Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

Սեպտեմբեր 23,2003 00:00

ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Հավանաբար, այդ համոզմանն են գալիս ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները 1998թ. իշխանափոխության եւ «պարտվողական» քաղաքականություն վարող Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու անհրաժեշտությունը բացատրվում էր ԼՂ հակամարտությունը հայանպաստ լուծելու հանգամանքով: Այսօր, սակայն Ստեփանակերտում եւ Երեւանում տրամադրությունները կարծես թե փոխվել են. «Ըստ երեւույթին, հասունացել է այն պահը, երբ բոլորը գիտակցել են, որ անտրամաբանական է լուծել ղարաբաղցիների հարցն առանց ղարաբաղցիների, եւ, որ Ռ.Քոչարյանը, լինելով ՀՀ նախագահ, ավելի քիչ հնարավորություններ ունի պաշտպանել ղարաբաղցիների շահերը, քան Ղարաբաղի ներկայացուցիչը»: Սա մեջբերում է Ստեփանակերտում լույս տեսնող «Ազատ Արցախ» թերթում վերջերս եղած մի հրապարակումից: Այդ առնչությամբ հարկ է մեջբերել դեռ 1998թ. նախագահական արտահերթ ընտրությունների փուլում, մարտի 12-ին «նախկիններից» մեկի՝ Դավիթ Շահնազարյանի, հիշյալ զգուշացումը. «Բաքուն ու Անկարան առավել ուրախ կլինեն, եթե ՀՀ նախագահ դառնա Ռոբերտ Քոչարյանը, քանի որ այդ դեպքում ԼՂՀ-ի մասնակցությունը որեւէ բանակցությունների զրոյի կհավասարվի»: Այսօր, 5 տարի անց, դաշնակցական գործիչների՝ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայտնած տեսակետները, որոնք, նրանց կարծիքով, նորամուծություններ են, սակայն բավականին համահունչ են «նախկինների» «պարտվողական» հայտարարություններին: Այսպես, ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում առաջարկում է՝ «ոչ միայն ընդգրկել Ղարաբաղը բանակցային գործընթացում, այլեւ փոփոխել Հայաստանի կարգավիճակը այդ գործընթացում: Երեւանը, նրա կարծիքով, պետք է միայն որպես Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավոր հանդես գա»: Դատելով «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցից, Ա.Ռուստամյանն այս մոտեցումը համարում է բանակցային պրոցեսում անհրաժեշտ «թարմ գիծ, նոր մոտեցում»՝ բացատրելով դրա դրական կողմերը՝ շեշտելով, թե այդ քայլը կհակակշռի ադրբեջանական կողմի այն թեզիսը, թե «հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է» եւ միաժամանակ կցրի «միջազգային հանրությանը պարտադրվող այն եզրակացությունը, թե Հայաստանն ագրեսոր է»: «Ներկայիս իշխանությունները ԼՂՀ հիմնահարցը դարձնելով Հայ Դատի բաղկացուցիչ մաս, ԼՂ ինքնորոշման խնդիրը տրանսֆորմացրել են Հայաստան- Ադրբեջան տարածքային վեճի: Դա հղի է անշրջելի հետեւանքներով. նախ՝ ՀՀ-ն կարող է միջազգային հանրության կողմից մեղադրվել ագրեսիայի մեջ, ինչը նախաձեռնելու հնարավորություն են ստացել Ադրբեջանն ու Թուրքիան, երկրորդ՝ էապես մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը»,- այս մասին դեռ 2001-ի հունվարին «Առավոտին» տված հարցազրույցում ասում էր Դ.Շահնազարյանը: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության բանակցային պրոցեսում լիիրավ անդամ էր դեռ 1995-ին եւ հենց այդ տարվա փետրվարին անցկացված քաղաքական համաձայնագրի շուրջ եռակողմ բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցում էին Ադրբեջանը, ԼՂ-ն եւ Հայաստանը, Բաքուն էր փորձել հրաժարվել՝ ԼՂ-ն ճանաչել որպես հակամարտության կարգավորման լիիրավ կողմ: Սակայն ԵԱՀԿ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն Պրահայում վերահաստատել էր ԵԱՀԿ նախորդ որոշումները՝ արձանագրելով, որ ԼՂ-ն որպես հակամարտող կողմ բանակցությունների բոլոր փուլերի լիարժեք մասնակից է: 98-ի իշխանափոխությունից հետո, ըստ Դ. Շահնազարյանի, իրավիճակը փոխվեց. «98-2001թթ.-ին տեղի ունեցած մոտ երկու տասնյակ անպտուղ հանդիպումների արդյունքում Քոչարյանն ու Ալիեւը հետեւողականորեն ԼՂ-ն դուրս մղեցին իր իսկ կարգավիճակի շուրջ բանակցություններից, նրան որպես կարգավորման գործընթացի կողմ եւ հակամարտության սուբյեկտից վերածեցին հակամարտության օբյեկտի՝ նենգափոխելով նաեւ ԼՂ հիմնախնդիրը՝ ինքնորոշման հարցից դարձնելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի»,- ասում էր պրն Շահնազարյանը նույն հարցազրույցում:- Միջնորդները վերջնագրային կերպով պահանջում են անվերապահորեն վերադարձնել գրավված տարածքները, ԼՂ-ն այլեւս վիճելի տարածք է, իսկ ԱՄՆ պետդեպի տեղեկանքում, որը հրապարակվել է մինչ նախագահների Քի Վեսթում կայացած հանդիպումը, Հայաստանը անվանվել է ագրեսոր պետություն, ղարաբաղյան զինված ուժերը՝ անջատողական»: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը վերջերս եկել է այն համոզման, թե «հակամարտության կողմ կարող են ճանաչվել միայն Ադրբեջանն ու Ղարաբաղը, իսկ Հայաստանը՝ որպես ներգրավված կողմ եւ Ղարաբաղի անվտանգության երաշխավոր», ինչը 98-ին ներկա վարչախմբի կողմից որակվել էր իբրեւ՝ «Ղարաբաղին Ադրբեջանի դեմ մեն-մենակ թողնելու» եւ «ձեռքերը լվանալու» քաղաքականություն: Իսկ թե որ մոտեցումն էր ճիշտ, կերեւա մոտակա ամիսներին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել