Որ խնդիրները չբարդանան Նոյեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն, անշուշտ, մի քանի օբյեկտիվ պատճառներով խիստ որոշակիորեն առնչվելու են նաեւ Հայաստանի եւ հայության խնդիրներին: Այս իմաստով պատահական չեն հայաստանյան ԶԼՄ-ներում հայտնվող այն տեղեկությունները, ըստ որոնց, «Սամցխե Ջավախքում եւ Քվեմո Քարթլիում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ կոչ է արել հանդես գալ միասնական ճակատով»։ Սա մեզ ծանոթ գործելակերպ է, եթե նկատի ունենանք, որ, մասնավորապես, ԱՄՆ-ում էլ հայ համայնքը նահանգապետեր եւ երկրի նախագահ է ընտրում ելնելով թեկնածուի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման նկատմամբ ունեցած դիրքորոշումից: Բայց Վրաստանի դեպքում, որի հետ մեր հարաբերությունները այնքան էլ փայլուն չեն, այդ նախաձեռնությունը կարող է միանգամայն տարբեր երանգավորումներ ստանալ: Այս իմաստով, հավանաբար, նշանակություն կունենա, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում որոշակի դերակատարում ունեցող վրացահայերը կպաշտպանեն ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ քաղաքական ուժերի կամ գործիչների: Հաշվի առնելով, որ ջավախքահայերը հայտնի են ավելի շատ իրենց ռուսամետ կողմնորոշմամբ, նրանց այս նախաձեռնությունը կարող է լրացուցիչ լարում մտցնել վրաց իշխանությունների եւ վրացահայերի հարաբերությունների մեջ: Կարեւոր է նաեւ, որ այս նախաձեռնությունը չվերաճի եւ չընկալվի որպես՝ Վրաստանում աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդրի, ինչը կարող է հայ համայնքը իշխանությունների աչքում դարձնել իբրեւ 5-րդ զորասյուն: Իսկ այս վերջինը, ի դեպ, եւ հայաստանյան, եւ Ջավախքի մի քանի արկածախնդիրների ջանքերով, ցավոք, սկսում է իրականություն դառնալ: Թերեւս, նաեւ սրա արդյունքն է այն, որ նախընտրական ակտիվությանը զուգընթաց Վրաստանում նաեւ՝ ակտիվորեն ընթանում են Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման շինարարական աշխատանքները: Այդ նավթամուղի մի հատվածն անցնելու է Ծալկայի շրջանի տարածքով, որտեղ մեծ թվով հայ ազգաբնակչություն կա: Ըստ հավաստի տեղեկությունների, այստեղ առավել քան ակնառու է վերջիններիս նկատմամբ, որպես՝ անվստահելի տարրի, վրաց իշխանությունների վերաբերմունքը: Բանն այն է, որ, ըստ այդ տեղեկությունների, իշխանությունները հատկապես հայերին բավականին պատկառելի գումար եւ գայթակղիչ առաջարկներ են անում այդ տարածքում իրենց տունն ու հողակտորները վաճառելու համար, ինչից, բնականաբար, սոցիալապես վատ վիճակում հայտնված մեր հայրենակիցները, դժվար թե հրաժարվեն: Առաջիկա ընտրությունների կապակցությամբ, թերեւս, պետք է նկատի առնել այն, ինչ վերջերս «Առավոտին» ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը՝ հայերի բարձրացրած ամենաանմեղ հարցադրումներն անգամ այստեղ շատ ցավագին են ընկալվում: «Նույնիսկ այն հարցադրումները, որոնք լոկալ բնույթ են կրում եւ առնչվում են սոցիալ-տնտեսական, կենցաղային եւ մշակութային հիմնախնդիրներին, եւ, որոնք բարձրացնում են վրացիները՝ հատկապես վրացական ԶԼՄ-ները նորմալ են ընկալում, բայց, երբ նույնն անում են հայերը՝ դրանք, ցավոք, որակվում են որպես՝ անջատողականություն»,- ասաց Ստ.Մարգարյանը: Նաեւ այս իրականությունը նկատի ունենալով է, որ վրացահայությունը պետք է ձգտի չխորացնել իր նկատմամբ առկա անվստահության տարրերը եւ առաջիկա ընտրությունների համատեքստում պետք է շահագրգիռ լինի ոչ թե Վրաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիր լուծողի դերակատարմամբ, ինչը նրանց համար վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, այլ՝ հզոր ու կայուն Վրաստան ստեղծելու հարցում: Միայն այդ դեպքում է, որ որպես Վրաստանի քաղաքացիներ, կարող են լուծվել նաեւ վրացահայերի սոցիալական հիմնախնդիրները: Իսկ դրանք Սամցխե-Ջավախքում շատ են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ