Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏՐՈՀԵԼ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ՀՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏՐՈՀԵԼ Ասում է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: – Պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, դուք եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ստեղծելու եք նոր քաղաքական ուժ, որն իր վրա է վերցնելու վարչապետափոխության առաքելությունը: Եվ քանի որ այդ «սցենարում» բավականին լուրջ դերակատարում է վերապահված նաեւ ձեզ, հետաքրքիր է ձեր դիրքորոշումը: – Հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում ընդունված է լուրերի եւ ասեկոսեների վրա մի ամբողջ տեսություն կառուցել, որը իրականում զուրկ է որեւէ հիմքից: Վերջին ժամանակներս մամուլում շրջանառվող լուրերը՝ «Հանրապետականի» տրոհման, ինչ-որ նոր պատգամավորական խմբի ստեղծման, վարչապետի, իբր, ինչ-ինչ հակասությունների մասին՝ պաշտպանության նախարարի, կապի-տրանսպորտի նախարարի ու իմ միջեւ, պարզապես անլուրջ են, եւ դրանք հերքել են թե՛ վարչապետը, թե՛ Անդրանիկ Մանուկյանը: Ես հասկանում եմ, որ որոշ ուժերի եւ անհատների իսկապես ձեռնտու չէ, որ մենք, բացի աշխատանքային նորմալ հարաբերություններից, ունենք նաեւ սերտ ընկերական հարաբերություններ: Սակայն դա փաստ է, ինչքան էլ որ նշյալ փաստը չի տեղավորվում որոշ ուժերի քաղաքական ծրագրերի ու նպատակների մեջ: Ընդհանրապես, կարծես թե վերջին ժամանակներս խիստ արդիական է դառնում հույն փիլիսոփայի հայտնի միտքը, որ բանսարկություններով զբաղվող մարդն այլեւս այլ բանով զբաղվել չի կարող, քանզի մնացած ամեն ինչը նրան թվում է տաղտկալի: – Այսինքն, ըստ ձեզ, դա ինչ-որ ուժերի հեռահար ծրագի՞ր է: – Անկեղծ ասած, ինձ քիչ են հետաքրքրում ձեր նշած ուժերի հեռահար նպատակներն ու ծրագրերը, քանզի այդ ծրագրերը, ես ձեզ վստահեցնում եմ, դատապարտված են ի սկզբանե: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը, կամ ինչ172որ ուժեր որոշել են իրենց ապագան կառուցել անհեթեթ վարկածների վրա, ապա դա բավականին պրիմիտիվ եւ անհեռանկար նախաձեռնություն է: – Սակայն, դարձյալ ըստ որոշ տեղեկությունների, վերջին ժամանակներս ինտենսիվ ֆինանսավորում է ստանում Անդրանիկ Մանուկյանի գլխավորած «Համերաշխություն» կուսակցությունը, որին էլ հենց համարում են ՀՀԿ-ի տակ դրվելիք ականը: – Եթե Անդրանիկ Մանուկյանը որոշել է լուրջ քաղաքական գործոն դարձնել իր կուսակցությունը, դրանից բնավ չի հետեւում, որ «Համերաշխության» հզորացումն ուղղված է Հանրապետականի դեմ: Ես ուղղակի զարմանում եմ, որ կան 100-ից ավելի կուսակցություններ, որոնց մասին չեն խոսում, եւ, չգիտես ինչու, կենտրոնացել են հատկապես կապի եւ տրանսպորտի նախարարի հիմնադրած կուսակցության վրա: Անդրանիկ Մանուկյանը եղել է ՀՀԿ-ի եւ վարչապետի կողքին, ու ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել իր նվիրվածությունը մեր ընդհանուր գործին: Իսկ եթե նման ծրագիր լիներ, ապա դա շատ ավելի հեշտ, ինչպես նաեւ տրամաբանական կլիներ իրագործել մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ ոչ թե հիմա, երբ ձեւավորվել է կառավարություն եւ մարդիկ, ում անհարկի մեղադրանքներ են ներկայացվում՝ մաս են կազմում այդ կառավարության եւ միասնական ծրագիր են իրականացնում: Իսկ ընդհանրապես, ես հասկանում եմ, որ պարապությունը պարարտ հող է ստեղծում տարբեր կարգի քաղաքական խարդավանքների համար: Սակայն, խորհուրդ կտայի այդ կարգի մարդկանց՝ եթե ավելորդ էներգիա եւ էնտուզիազմ ունեն, դա ուղղեն ոչ թե անպտուղ խարդավանքներ հրահրելուն եւ անհիմն լուրեր շրջանառության մեջ դնելուն, այլ, եթե ի վիճակի են, գոնե մեկ դրական գործ անեն ի բարօրություն երկրի եւ ժողովրդի: Էլի եմ կրկնում, բավականին պարզունակ տրամաբանություն է՝ փորձել միմյանց դեմ հանել այնպիսի գործիչների, որոնք ունեն ուժ, քաղաքական ազդեցություն, լուրջ լծակներ, որոնք իրենց անցած ճանապարհով են ապացուցել, որ իրենց խոսքը երբեք չի հակասել գործին։ Դա արվում է պղտոր ջրում ձուկ որսալու համար: Պիտի ասեմ, որ սխալ նշանակետ են ընտրել. մեր պարագայում նրանց չի հաջողվի անգամ ջուրը պղտորել, ուր մնաց թե՝ մտածեն ձուկ որսալու մասին: – Պարոն Աբրահամյան, դառնանք կոալիցիային: Օրերս ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ կոալիցիայի ներսում կա անվստահության եւ փոխադարձ կասկածամտության մթնոլորտ: Դուք, որպես համակարգող նախարար, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի գործունեությունը: – Ըստ իս, քաղաքական իրավիճակը կայունացնելու առումով կոալիցիոն կառավարության ձեւավորումը ճիշտ որոշում էր: Ի պաշտոնե լինելով համակարգող նախարար, ես փոխադարձ անվստահություն եւ կասկածամտություն չեմ նկատել եւ, ի դեպ, բավականաչափ գոհ եմ նախարարների աշխատանքից: Իսկ ընդհանրապես, ես չեմ բացառում, որ կոալիցիայի ներսում կլինեն թե՛ տարբեր խնդիրներ, թե՛ տարաձայնություններ, որոնք միանշանակ հաղթահարելի են: Ի վերջո, կառավարությունն ունի միասնական ծրագիր, որի հիմքում ընկած է երկրի նախագահի նախընտրական ծրագիրը եւ բոլոր նախարարները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, պարտավոր են գործել այդ ծրագրի շրջանակներում՝ այդ ծրագրին հավատարիմ: – Սակայն կարծես թե կոալիցիային հերթական փորձությունն է սպասվում՝ ի դեմս փոխնախարարների նշանակման: Կոալիցիայի ձեր գործընկեր ՀՅԴ-ն պահանջում է քաղաքականացնել նաեւ հայեցողական պաշտոնները: – Այդ հարցը քննարկվում է, եւ իմ դիրքորոշումն այն է, որ կուսակցականությունը երբեւէ չպետք է վեր դասել պաշտոնյայի մասնագիտական պատրաստվածությունից: Մենք թույլ չենք տա, որ նախարարությունները կամ գերատեսչությունները վերածվեն կուսակցությունների մասնաճյուղերի: Սեփական կուսակցության հոգսերով պաշտոնյան կարող է զբաղվել իր աշխատանքից դուրս: Գործադիրում մեզ պրոֆեսիոնալներ են անհրաժեշտ: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել