Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անկախությունը չի կորցրել իր խորհուրդը»

Սեպտեմբեր 20,2003 00:00

«Անկախությունը չի կորցրել իր խորհուրդը» Վստահ է Արա Սահակյանը «Ամենաարտոնյալ վիճակում գտնվում է հենց անկախության սերունդը՝ այն 10-12 տարեկան տղաներն ու աղջիկները, ովքեր ծնվել եւ մեծացել են անկախության տարիներին։ Նրանք շատ չանցած ներկայացնելու են լրջագույն հայտ։ Վստահ եմ, որ նրանց համար լինել-չլինելու հարցադրում գոյություն չունի։ Անկախությունը նրանց էությունն է, դա նրանց արյան մեջ է»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը։ Նա նաեւ նկատեց, որ «այսօրվա իշխանությունն ու նրա մաս կազմող ուժերը սթափվել են 1998-99 թվականներին գռեհիկ, արհամարհական վերաբերմունքից, երբ անկախության տոնն անգամ դժկամությամբ էր նշվում, իսկ անկախության մասին իրենց մտքերը մշտապես համեմվում էին «սակայն»-ներով, «բայց»-երով, «այդուհանդերձ»-ներով»։ Պարոն Սահակյանը գովելի համարեց սույն տեղեկատվությունը, որի արդյունքում իշխանությունները «որոշել են չապականել այն աղբյուրը, որից ջուր են խմում»։ Այն դիտարկմանը, որ աշխարհաքաղաքական նոր զարգացումների արդյունքում անկախության սերունդն առավել բարդ, քան արտոնյալ վիճակում է հայտնվել, որովհետեւ՝ հենց նրանց ուսերին է դրվելու անկախությունը պահպանելու խնդիրը, Ա. Սահակյանը փարատեց. «Աշխարհաքաղաքական նոր զարգացումները պետությունների անկախությունը չեն նսեմացնելու»։ Ասպարեզ եկած անկախության ժամանակակից մոտեցումները՝ արտաքին սահմանների պահպանության, տնտեսական, քաղաքացիության, ֆինանսաբանկային եւ այլ հարցերում պետությունների սուվերենության հանձնումը ինտեգրացիոն կառույցներին՝ պարոն Սահակյանի հավաստմամբ, չի համարվում անկախության խաթարում կամ կորուստ։ Դրա վառ օրինակը Եվրամիության տարածական ընդլայնումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումն է։ Իսկ բոլոր այն մարդկանց համար՝ «ովքեր խորհրդային տարիներին են դեռ հստակ պատկերացրել, ընկալել անկախությունը որպես հայ ժողովրդի զարգացման եւ արժանապատիվ գոյության նախադրյալ ու հալածվել դրա տամար, ովքեր Շարժման շնորհիվ եկան այս գաղափարին, (պարոն Սահակյանն իրեն երկրորդ ալիքի ներկայացուցիչ է համարում.- Ն. Գ.)՝ անկախությունը չի կորցրել այն խորհուրդը, որն ունեցել է 1988-ին՝ երբ եկանք հրապարակ, 1990-ին, երբ ժողովրդավարական ուժերի կողմից ընտրված պատգամավորներն ընդունեցին անկախության հռչակագիրը, 1991-ին, երբ ժողովրդի մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Այդ սերնդի համար անկախությունն իր խորհուրդը չի կորցրել։ Անկախությունը եղել է գերագույն նպատակ, որի իրականացման համար բռունցքվեցինք Ազատության հրապարակում»,- ասաց պարոն Սահակյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել