Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Պարզաբանում է Գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, «27»-ի գործից անջատված մասով քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը: – Ի՞նչ վիճակում էր «27»-ի գործից անջատված մասը, երբ քննությունը փոխանցվեց Ձեզ: – Քրեական գործը Զինվորական դատախազությունից Գլխավոր դատախազություն տեղափոխվեց 2003-ի ապրիլի 14-ին: Նախաքննության կատարումը հանձնարարվեց ինձ: Դատախազի որոշմամբ ձեւավորվեց համատեղ քննչական խումբ, որի կազմում ընդգրկվեցին Գլխավոր դատախազության Քննչական վարչության, Զինդատախազության եւ Ազգային անվտանգության ծառայության քննիչները: Գլխավոր դատախազությանը հանձնված քրեական գործը բաղկացած էր 53 հատորներից, որից 43-ն այժմ դատարանում քննվող գործն է, իսկ մնացած 10 հատորներն առաջացել են արդեն մասն անջատելուց ու գործը դատարան ուղարկելուց հետո: Զինդատախազությունն այդ ընթացքում իրականացրել էր բազմաթիվ քննչական գործողություններ: Վարկածները շատ են եղել՝ չեմ կարող նշել որոշակի թիվ: Դրանց մի մասը հերքվել է, մյուս մասը՝ չի գտել որեւէ հիմնավորում: Նախաքննությունը տարվել է բազմաթիվ ուղղություններով, եւ քննչական գործողությունները կատարվել են ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ՝ սահմաններից դուրս: Այժմ նախաքննությունը շարունակվում է նույն ուղղություններով: – Հաշվի առնելով «27»-ի մայր գործում Ձեր դերակատարությունը, երբ կարճվեցին Ալեքսան Հարությունյանի եւ այն մեղադրյալների նկատմամբ գործերը, որոնց Դուք էիք հարցաքննում՝ մամուլում կանխատեսում էր արվել, թե անջատված մասի վարույթը Ձեզ հանձնարարելու միտումն այն է, որ այս գործը նույնպես արագորեն կարճվի: Հիմնավո՞ր ենթադրություններ են: – Իհարկե՛ հիմնավոր չեն: Ինչ վերաբերում է նախկինում այս գործին իմ մասնակցությանը, ապա ինչպես ես, այնպես էլ Գլխավոր դատախազության քննչական վարչության եւս 2 քննիչներ՝ Մարսել Մաթեւոսյանը եւ Հարություն Հարությունյանն ընդգրկվել էինք քննչական խմբի կազմում եւ կատարել խմբի ղեկավարի հանձնարարությունները: Ես քննչական գործողություններ եմ կատարել ոչ միայն Ալեքսան Հարությունյանի, այլ նաեւ Նաիրի Հունանյանի, Կարեն Հունանյանի, Դերենիկ Բեջանյանի, Էդիկ Գրիգորյանի հետ՝ հարցաքննել եմ, կատարել առերեսումներ եւ այլն: Չգիտեմ, թե ինչ պատասխանեմ այդ անհիմն հայտարարություններին, թե քրեական գործը տեղափոխվել է, որ կարճվի: Համենայն դեպս՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Եթե ինչ-որ նոր հանգամանքներ ի հայտ գան, պարզվեն նոր փաստեր՝ իհարկե, չի կարճվի գործը: – Նոր ի հայտ եկած հանգամանքներից մեկն էլ գնդակն էր, որ «27»-ի գործով տուժողներից մեկը ամիսներ առաջ միայն հանձնեց քննչական խմբին: Գնդակի վրա պահպանված արյան հետքերը, ենթադրվում էր, թե կարող էին լույս սփռել Ռուբեն Միրոյանի կամ Արմենակ Արմենակյանի սպանությունների վրա, որոնց առնչությամբ մնացել են բավական հարցականներ: Ի՞նչ պարզեց փորձաքննությունը: – Դահլիճում գտնված պատգամավորներից մեկն, իրոք, ներկայացրել էր փամփուշտի գնդակ, որի կապակցությամբ Զինդատախազությունը նշանակել էր դատաձգաբանական ու դատակենսաբանական համալիր փորձաքննություն: Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ այդ գնդակի վրա առկա արյան հետքերը կարող էին պատկանել «Բ» խումբ ունեցող որեւէ անձի կամ անձանց, այդ թվում նաեւ՝ Արմենակ Արմենակյանին կամ Ռոբերտ Միրոյանին: – Անջատված մասի խնդիրը ոչ միայն կազմակերպիչներին պարզելն է, այլ նաեւ նրանց, ովքեր պարտականություն ունեին կանխել այս հանցագործությունը: Ի՞նչ գործողություններ եք ձեռնարկում այդ ուղղությամբ: Հարցս նախ ԱԱՆ-ին է վերաբերում, որի աշխատակիցները, «27»-ի մայր գործի նյութերից դատելով՝ բավարար տեղեկատվության պայմաններում իսկ չեն կանխել այս ահաբեկչությունը: – Քանի որ անջատման հիմքերից մեկն էլ դա է եղել՝ նաեւ նման անձանց հայտնաբերելը, ովքեր իրենց պաշտոնեական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ կերպով, ուստի հենց գործի անջատման սկզբից էլ այդ ուղղությամբ տարվել է քննություն, կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ: ԱԱՆ-ում նույնպես կատարվել է ծառայողական քննություն, բայց չի հայտնաբերվել փաստ որեւէ մեկի կողմից իր պաշտոնեական պարտականություններն անփույթ կատարելու վերաբերյալ: Այսօր չեմ կարող ասել՝ նման բան կպարզվի՞, թե՞ ոչ: Նախաքննությունը շարունակվում է, եւ եթե պարզվի, որ իրոք՝ որեւէ մեկը պարտավոր եւ կարող էր կանխել, սակայն թերացել է իր պարտականությունների կատարման հարցում, ապա նման մարդիկ պարտադիր պետք է ենթարկվեն պատասխանատվության: – Ձեր քննչական խմբի ձեռնարկած քայլերից մեկը հայտարարությամբ հանրությանը դիմելն էր, որ «27»-ի մասին իրենց հայտնի տեղեկությունները տրամադրեն դատախազությանը: Միայն 4 տարի անց նման կոչ անելն ուշացած քա՞յլ չէր: – Չէի ասի, թե ուշացած էր: Հուլիսին արված մեր այդ հայտարարությանը, կարելի է ասել՝ չի եղել որեւէ լուրջ արձագանք: Որեւիցե մեկն օգնության կարգով չի դիմել քննչական խմբին՝ ինչ-որ կասկածներ հայտնելու, տվյալներ ու փաստեր ներկայացնելու: Ավելին՝ ինքներս ենք հրավիրել տուժողներից մի քանիսին, որոնք նույնիսկ մինչ օրս չեն բարեհաճել ներկայանալ քննության: – Հայտնի է, որ չի ներկայանում Արամ Զավենի Սարգսյանը: Սակայն անհայտ է, թե նրա ցուցմունքները ի՞նչ էին տալու անջատված մասով քննությանը: – Չեմ կարող ասել, թե ինչ տեղեկություններ կարող էր տալ նա կամ տուժողներից մեկ ուրիշը: Համենայն դեպս՝ չի եղել որեւէ արձագանք, թեեւ մենք ցանկանում էինք լսել այդ մարդկանց՝ միգուցե ունենային ինչ-որ առաջարկներ կամ միջնորդություններ: Եվ տարօրինակ է, որ չեն ներկայանում: – Նաիրի Հունանյանը դատարանում հայտարարեց, թե բացահայտումներ ունի Արմենակյանի սպանության վերաբերյալ: Դրանից հետո հարցաքննե՞լ եք նրան: – Այդ հայտարարությունից հետո նա չի հարցաքննվել, բայց քրեական գործը Զինդատախազությունից Գլխավոր դատախազություն տեղափոխելուց հետո Նաիրի Հունանյանը հարցաքննվել է մի քանի անգամ: Մասնավորապես՝ այն հարցին ի պատասխան, թե արդյոք եղե՞լ են կազմակերպիչներ, ի՞նչ նոր բաներ ունի հայտնելու՝ շատ հետաքրքրիր ձեւով է հերքել: Մեջբերեմ նրա ցուցմունքից. «Ինձ համար՝ իբրեւ մարդու, վիրավորական է հնչում, երբ փորձ է արվում կասկածել, թե ինչ-որ մարդիկ կարող էին ինձ համոզել կամ մղել մի գործի, որի նպատակն էր կասեցնել հայ ժողովրդի անկման անիվը: Ես գոնե չեմ ճանաչում այնպիսի մի զորություն, որն ինձնից զորեղ լիներ եւ ունակ՝ ինձ իր ազդեցությանը ենթարկելու: Սա անհամեստություն չէ, այլ ամենքին հայտնի, հասարակ իրողություն»: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Նաիրի Հունանյանի ցուցմունքից մեջբերման առնչությամբ նշենք, որ կազմակերպիչների գոյության մասին տրամագծորեն հակառակ նրա նախկին ցուցմունքներն էլ էին շարադրված առանց կասկածի որեւէ նշույլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել