Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞վ չափել ռուսական բարեկամությունը

Սեպտեմբեր 23,2003 00:00

Ինչո՞վ չափել ռուսական բարեկամությունը Վստահաբար, ռուսական քաղաքագիտական մտքի պարբերական «փայլատակումները» երբեք թույլ չեն տա, որ գեթ կարճ ժամանակահատվածով կասկածի տակ առնվի «Ռուսաստանին խելքով չես հասկանա» հայտնի ասույթի արժանահավատությունը։ Դատեք ինքներդ. «Տրանս Եվրասիա» համալիր տրանսպորտային լուծումների կենտրոնի փորձագետ Սերգեյ Բորովիկովը համոզված է, որ Հայաստանի համար ռուսական բանակի առկայությունը անվտանգության յուրօրինակ երաշխիք է «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս պետությունների կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ հնարավոր ոտնձգություններից»։ -ին տված հարցազրույցում սույն հանճարեղ մտքի հեղինակը նշել է, թե ռուսների ներկայությունը հայերին անհրաժեշտ է նաեւ՝ հայկական բանակը սպառազինությամբ ապահովելու տեսակետից։ Հարց է ծագում. ո՞ւմ դեմ է սպառազինում հայկական բանակը պրն Բորովիկովը, ՆԱՏՕ-ի՞։ Կամ թե կա՞, արդյոք, ըստ վերոհիշյալ «խորագիտակ» ռուսի, ՆԱՏՕ-ի կողմից «ոտնձգվելու» լուրջ սպառնալիք։ Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին։ Միակ խելքին մոտ ենթադրությունն այն է, որ հոգատար դաշնակիցը մեզ զինում է Ադրբեջանի դեմ… Նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում Բորովիկովի գործընկեր, «Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի» ռազմավարական պլանավորման ծառայության ղեկավար Ալեքսանդր Սոբյանինը, թեեւ, նույնպես Հայաստանին ռազմական (բայց ոչ՝ ռազմավարական.- խմբ.) դաշնակից է համարում, մեզ քնքշորեն մեծարելով իբրեւ «Մեծ Կովկասում Ռուսաստանի ներկայությունն ապահովողի», բայց եւ չի մոռանում նշել, որ ՌԴ-ն ամենեւին էլ չպետք է հարաբերությունները փչացնի Բաքվի հետ։ Այլ պարագաներում սա, իհարկե, բնական կդիտվեր, սակայն ուշադրություն դարձնենք՝ այն Բաքվի, որի դեմ ռուս քաղաքագետները քիչ առաջ «զինում էին» հայկական բանակը։ Համենայնդեպս, արժանին հատուցենք Սովյանինին, որը, ի տարբերություն Բորովիկովի «զորիբալայանական» ռոմանտիզմով հագեցած արձանագրումների, փոքր-ինչ ավելի ազնիվ է Ռուսաստանի կովկասյան քաղաքականության ոչ այնքան ազնիվ ենթաշերտերը բացելու հարցում։ «Ռուսաստանի համար հույժ կարեւոր է ձեռքից բաց չթողնել Վրաստանին եւ Ադրբեջանին։ Մոսկվան պետք է ելք ունենա դեպի Ապշերոնյան թերակղզի, Լեռնային Ղարաբաղ եւ Նախիջեւան», հայաստանյան ռուսամետ կոմպլեմենտարիզմին ահա այսպես է պատասխանում քաղաքագետ Ալեքսանդր Սոբյանինը։ Նրա ինքնատիպ դատողություններից թերեւս արժե առանձնացնել հետեւյալը. Հայաստանի՝ որպես դաշնակցի հավատարմությունը չի չափվում դրամով, քանզի, օրինակ, «Երեւանը Հարավային Կովկասում ամերիկյան օգնության հիմնական ստացողն է. 10 տարվա ընթացքում ամերիկացիները Հայաստանին փոխանցել են 1,3 մլրդ դոլար, մինչդեռ Ադրբեջանը Վաշինգթոնից ստանում է չնչին գումարներ»։ Իսկապես, ո՛չ խելքով, ո՛չ էլ որեւէ այլ հնարքով հնարավոր չէ հասկանալ Ռուսաստանին, որի քաղաքագետը Հայաստանին փրկում է՝ նրան ամենից շատ օգնություն ցույց տվող ԱՄՆ-ի ճիրաններից, խոստովանում է, որ հայերը տարածաշրջանում ռուսների «միակն» են, ավելացնում է, որ չէր խանգարի Հայաստանում տեղակայված ռուսական բանակի միջոցով «միակը» դարձնել Ադրբեջանին ու Վրաստանին, եւ վերջապես, առանց ավելորդ սեթեւեթանքի նշում է, որ բարեկամությունը չի չափվում դրամով։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել