Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդները հեռանում են ԱՄ-ից

Սեպտեմբեր 23,2003 00:00

Երիտասարդները հեռանում են ԱՄ-ից «Ազգային միաբանության» երիտասարդական միության ղեկավար Էդգար Հակոբյանը, ըստ ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի՝ պաշտոնից հեռացվել է «կուսակցական կարգապահությունը խախտելու համար»: Իսկ ահա թե հեռացման դրդապատճառներն ինչպես ներկայացրեց ինքը՝ Էդգար Հակոբյանը. «Խնդիրը պետք է դիտարկել գաղափարական կողմնորոշման հարթության մեջ: Ես ստացել էի անհատական հրավեր՝ մասնակցելու Եվրախորհրդի հովանավորությամբ կազմակերպվող «Ժողովրդավարական առաջնորդություն» սեմինարին: Կուսակցությունում ինձ ոչ միայն չօգնեցին, այլ նաեւ հայտնեցին, որ իմ սեմինարների գնալու ժամանակը չէ, եւ երբ իրենք հարկ համարեն՝ այն ժամանակ էլ կուղարկեն: Սա այն դեպքում, երբ նման սեմինարների մասնակցում են Հայաստանի տարբեր կուսակցությունների երիտասարդ առաջնորդները: Սա վկայում է շատ բաների մասին: ԱՄ գործիչները խոսում են Եվրոպական կառույցներին ինտեգրվելու մասին, բայց՝ խոչընդոտում, որ իրենց երիտասարդական միության ղեկավարը մասնակցի այդ կառույցների կազմակերպած միջոցառումներին, առավել խորությամբ յուրացնի մարդու իրավունքների եւ ժողովրդավարության արժեքային համակարգը եւ փորձը փոխանցի մեր երիտասարդությանը: Հարց է առաջանում՝ արդյոք նրանք անկե՞ղծ են այս հարցում: Եվ ոչ միայն արգելում էին մասնակցել այդ սեմինարին, այլ նաեւ՝ դժգոհում երիտասարդական միության կատարած աշխատանքից: Այն դեպքում՝ երբ իմ ղեկավարած միությունը նախաձեռնել եւ կազմակերպել էր 1500 հոգիանոց իր 1-ին համագումարը: Իսկ ընտրության ընթացքում տվել վստահված անձինք, ձեւավորել շրջիկ խումբ, որը մասնակցելով քարոզարշավին՝ ապահովում էր տեխնիկական աջակցություն եւ օգնում զանգվածային միջոցառումների կազմակերպմանը: Մեր ձեւավորած թիմը կռիվներ էր տալիս ԱԼՄ-ով եւ պաշտպանում կուսակցությանն ու Արտաշես Գեղամյանին: ԱՄ ղեկավարներն էին մեզ հետ զրույցներում նշում, որ այլ կուսակցությունների առաջնորդներ գովեստի խոսքեր էին ասում մեր միության հասցեին: Եվ նման գնահատակա՞ն այժմ, երբ մի քանի ամիս առաջ գոհ էին: Անհասկանալի է»: Էդգար Հակոբյանը նաեւ նշեց, որ երիտասարդական միությունում իր գործընկերները՝ «տեսնելով կուսակցության վերաբերմունքն իմ նկատմամբ, եւ ենթադրելով, որ խնդիրների առաջացման պարագայում իրենց նկատմամբ էլ նույնը կլինի վերաբերմունքը՝ իրենց համերաշխությունը հայտնեցին ինձ: Եվ մեր թիմով փաստացի այլեւս կուսակցական չենք»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել