատճառով էլ գողացան)։ Արժեքավոր ցուցանմուշներ ունեցող այս թանգարանը ընդամենը երեք աշխատող ունի՝ տնօրեն, ֆոնդապահ եւ հավաքարար։ Վերջինս համատեղում է նաեւ պահակությունը։ Հետաքրքիր է, որ Դիլիջանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Արկադի Մելյանի կարծիքով, երկրագիտական թանգարանի շենքը բարվոք վիճակում է եւ, ըստ նրա, խոնավությունից չեն կարող վնասվել ցուցանմուշները։ Ճիշտ է, պրն Մելյանը թանգարանի աշխատակիցներին խոստացել է հնարավորության դեպքում վերանորոգել Դիլիջանի կենտրոնական գրադարանի շենքի երկու հարկերը, այնտեղ տեղափոխելու համար երկրագիտական թանգարանը, սակայն սա առաջին խոստումը չէ, որ ստանում է Դիլիջանի երկրագիտական թանգարանը։ ՀՀ մշակույթի նախարարության թանգարանների բաժնի պետ Անահիտ Գալստյանը եւս փաստեց, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն երկրագիտական թանգարանը փրկելու համար։ Ի դեպ, առաջարկվել է թանգարանում պահվող եզակի նմուշները գոնե ժամանակավորապես ի պահ տալ Ազգային պատկերասրահին, սակայն այս տարբերակին էլ թանգարանի աշխատակիցները համաձայն չեն։ ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել