Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-4

Սեպտեմբեր 20,2003 00:00

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-4 Ամփոփում՝ երկրորդ ընթերցմամբ Հոդվածաշարի նախորդ հատվածներում մի քանի էական շեշտադրումներ արվեցին, որոնք կարելի է ամփոփել մի քանի կետերով. ա) կարելի է լինել արեւմտամետ, ամենեւին չլինելով ժողովրդավար։ Արեւմտամետությունը մեր իշխանությունները ընկալում են որպես արժեհամակարգային վիրուս, որի շարունակական լինելու դեպքում կարող է վերածվել մշակութային շիզոֆրենիայի, բ) դեմոկրատական պարադոքս. ժողովրդավարության մուտքը նորանկախ երկրներում ակտիվացրեց ազգայնական ուժերին եւ առաջին դեմոկրատները կարճատեւ դիմադրությունից հետո հանձնեցին իշխանությունը, գ) արդյո՞ք անհամատեղելի են ազգայնությունն ու դեմոկրատիան։ Բնավ, պարզապես գործում է «իշխանություն հանուն իշխանության» սկզբունքը, որը ամենեւին կապ չունի ոչ ազգի, ոչ ժողովրդավարության, ոչ էլ որեւէ այլ գաղափարախոսական այլընտրանքի հետ, դ) զանգվածային ժողովրդավարությունը ենթադրում է զանգվածների գոյություն, որը հայաստանյան պայմաններում բավարար չէ։ Անկախության տասներկու տարիներին հանուն ժողովրդավարության ոչ մի մեծածավալ շարժում չի եղել, ե) ժողովրդավարության բացակայության պայմաններում քաղաքական եւ տնտեսական համակարգերի անհամարժեքությունը ցանկացած պահի կարող է հանգեցնել նրան, որ այդ համակարգերը սկսեն խժռել իրար, զ) երբ երկրի մշակութային եւ աշխարհագրական սահմանները չեն համընկնում, աղետն անխուսափելի է։ Հօգուտ առաջին կետի բազմաթիվ փաստարկներ բերվեցին, բայց, կարծում եմ, դրանցով բանաձեւի վիճելիությունը չփարատվեց։ Բանն այն է, որ Արեւմուտքը կարող է պատրանքներ փայփայել, թե ունակ է ժողովրդավարական դարձնել երկրներ, որոնք նոր-նոր են դուրս եկել տոտալիտար համակարգի ճիրաններից, փոխադարձաբար՝ մենք կարող ենք սնել պատրանքներ, որ մենք էլ ենք այդպես ցանկանում։ Այլ խոսքերով՝ արեւմտամետ լինելը համարժեք սարքենք ժողովրդավար լինելուն, մինչդեռ թե առաջինը, թե երկրորդը սոսկ փոխաբերական նշանակություն ունեն։ Այլ հանգամանք էլ կա. արեւմտացման ուղի բռնած երկրները ոչ թե բացահայտ ընդվզում են իրենց արեւմտացման դեմ (այն դիտելով որպես մշակութային էքսպանսիա), այլ որ Արեւմուտքը բավականաչափ միջոցներ չի տրամադրում, որպեսզի շուտափույթ արեւմտացվեն։ Սրանից հետեւում է, որ արեւմտացումը մենք ընկալում ենք որպես բարեկեցության գրավական, հետեւաբար, տեխնոլոգիական արդիականացում, ինչը բնավ չի պարտադրում նաեւ ժողովրդավարացում։ Մյուս կողմից, մեզ արեւմտականացնելու Արեւմուտքի պատրանքը ամենեւին էլ միամտությունից չէ, որ գալիս է եւ ոչ էլ մեր լավագույնս քողարկած խորամանկությունից, որն, իբր, Արեւմուտքը չի նկատում։ Երբ Ազգային ժողովը քվեարկողների կասկածելի միաձայնությամբ վավերացրեց բազմիցս հետաձգված մահապատժի վերացման 6-րդ արձանագրության պահանջը, դեռ չի նշանակում, որ մեր արարքը Արեւմուտքը գնահատեց որպես ինքնաբուխ քայլ եւ ոչ թե այլընտրանքի բացակայություն։ Պարտավորությունների փաթեթում նման չնչին մանրամասների վավերացումը գրոշի արժեք չունի այն բանի համեմատ, որ տրվեց մեր ընտրություններին։ Պարզապես Արեւմուտքը վստահ է, որ առանձին պահանջների ստանձնման հանձնառությունը երկրին ինքնըստինքյան կհասցնի վիճակի, որից հետո մնացյալը ինքն իրեն կլինի, որովհետեւ ունի դեռեւս անտիկ ժամանակներից եկած համոզմունքը, թե պատմության անիվը անշրջելի է։ Սա եւս կարելի էր լավատեսական պատրանքի նմուշ համարել, եթե անտեսելու լինենք արեւմտյան մի այլ սկզբունք. սեփական քաղաքակրթության անցած ճանապարհի փորձով նա վաղուց հասկացել է, որ ոչ մի մշակույթ չի կարող ինքնամփոփվել, ուստի անհրաժեշտություն է ծագում ընդունելու մեկնումեկի գերիշխանությունը, իսկ այդ մեկը հենց ինքն է։ Սակայն այլ բան է, երբ ժողովրդավարությունն ընկալվում է որպես սեփական մշակույթի դեմ ուղղված քայլ, ինչպես կարող է եւ ընկալվում է այլադավան աշխարհի կողմից, միանգամայն այլ, երբ այն սպառնալիք է դիտվում իշխանությունների համար, որոնք պետք է որ դավանեն սեփական երկրի մշակութային արժեքները։ Ընտրություններից հետո ազգային մենթալիտետից խոսողներին բնավ չէր մտահոգում մեր մշակույթը, կամ դրանով չէին ուզում պաշտպանել այն ինչ-որ վտանգից, այլ սպառնալիք կար, որ ժողովրդավարական ընտրություններով երբեք չէին կարող վերստին պահպանել իրենց իշխանությունը։ Հասկանալի է նաեւ, նրանց համար մեր մշակույթը՝ եղած-չեղած։ Բերենք այլ օրինակ. ոչ ոք չի կարծում (այդ թվում նաեւ «Արդարություն» դաշինքը), որ մահապատժի վերացման պահանջը ջարդում է մեր մշակույթի ազգային ողնաշարը կամ ժողովրդավարության մյուս նորմերի ընդունումը հակասում է մեր մշակույթի բնույթին։ Նորից ուզում եմ անդրադառնալ քրիստոնեությանը, որի առաջ բերած արժեհամակարգը մշակույթների պատմության մեջ ամենաբաց համակարգն է, եւ սա, թերեւս, նրա ամենակարեւոր առանձնահատկությունն է։ Եվ եթե այդ «բացությանը» խոչընդոտող հանգամանք կա, այն պետք է որոնել ոչ թե մշակույթում, այլ ուրիշ տեղ. ակնհայտ է, որ ժողովրդավարությունը առաջին հերթին սպառնալիք է իշխանավարելու այն կերպին, որ մենք ունենք։ Իրոք, եթե ժողովրդավարությունը չսպառնար այս իշխանությունների գոյությանը, այն վաղուց ընդունված կլիներ՝ առանց համլետյան տարակույսների։ Այլապես, եթե ազգային մենթալիտետը այդպես անվերապահ մերժում էր ժողովրդավարությունը, ինչո՞վ բացատրել նյութական ու ֆինանսական միջոցների այն վիթխարի մսխումը, որը եւ ապահովեց վերընտրությունը, ինչո՞ւ վճարել նրան, ով կամովին ընտրում է, չէ՞ որ վճարում են նրան, ով չի պատրաստվում քեզ ընտրել։ Ուրեմն խնդիրն այն չէ, որ ազգի մասին խոսելիս սուրբ ճշմարտություններ ենք բարբառում, այլ որ մեր ողջ քաղաքականությունը պտտվում է իշխանություն ունենալու նպատակի շուրջ։ Իսկ նման պարագայում, երբ կա մեկ գաղափարախոսություն՝ իշխանություն ունենալը, հնարավոր է ազգի անունից արդարացնել ցանկացած ռեժիմ։ Դեռ բախտ է, որ մեր իշխանական ինտելեկտուալ պաշարը չի բավարարում հնարելու մի բան, որ առհասարակ չընդուներ ժողովրդավարությունը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել