Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳ-Ն ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

Սեպտեմբեր 20,2003 00:00

ԿԳ-Ն ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Վերջին շրջանում հատկապես հրատապ է դպրոցների օպտիմալացման խնդիրը, ինչին նախարարն անդրադարձավ՝ խոստովանելով, որ այս գործընթացում նախարարությունը մի տեսակ խաղից դուրս վիճակում է հայտնվել: Եվ իրականացնողները հիմնականում մարզերն են ու կոնկրետ դպրոցները, ինչի պարագայում էլ նախարարը շտապեց պատասխանատվությունը գցել նախ նրանց վրա: «Իհարկե, մենք մեզ հետ չենք պահում դրանից, եւ հիմա ուսումնասիրություններ ենք կատարում՝ ճիշտ ուղղությա՞մբ են արդյոք տարվել կրճատման աշխատանքները: Որպես նախարար, ուղղություններ եմ փնտրում, որ նախարարությունը ուղիղ ուղի ունենա դեպի դպրոց՝ ինչպես տեղեկատվություն ստանալու, այնպես էլ վերահսկողության առումով: Մենք այսօր ուղիղ կապ դպրոցների հետ չունենք, անգամ տեղեկատվություն ստանալու հետ կապված»: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի օպտիմալացման արդյունքում կրճատվող ուսուցիչների հարցը լուծել քաղաքակիրթ ձեւով, ասենք՝ ատեստացիայի միջոցով, նախարարը պատասխանեց. «2002-ի դեկտեմբերին կառավարության որոշմամբ սահմանվել են խաղի կանոնները, եւ գործընթացն սկսված էր այդ որոշումից հետո: Ուրիշ բան է, որ հիմնական մասը կատարվել է այս ամառվա ամիսներին, դպրոցական արձակուրդի ժամանակ, որպեսզի դասերի բնականոն ընթացքը չխաթարվեր»: Սակայն աշխատանքային օրենսգրքի կանոններն էլ «չխաթարելու» համար գոնե պետք էր ուսումնական տարվա ավարտին ուսուցչին տեղեկացնել իր՝ աշխատանքից ազատման մասին, եւ ոչ՝ սեպտեմբերին փաստի առաջ կանգնեցնել: Սա էլ հո 2002-ի որոշման պայմանների՞ց չէր: Համաշխարհային բանկի տրամադրած վարկի 2,5 միլիոնը նոր նախարարը որոշել է օգտագործել կրճատված մանկավարժների վերամասնագիտացման համար՝ չնայած պարզ չէ, թե որտեղ են այդ «վերամասնագիտացած» ուսուցիչները աշխատելու: Պրն Երիցյանը համաձայն չէ ԿԳ նախորդ նախարարի՝ ՀԲ խմբի հետ քննարկումների արդյունքում ձեռք բերած կարծիքին՝ կրճատված ուսուցիչներին այդ 2,5 միլիոնից հատկացնել միանվագ գումար՝ լուծելով գոնե նրանց սոցիալական պաշտպանվածության խնդիրը: Սերգո Երիցյանը վստահեցրեց, որ օպտիմալացված դպրոցների շենքերը ոչ մի ուրիշ նպատակներով չեն օգտագործվի, այլ միայն՝ կրթական: Նույնիսկ Սեւանի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, որ, ըստ որոշ լուրերի, Արթուր Բաղդասարյանի հովանավորությամբ պետք է վերածվեր կազինոյի: «Դա կվերածվի կամ քոլեջի, կամ վարժարանի»,- վստահաբար ասաց նախարարը: Իսկ Հին Նորքի թիվ 26 դպրոցի հարցը կլուծվի՝ աշակերտներին տեղափոխելով «Օլիմպոս» կրթահամալիր, որի կեսը գիշերօթիկ, կեսը հանրակրթական դպրոց է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել