Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Սեպտեմբեր 20,2003 00:00

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Ղարաբաղի իշխանությունները ներդրումների համար նպաստավոր պայմաններ են ստեղծել «Մեր՝ ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների խնդիրը պետք է լինի շահագրգռել արտասահմանյան ներդրողներին»,- Ղարաբաղի անկախության 12-ամյակի տոնակատարություններին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա բարձր գնահատական է տվել ԼՂՀ տնտեսության վիճակին եւ զարգացման տեմպերին: 2002-ին Ղարաբաղում աննախադեպ ներդրումային ծրագիր է սկսել մոսկվաբնակ գործարար Վալերի Մեջլումյանը: Ալավերդու ACP լեռնամետալուրգիական գործարանի սեփականատերը, հիմնադրելով «Բեյս Մեթալս» ընկերությունը, մեկ տարվա ընթացքում ներդրել է 4,5 մլն դոլար եւ վերագործարկել Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի պղնձի-ոսկու հանքավայրը: Դրմբոնի հանքավայրի տարածքում կարելի է տեսնել աշխատող հարյուրավոր բանվորների, տասնյակ մեքենաներ, վերամբարձ կռունկներ: Նման կառույց Հայաստանում չես գտնի, եւ նման ներդրումային ծրագիր առայսօր Հայաստանում ոչ մեկը չի իրականացրել: «2002 թվականի հուլիսից Դրմբոնում սկսեցինք աշխատանքները,- պատմում է ձեռնարկության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը,- այսօրվա դրությամբ արդեն ունենք ստորգետնյա աշխատող հանք, որի օրական հանույթը հիմա՝ փորձնական շրջանում, կազմում է մոտավորապես 200 տոննա, եւ նախատեսված է այդ ծավալները հասցնել 600-800 տոննայի: Այսօր դուք արդեն տեսնում եք կառուցվող հարստացուցիչ ֆաբրիկայի համալիրը, որը ենթադրում է տարեկան մինչեւ 150 հազար տոննա հանքաքարի արտադրողականություն: Այն հնարավորություն կտա կարճ ժամանակամիջոցում, եթե ապահովվի հանքաքարի անհրաժեշտ քանակ, արտադրողականությունը հասցնել մինչեւ 250 հազար տոննայի»: Դրմբոնի հանքավայրում այսօր աշխատում է 600 մարդ: Նրանք շրջակա գյուղերի բնակիչներ են, մոտավորապես 40 տոկոսը Հայաստանից հրավիրված մասնագետներ են: Հրավիրված մասնագետները կազմում են հիմնականում ինժեներատեխնիկական անձնակազմը: Միջին աշխատավարձն այսօր կազմում է 100-110 հազար դրամ, ի հաշիվ նրա, որ հիմնական շեշտը դրված է լեռնային աշխատանքների առաջնայնության վրա, իսկ լեռնային աշխատանքներում, ինչպես գիտեք, վարձատրության չափը բավական բարձր է»,- գործարանի տարածքի կառույցները ներկայացնելով՝ շարունակում է Ա. Մկրտումյանը: Ընկերության ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն դոլար է: Այդ ծրագրով այստեղ նախատեսված է կառուցել նաեւ հանգստի գոտի: Սարսանգի ջրամբարի ծովախորշերից մեկում կառուցվելու է քոթեջային համալիր եւ ջրաշխարհ: Այն, ըստ գործադիր տնօրենի, նախատեսված է ոչ միայն հանքավայրում Հայաստանից աշխատելու հրավիրված մասնագետների, այլ նաեւ զբոսաշրջիկների համար: Դրմբոնի հանքավայրը գտնվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին: «Ճանապարհը միակ նախապայմանն է, որպեսզի գործարանն իր ապրանքային արտադրանքը կարողանա հեշտությամբ արտահանել Ղարաբաղից, եւ պետք է ասեմ, որ նման համալիր, նման ժամանակամիջոցում, իսկ դա ընդամենը մեկ տարի է, կառուցել հնարավոր էր միայն՝ ունենալով նման ճանապարհ: Այն, ցավոք, այսօր դեռ ավարտված չէ, բայց մենք հույս ունենք, որ ճանապարհն, ի վերջո, առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կկառուցվի եւ մեր աշխատանքները դրանով ավելի դյուրին կդառնան»,- պատմում է պրն Մկրտումյանը: Դրմբոնում արդեն արտադրվել է 15 հազար տոննա հանքաքար, որից 10 հազարը վաճառվել է ACP ընկերությանը: Ի տարբերություն Ալավերդու հանքաքարի, որը միայն պղինձ է պարունակում, Դրմբոնի հանքաքարի մեջ կա ոսկու բարձր պարունակություն: Հանքավայրի՝ ներկայումս հայտնի պաշարներով համալիրի շահագործումը կտեւի 8-10 տարի: Սակայն ձեռնարկության սեփականատերը մտածում է ԼՂՀ տարածքում այլ հանքավայրեր շահագործելու մասին: «Ընկերության կազմում կա երկրաբանական ծառայություն, որը ծավալել է երկրաբանահետախուզական աշխատանքներ: Այնտեղ նույնպես հավաքված են Հայաստանի լավագույն մասնագետները: Նպատակ ունենք Լեռնային Ղարաբաղի տարածքում ուսումնասիրել, հայտնաբերել եւ շահագործել եւս մի քանի հանքավայրեր»,- ասում է գործադիր տնօրենը: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել