Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՁԵ՞Վ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Սեպտեմբեր 20,2003 00:00

ՆՈՐԱՁԵ՞Վ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀՀ-ի հիմնադրման տարեդարձի եւ կոալիցիայի գործունեության 100-րդ օրվան ենք նվիրում այս հրապարակումը, որտեղ մեր պետական այրերը գնահատվում են այն տեսակետից, թե ինչպես են հագնվում նրանք: Միսթր X Անդրադարձի համար նյութ ծառայեց զրույցը մի քաղաքական գործչի հետ, որը միշտ հագնվում է ճաշակով եւ կոկիկ: Բառիս իսկական իմաստով պետականամետ լինելով՝ նրան զայրացնում է այն, թե երբեմն ինչպես են հագնվում պետությունը ներկայացնող մարդիկ՝ խախտելով աշխարհում ընդունված արարողակարգային բոլոր նորմերը: Քանի որ իր դիտարկումներն արտահայտում էր նշելով որոշակի անձանց՝ գերադասեցինք չհրապարակել տվյալ գործչի անունը՝ նրա թշնամիների քանակը չավելացնելու համար: Կանանց մասին՝ միայն լավը Նորաձեւության եւ հագուկապի մասին զրույցները ենթադրում են, թե խոսքը նախ եւ առաջ լինելու է կանանց մասին: Սակայն քաղաքականության մեջ հայտնված կանայք խիստ սակավ են, եւ նրանցից քչերն են իրենց ճաշակը հարմարեցնում պաշտոնական արարողակարգին: Հիշեցնելով այն ճշմարտությունը, որ ճաշակի շուրջ չեն վիճում՝ նշենք, որ մեր զրուցակիցը դրականորեն առանձնացրեց Հայաստանի 1-ին նախագահի տիկնոջը՝ Լյուդմիլա Հարությունյանին եւ Հրանուշ Հակոբյանին, որոնց հագուստները համապատասխանում էին իրենց գրաված դիրքին. «Դե, տիկին Հրանուշը վաղուց գիտեր, թե պաշտոնական հանդիպումների ժամանակ ինչ հագուստ է պետք ընտրել, ինչ գույներ են նախընտրելի եւ այլն: Այս երկու կանայք երբեք ճչացող հագուկապով չեն հայտնվել ընդունելություններին»: Մինչեւ կգա ետինը Դառնանք տղամարդկանց, որոնց մեծաքանակությունից մեր պետական հաստատությունները՝ ԱԺ-ն, կառավարությունը եւ այլն, նմանվել են զորանոցների: Թվում էր, թե տղամարդիկ հագուստ ընտրելու առումով պիտի չունենային դժվարություններ՝ բավական է, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ հագնեն մուգ գույնի կոստյում եւ սպիտակ վերնաշապիկ: Սակայն ըստ մեր զրուցակցի՝ անգամ այս հեշտ խնդիրը մեր քաղաքական այրերը լուծում են շատ անփույթ եւ չեն կարողանում կարգին ներկայանալ. «12 տարի է անցել Հայաստանի Հանրապետության հիմնադրումից, պետությունն արդեն որոշակի ճանապարհ է անցել, այժմ նույնիսկ արարողակարգի ծառայություն կա, որը պետական պաշտոնյաներին թերեւս պիտի հուշեր, թե որոշակի այցի ժամանակ ինչ պիտի հագնեն,- ասաց մեր զրուցակիցը:- Բայց պարզվում է՝ դա չի կիրառվում: Եվ ամեն անգամ կառավարությունում կամ ԱԺ-ում մի նոր պաշտոնյա հայտնվելիս՝ նրանք անպայման հայտնվում են ծիծաղելի նույն իրավիճակներում: Պարտականությունները կատարելու ընթացքում սովորում են ճիշտ հագնվել: Բայց մինչ ճաշակ են ձեռք բերում՝ ազատվում են պաշտոնից՝ նորն է գալիս, եւ ամեն ինչ սկսվում է նորից»: Կոստյումն է, որ ձեզ պիտի զարդարի Մեր զրուցակիցն անդրադարձավ 1992-ից նորաձեւ 3 կոճականի կոստյումները կրելու հմտությանը. «Դրանք կրում են բոլորը՝ անկախ իրենց հասակից ու մարմնաձեւերից: Սակայն այդ կոստյումները սովորականից փոքր-ինչ ավելի երկար են, եւ երբ ցածրահասակ տղամարդիկ են հագնում՝ կոստյումի փեշերը հասնում են մինչեւ ծնկները, կոճակներն ու փողկապը՝ պատկերացրեք մինչեւ որտեղ: Թերեւս արժեր, որ նրանք ընտրեին մինչեւ 90-ականները նորաձեւ 2 կոճականի կոստյումները, որոնց թեւերն ավելի կարճ են»: Խորհուրդը Սերժ Սարգսյանի եւ ցածրահասակ այլ պաշտոնյաների համար է, որոնց անունները հատ-հատ նշելուց մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց՝ «Մի քիչ վիրավորական կլինի՝ սա մարդկանց կազմվածքի խնդիրն է, եւ ոչ ճաշակի»: Ճիշտ կոճկվելն էլ արվեստ է Իսկ այս խորհուրդը հատկապես ԱԺ նախագահի համար է. «Ընդունված կարգի համաձայն՝ պիտի կոճկվեն 3 կոճականի կոստյումի վերեւի 1 կամ 2 կոճակները: Ներքեւի կոճակներն ընդհանրապես պետք չէ կոճկել: Իսկ Արթուր Բաղդասարյանը կարող է կոճկել միայն 3-րդ կոճակը եւ վերեւինները չկոճկել: Այդ պատճառով կոստյումը փքվում է նրա հագին»: Կոստյումի վերաբերյալ եւս մի չգրված կանոն կա՝ թեւքի տակից պիտի երեւա վերնաշապիկը. «Այսինքն՝ վերնաշապիկը պետք է լինի մի փոքր ավելի երկար: Բայց մեզ մոտ անում են հակառակը: Կոստյումը հաճախ հասնում է մինչեւ մատների ծայրը եւ բարեւելիս ոչ թե ձեռքն ես սեղմում, այլ կոստյումի թեւը: Նման խնդիր ունի Սերգո Երիցյանը, որը երեւաց, ասենք, Ֆադեյ Սարգսյանի 80-ամյակի առնչությամբ կազմակերպված հանդիսության ժամանակ»: «Պիժամա» կոստյումներ Երբ մեծահարուստ պատգամավորներից մեկն առաջին անգամ ԱԺ-ում հայտնվեց գծավոր կոստյումով, որն այժմ կարծես դարձել է ներկա խորհրդարանի արտահագուստը՝ Վարդան Խաչատրյանն այն անվանեց «պիժամա»: «Այդ «պիժաման» ծախես՝ մի 3 տարի կարգին կապրես»,- կատակով խրատեց պատգամավորը: Ըստ որոշ լուրերի՝ գծավոր այդ կոստյումներն արժեն 5-6 հազար դոլար: Սակայն Գագիկ Ծառուկյանն այն հագել էր բաց գույնի «վադալազկայով»: Իսկ մեկ այլ մեծահարուստ՝ Սամվել Ալեքսանյանը նման կոստյումով հայտնվելուց հետո, հաջորդ օրը ոճը կտրուկ փոխեց ու ԱԺ եկավ դեղնավուն շալվարով եւ սեւ «մայկայով»: Զրուցակիցս նկատեց, որ նման արժողության կոստյումներն ընդհանրապես ամենօրյա գործածության համար չեն. «Դրանք նախատեսված են պաշտոնական հանդիպումների, տոնական ընդունելությունների համար: Իհարկե, եթե ԱԺ այցելելը նրանց համար տոն է…»: Իշխանիկս գուլպա չունի՞ Առանձին անդրադարձի նյութ են գուլպաները, որոնց մասին որոշ պատմություններ մեր զրուցակիցը մտաբերում էր ժպիտով: Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը պաշտոնական հանդիպումների ժամանակ կոստյումի հետ հագնում էր սպիտակ գուլպաներ, որն, ասենք այսպես՝ «վատ ճաշակի» արտահայտություն է: Նույնը ճաշակը երկար ժամանակ դրսեւորել է նաեւ հարկային ծառայության նախկին ղեկավար, հետո ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Այժմ օրենսդիր իշխանության մեջ կոստյումի հետ սպիտակ գուլպա հագնելու սովորությամբ առանձնանում է պատգամավոր Գեւորգ Հակոբյանը («Կոմբիկերի Վլադ»): «Վիզկա՞պ», թե՞ փողկապ Մեր զրուցակիցը փողկապ կապելու 5 ձեւ գիտեր եւ չբացառեց, որ այլք կարող են մատնանշել 15-ը. «Ժամանակին «Նաուկա ի ժիզն» ամսագիրը պարբերաբար ներկայացնում էր փողկապ կապելու ձեւերը: Կարելի էր ոմանց ուղարկել այդ ամսագիրը, քանի որ շատ դեպքերում փողկապներն այնպես են կապում, կարծես այն իրենց համար իրոք միայն «վիզկապ» է: Երբ այդ մարդկանց ես նայում՝ նույնիսկ խղճահարվում ես, քանի որ զգում ես, որ խեղդվում է՝ վզի երակներն ուռած են, դեմքը՝ կարմրած: Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք իրենց արտաքին տվյալների պատճառով՝ չեն կարողանում փողկապ կապել եւ վերնաշապիկի առաջին կոճակը միշտ բաց է մնում»: Անհնար էր չկռահել, որ խոսքը վարչապետի մասին է, որի փողկապը նաեւ միշտ ծռվում է: Մեր զրուցակիցը հիշեցրեց Ստալինին, որը կիտել էր հագնում, նաեւ Չերչիլին. «Նա էլ էր գեր եւ հաստ վիզ ուներ, բայց չկա եւ ոչ մի լուսանկար, որտեղ նա լիներ առանց «թիթեռնիկ» փողկապի»: Մեր հարցին, թե պատկերացնո՞ւմ է Անդրանիկ Մարգարյանին «թիթեռնիկով»՝ պատասխանեց. «Պետք է ձեւը գտնել: Եթե երկիր ես ներկայացնում՝ պարտավոր ես մտահոգվել քո արտաքինով: Թող անձնական վիրավորանք չհամարեն այս ամենը՝ այլ բարեկամական խորհուրդներ, որ ինձ էլ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, հաճելի լինի մեր իշխանավորներին տեսնել ելույթ ունենալիս, բանակցություններ վարելիս եւ այլուր: Եվ ոչ թե հակառակը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, արժե ուշադրություն դարձնել նաեւ դիմախաղին եւ, ասենք, խոսելիս ծնոտն առաջ չցցել՝ ինչպես դա անում է Ռոբերտ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել