Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑԵՔ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ՄՈՌԱՑԵՔ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Որովհետեւ «Հայաստանի օրենսդրությունն այսօր արտոնություն է գործարար միջավայր ձեւավորելու համար»,- գտնում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի օրենսդրության վերաբերյալ իր սույն գնահատականով երեկ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ներդրում անելը հերոսություն համարող եւ դրա համար երկրի նախագահից «հնարավոր ու անհնար արտոնություններ ակնկալող» գործարարներին վերնագրում նշվածն ակնարկեց: Այլ քննարկման թեմա է այդ օրենսդրության «ստեղծագործաբար» եւ ընտրովի կիրառման խնդիրը, ինչը նախատեսվում է անել սեպտեմբերի 22-24-ն ընթացող «Հայաստան-սփյուռք տնտեսական առաջին համաժողովի» ընթացքում: Մյուս բարդույթը, որից, ըստ Քոչարյանի, պետք է ձերբազատվենք, «չգիտակցված մեղքի զգացումն է, որ Հայաստանում փող են աշխատում»: Երկրի նախագահը հայտարարեց, որ «Հայաստանն, այո՛, փող աշխատելու տեղ է»: Այս մոտեցումն, իհարկե, նախընտրելի է, սակայն չենք կարող չնկատել, որ երեկ համաժողովի համարյա ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ տարբեր պաշտոնյաների ու գործարարների կողմից հնչեցվում էին «հայրենահաճո ձեռնարկներ», «ազգային իղձերի համար» եւ այլ զգայական արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում տնտեսագիտական կատեգորիաներ չեն եւ չեն տեղավորվում Ռոբերտ Քոչարյանի ասած տնտեսությունում, որտեղ որոշողը, նրա խոսքերով, «շուկան է, մրցակցությունը, տնտեսական ազատությունը, արդյունավետ կառավարումը եւ բյուրոկրատիայի միջամտության սահմանափակումը»: Ցավոք, տպավորություն էր, որ տնտեսության խնդիրների լուծման ուղիները պատկերացնելու առումով նախագահը մի քայլ առաջ է գործարարներից ու մյուս պաշտոնյաներից: Նախագահն էլ, վարչապետն էլ, հավաստիացրին, որ պատրաստ են «քննարկել ամեն ինչ (առաջ քաշված խնդիրները- Ա. Ու.), քննարկել անկեղծորեն եւ լուծել»: Սակայն համաժողովի առաջին օրը գործարարները խուսափեցին իրենց խնդիրների մասին բարձրաձայն խոսել: Նրանց խոսքերից դատելով, երկրում բիզնես ծավալելու համար առանձնապես խնդիրներ չկան, «Հայաստանի աշխատուժն է ամենաորակյալը, ամենաէժանը, ամենաբարեխիղճը», երկրի բիզնես-միջավայրն էլ այնպիսին է, որ հանգիստ կարող ես գործդ սկսել: Մնում է զարմանալ, թե ինչն է այդ գործարարներին խանգարում ավելի շատ ներդրումներ անել: Ամեն դեպքում, դեռ հույս կա, որ գործարարները եւ պոտենցիալ ներդրողները երկրի իշխանությունների առաջ կդնեն խնդիրներ, որոնց լուծումը ներդրումների հոսքը կմեծացնի, հարկային դաշտը տանելի կդարձնի: Որովհետեւ այսօր «Արմենիա» հյուրանոցի տարբեր սրահներում քննարկումներ են նախատեսված հարկային, մաքսային քաղաքականության, պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության, ոսկերչության, ակնագործության, ժամագործության եւ այլ թեմաներով: Երեկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացեց համաժողովի շրջանակներում կազմակերպված «Համահայկական Էքսպո172 2003» ցուցահանդեսը: Սակայն համաժողովի մասնակիցներն անուշ արեցին մի շարք «համով» տաղավարների նմուշները, մինչեւ վարչապետի շրջելը: Ցուցահանդեսի պաշտոնական բացումից մոտ մեկ ժամ առաջ ներկայացված ֆիրմաների արտադրանքներին ծանոթացել էր Ռոբերտ Քոչարյանը: Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված էր նաեւ մի քանի ֆիրմաների «Ջերմուկ», որով «անկախության ռոմանտիզմի տարիներին թվում էր, թե կարե լի է Հայաստան պահել: Այսօր պարզվում է, Ջերմուկ քաղաքը չենք կարող միայն «Ջերմուկով» պահել»,-մինչեւ ցուցահանդես այցելելը համաժողովում ելույթ ունենալով նկատել էր Ռոբերտ Քոչարյանը: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել