Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Սեպտեմբեր 20,2003 00:00

ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է Ինչի մասին են երազում ՀՀ չքաղաքականացված քաղաքացիները Վաղը սեպտեմբերի 21-ն է: «Հ1»-ը եւ մնացած «անկախ» հեռուստաընկերությունները ցույց են տալու ֆիլմեր եւ սյուժեներ, որոնցում հերթական անգամ բացահայտվելու է, թե որքան մղձավանջային էր մեր կյանքը 1991-1998 թվականներին եւ ինչպիսի դրախտում ենք մենք հայտնվել 98-ից հետո: Քարոզչական սխեման հայտնի է. ցրտին, մթին, թալանին եւ պատերազմին (որը, բնականաբար, վարում էին բացառապես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը) փոխարինեցին շինարարությունը, արդյունաբերական ձեռնարկությունների վերաշահագործումը եւ համընդհանուր բարգավաճումը: Ամբողջությամբ շրջանցել այն փաստը, որ մեր պետության հիմնադիրներն են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը, հնարավոր չէ, բայց հիշատակել Հայաստանի առաջին նախագահին որեւէ դրական համատեքստում՝ արգելված է: Ըստ այդ (փոքր-ինչ պարզունակ) քարոզչական տրամաբանության, երկրորդ նախագահի PR-ը կարելի է իրականացնել՝ միայն նրա նախորդին սեւացնելու ֆոնի վրա: Իհարկե, նույնքան անընդունելի է հակառակ (այսպես կոչված՝ ընդդիմադիր) տրամաբանությունը եւ որպես վերջին 5 տարվա իրադարձություններ հիշատակել միայն չբացահայտված սպանությունները, «Հոկտեմբերի 27-ը», «Առագաստ» սրճարանի «անզգույշ քաշքշուկը», անօրինական ընտրությունները եւ «Ա1+»-ի փակումը: Նույն ժամանակահատվածում Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի եւ Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ, կառուցվել է Դավիթաշենի կամուրջը, իսկապես սկսեցին գործել որոշ ձեռնարկություններ: Անճանաչելի փոխվել է (դեպի լավը) Աղետի գոտին, գեղեցկացել է մեր մայրաքաղաքը: Հատկապես Երեւանում Լինսի հիմնադրամի միջոցներով այնպիսի մի հսկայական աշխատանք է կատարվել, որը չէր կարողանում նախաձեռնել նույնիսկ հզորագույն խորհրդային պետությունը: Ինչ խոսք, ընդդիմությունը պետք է ձգտի իշխանափոխության, իսկ իշխանությունը՝ «իշխանապահպանության»: Բայց այդ աստիճանի քաղաքականացված է մեր բնակչության չնչին տոկոսը եւ, ցավոք, լրատվամիջոցների մեծ մասը: Իսկ մե՞նք՝ սովորական մարդիկ, ինչի՞ն պիտի ձգտենք, բացի սեփական բարեկեցությունն ապահովելու միանգամայն բնական եւ ողջունելի ցանկությունից: Կարծում եմ, որ մենք առաջին հերթին պետք է հպարտանանք, որ ապրում ենք անկախ պետությունում, կարեւոր չէ՝ հարուստ թե աղքատ, թույլ թե ուժեղ, արդար թե անարդար: Որովհետեւ անկախությունն ինքը բարձր եւ անսակարկելի արժեք է: …Ճապոնացիներն իրենց պատմության ընթացքում մեծ պրոբլեմներ են ունեցել հարեւանների, մասնավորապես 20-րդ դարում՝ ամերիկացիների եւ ռուսների հետ: Երկրորդ աշխարհամարտի արդյունքում վերջիններս զավթել են Ճապոնիայի տարածքի մի մասը՝ Կուրիլյան մի շարք կղզիներ: Սակայն ճապոնացիներն ի պատասխան դրան ամբողջ աշխարհով մեկ չսկսեցին ստեղծել Ճապ Դատի գրասենյակներ, ճապոնացի կամիկաձեները ոչ մի ռուս կամ ամերիկացի դիվանագետ չեն սպանել: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք իրենց պետությունն ունեին, թեկուզ այն ժամանակ թույլ եւ աղքատ, բայց՝ իրենցը: Եվ տասնամյակների ընթացքում նրանք այնպիսի երկիր կառուցեցին, որի առաջ խոնարհվում են ռուսները, ամերիկացիները եւ չինացիները: Կուրիլյան կղզիներին էլ նրանք վաղ թե ուշ փաստացիորեն կտիրանան՝ առանց սահմանները վերաձեւելու: Պարզապես ռուսներին մի այնպիսի բիզնես-առաջարկ կանեն, որից ռուսները չեն կարողանա հրաժարվել: Հայ Դատն այսօր ուժեղ պետության ստեղծումն է. այս միտքն է արտահայտել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10 տարի առաջ՝ ՀՀՇ համագումարում: Ես էլ եմ այդպես պատկերացնում մեր ազգային խնդիրների լուծումը: Մասնավորապես, զենքի ուժով ազատագրել Արեւմտյան Հայաստանը՝ տեսանելի ապագայում իրատեսական չէ: Դա տեսականորեն հնարավոր կլինի միայն ուժեղ, «տեկտոնիկ» աշխարհաքաղաքական ցնցումների դեպքում: Այդպիսի ցնցում էր, անշուշտ, Խորհրդային Միության փլուզումը, որի արդյունքում մենք ազատագրեցինք Արցախը: Բայց դա տեղի ունեցավ երկու հիմնական պատճառներով. ա/ հանգամանքները մեր օգտին էին դասավորվել, բ/ հայերն ունեին Տեր-Պետրոսյանի նման առաջնորդ: Հաջորդ ցնցման ժամանակ կարող է բախտներս չբերել ոչ առաջնորդի, ոչ էլ հանգամանքների առումով, եւ ձեռք բերելու հավանականությունն ավելի քիչ կլինի, քան կորցնելունը: Այնպես որ, ավելի իրատեսական է «ճապոնական տարբերակը»: Բայց դրա համար մենք՝ Հայաստանը, տնտեսական եւ տեխնոլոգիական տեսակետից պետք է մի քանի գլուխ բարձր լինենք մեր հարեւաններից: Իսկ դրա համար, իր հերթին, անհրաժեշտ է ունենալ ոչ թե «կազմակերպված» (Թուրքմենստանի կամ Բելառուսի նման), այլ ժողովրդավարական պետություն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել