Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԹԵՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 19,2003 00:00

ԱԹԵՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է Եկող տարի Աթենքում կայանալիք ամառային 28-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել։ Եվ մարզական աշխարհն արդեն վաղուց ապրում է մարզական այդ խոշորագույն համալիր մրցումների սպասումով։ Աշխարհի մարզական լրատվամիջոցները, ամենայն մանրամասնությամբ, տեղեկացնում են գալիք օլիմպիական խաղերի նախապատրաստության ընթացքում կատարվող ամեն մի իրադարձության մասին։ Մասնավորապես, խոսելով օլիմպիական կրակի մասին, կազմակերպիչները նշում են՝ 2004 թվականին ամբողջ աշխարհը հետեւելու է դրա վառելուն եւ ճամփորդությանը։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ կրակ-խորհրդանիշը կանցնի Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի տարածքներով։ Այն այդ երկրներում ոչ միայն կպրոպագանդի սպորտը, օլիմպիական գաղափարախոսությունը, այլեւ ժողովուրդների միջեւ բարեկամությունը, խաղաղությունը… Աթենքի օլիմպիական խաղերը մասնակից երկրների թվաքանակով կգերազանցեն բոլոր նախկին ցուցանիշները։ Սիդնեյում մրցասպարեզ էին մտել ՄՕԿ-ի անդամ 199 երկրներ։ Աթենքում սպասվում է 201 երկրների մասնակցություն։ Խաղերի նորեկներ են լինելու Արեւելյան Թիմորի, որ նախկինում Ինդոնեզիայի մի մասն էր կազմում, եւ Կիրիբատիի պետության ներկայացուցիչները։ Բոլոր ժամանակներում օլիմպիական խաղերը խաղաղության ավետաբերն են եղել։ Սակայն ներկայումս ահաբեկչությունը դարձել է մարդկության թիվ մեկ խնդիրը։ Ու դրա դեմ հարկադրված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա։ Այդ նպատակով Հունաստանի կառավարությունը որոշել է Խաղերի ժամանակ անվտանգության ապահովումը փոխանցել «Science Applications Internationals Carpozation» կոնսորդիումին։ Եվ այս գործարքը կազմակերպիչների համար արժենալու է 254,9 մլն եվրո։ Ասենք, որ այս համակարգը հիմնադրվել է 1969 թվականին եւ մասնակցել սեպտեմբերի 11-ի հանրահայտ իրադարձություններից հետո կոմունիկացիոն համակարգերի վերականգնման աշխատանքներին եւ Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիական խաղերում նմանատիպ գործողությունների իրականացմանը։ Կազմկոմիտեն հնարավոր ահաբեկչությունը կանխարգելելու համար նախատեսում է Աթենքի մետրոպոլիտենի վագոնները՝ աշխարհում առաջին անգամ, ապահովել հակագազերով… Քանի որ, ըստ հաշվարկների, Աթենքում մրցասպարեզներից դուրս «գահընկեց են արվելու» օլիմպիական մի շարք ռեկորդներ, այդ թվում՝ նաեւ, հյուրերի թվաքանակի առումով, կազմակերպիչները մտադիր են 3 հազար տեղ կանխապես ապահովագրել տուրիստական նավերում, որոնք Խաղերի ընթացքում հանգրվանելով Աթենքի նավահանգիստներում, կծառայեն որպես բարձրակարգ հյուրանոցներ։ Այդ նպատակով Հունաստանի կառավարությունը նախատեսել է տրամադրել 600 մլն եվրո։ Եվ, վերջապես, լրատվության մասին։ Աթենքից ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու համար Հայաստանից հավատարմագրվել է վեց մարզական լրագրող՝ այդ թվում նաեւ «Առավոտից»։ Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Խաղերի գլխավոր մամուլի կենտրոնը գործունեությունը կծավալի 2004 թ. հուլիսի 13-ից եւ ի վիճակի կլինի սպասարկել տարբեր երկրներից հավատարմագրված 5,5 հազար լրագրողների։ Հուլիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը մամուլի կենտրոնը գործելու է 24 ժամ։ Այն տեղադրված է լինելու Աթենքի օլիմպիական ստադիոնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել