Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ մասնագետի ձեռքում դեղաբույսը թույն է

Սեպտեմբեր 23,2003 00:00

Ոչ մասնագետի ձեռքում դեղաբույսը թույն է «Բարելավումը վերանայվելու է: Հստակ չեմ կարող հիմա պատասխանել: Եվ, ընդհանրապես, հարցը տեղին չէ»: Այս պատասխանը ստացանք ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանից մեր հարցին՝ «Արդյո՞ք քննարկվում է դեղերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների բարելավման խնդիրը»: Պատկերացում տալու համար, թե որքան անտեղի կարող էր լինել սույն հարցը, տեղեկացնենք, որ այն հնչեցվեց Բուսական ծագման դեղերի ոլորտի կարգավորմանը նվիրված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային խորհրդակցության ընդմիջմանը: Պրն Դավիդյանն այնուամենայնիվ խոստացավ. «Հետո կխոսենք այդ մասին»: Իսկ թե ինչ էին խոսում ավելի քան 10 երկրներից ժամանած հյուրերը ոլորտի հայաստանյան մասնագետների հետ, համենյանդեպս լրագրողներին անհայտ մնաց, քանի որ նախարարության եւ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության համագործակցությամբ կազմակերված խորհրդակցությանը ամեն ինչ նախատեսված էր, բացի լրագրողների մասնակցությունից. աշխատանքային երկու լեզուներից եւ ոչ մեկն էլ լսելի չէր առանց ականջակալների, որոնք լրագրողներին չտրվեցին: Մյուս թերությունները չնշենք: Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն ընդմիջմանն ասաց, որ երկար տարիներ քննարկումների առարկա է՝ կարելի՞ է կիրառել ավանդական բժշկությունը, թե՞ առհասարակ պետք է հեռու պահել գիտական բժշկության բնագավառից: Ըստ ակադեմիկոսի, մարդկության ստեղծած գանձերը չի կարելի շպրտել մի կողմ. «Պետք է նրա միջից վերցնել ռացիոնալը, օգտակարը եւ այսօր նոր մոտեցումներով, գիտական հիմքի վրա կիրառել»: Սակայն Հայաստանում այսօր ավանդական բժշկության եւ հիմնականում դրանում կիրառվող բուսաբուժության հետ կապված այլ խնդիր կա: Ըստ նույն գործակալության փոխտնօրեն Սամվել Ազատյանի, «այսօր Հայաստանում ավանդական բժշկության մեծ մասը օրինական դաշտից դուրս է»: Ինչպես վերջինս է պնդում եւ այս խորհրդակցության անցկացման փաստն է վկայում, դա միայն Հայաստանի պրոբլեմը չէ, այլ ողջ ԱՊՀ-ի: Քանի որ տարիներ շարունակ ավանդական բժշկությունը մեր երկրում զարգացում չի ապրել: Ավանդական բժշկությունը, ինչպես մասնագետներն են գտնում, լավ միջոց է նաեւ՝ նվազեցնելու առողջապահական համակարգի ծախսերը դեղերի գծով, քանի որ այն ավանդականորեն ավելի էժան է, քան ժամանակակից բժշկությունը: Պրն Ազատյանը շատ մեծ թյուրիմացություն է համարում, երբ ասում են, որ ավանդական բժշկությունը եթե չի օգնում, ապա գոնե չի էլ վնասի: «Բոլորովին էլ այդպես չէ, որովհետեւ ավանդական բժշկությունը եւ բուսաբուժությունը սխալ կիրառելու դեպքում՝ ոչ մասնագետի ձեռքում շատ վտանգավոր են: Այսօր պետք է կարգավորման ոլորտ բերել այդ հարցերը: Խնդիրը ավանդական բժշկությունը կարգավորող մարմինների հսկողության ներքո բերելն է: Դրանով զբաղվող ոչ մի հեքիմ, ոչ մի բժիշկ չպետք է անօրինական գործի».- գտնում է փոխտնօրենը: Ամենահետաքրքիրն այն է , որ ինքնագործ բուսաբույժներին օրենքով վերահսկելու մեխանիզմները կան եւ միշտ էլ եղել են: Ուղղակի դրանք, ըստ Ս. Ազատյանի, պետք է կիրառվեն: Փաստորեն, «երբեք էլ թույլ չի տրվել, որ մարդիկ անօրինական բժշկական գործունեությամբ զբաղվեն, սակայն այլ հարց է՝ այդ օրենքը կատարվե՞լ է, թե ոչ»: Ավելին, այսօր ոչ ոք նույնիսկ չի կարող ստույգ ասել այն կազմակերպությունների թիվը, որոնք անօրինական բուժում են իրականացնում՝ վնաս հասցնելով եւ մարդկանց, եւ բնությանը։ Վերջինը՝ այն դեպքում, երբ առանց վերահսկողության եւ հաշվառման դեղաբույսեր են հավաքվում, անգամ Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցվածները: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել