Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը՝ «ԽՌՈՎՔԻ ԵՎ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ» ՀԵՏԵՎԱ՞ՆՔ

Սեպտեմբեր 19,2003 00:00

«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը՝ «ԽՌՈՎՔԻ ԵՎ ՀՈՒԶՄՈՒՆՔԻ» ՀԵՏԵՎԱ՞ՆՔ Նաիրի Հունանյանի փաստաբանը համաձայն չէ առաջադրած մեղադրանքներին Նաիրի Հունանյանի պաշտպան Սամվել Մարտիրոսյանը «Առավոտին» հայտնեց «27»-ի գործով առաջադրված մեղադրանքների նկատմամբ իր եւ իր պաշտպանյալի ընդհանուր կարծիքը։ Պրն Ս.Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամենից առաջ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 59 հոդվածով իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելը սխալ է եղել եւ չի բխել քրեական օրենքի պահանջներից. «Իմ պաշտպանյալը ունեցել է մի պարզ ծրագիր, այն է՝ հասնել վարչապետի հրաժարականին եւ կազմել նոր կառավարություն։ Սա իշխանություն զավթելու ծրագիր չէ, որովհետեւ սահմանադրությունը իշխանություն ասելով նկատի ունի ամբողջը, որը պատկանում է ժողովրդին՝ իր 3 թեւերով։ Ամբողջ իշխանությունը տապալելու ծրագիր չի եղել եւ 4 տարվա նախաքննության եւ դատաքննության ընթացքում այն հաստատող որեւէ փաստ չի արձանագրվել։ Նույնիսկ իմ պաշտպանյալի կողմից իշխանությունը բռնի կերպով փոխելու փորձ չի արվել, քանի որ դեպքի օրը Ազգային ժողովի դահլիճում գտնվողները վկայություն են տվել, որ իմ պաշտպանյալը ինքն է դադարեցրել իր գործողությունները եւ ներկաներից որեւէ մեկի նկատմամբ կանխամտածված բռնություն չի գործել»։ Ն. Հունանյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրօրի 61 հոդվածով, որը նույնպես, պաշտպանի կարծիքով, անհիմն է, քանի որ «տեռորիստական ակտ է համարվում՝ իշխանությունը թուլացնելու եւ քայքայելու նպատակով կատարված սպանությունը։ Տրամաբանորեն, նման գործողությունները պետք է նախապես ծրագրավորված լինեին, սակայն քրեական գործին կցված են Ն. Հունանյանի տանից գտնված նրա ձեռքով գրված իր գործողությունների ծրագրերը, որտեղ կետերից մեկը եղել է Վազգեն Սարգսյանի ելույթը։ Ն. Հունանյանը ցուցմունք տալով նշել է, որ դա պիտի լիներ նրա հրաժարականի ելույթը։ Ամենապարզ տրամաբանությունը ցույց է տալիս, որ վարչապետին սպանելու ծրագիր չի եղել, քանի որ մահացածը ոչ կարող էր ելույթ ունենալ, ոչ էլ հրաժարական տալ։ Քննությամբ ձեռք բերված փաստերը ցույց են տալիս, որ որեւէ մեկի նկատմամբ սպանության ծրագիր չի եղել։ Ինչ վերաբերում է մյուս սպանվածներին, ապա, ըստ համատեղ հայտարարության, «բոլորին էլ հասկանալի է, որ նրանք քաղաքական այն անհատաները չէին, որոնք վճռական քաղաքական ինչ-որ ազդեցություն ունեին երկրում, ուստի բնական է, որ նրանց սպանելու որեւէ ծրագիր կամ անհրաժեշտություն չի եղել։ Եվ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ն. Հունանյանի կողմից որեւէ մեկին սպանելու մտադրություն կամ ծրագիր չի եղել, սակայն այսօր մենք ունենք զոհեր, որոնց հիշատակը մեզ պարտավորեցնում է ճշմարիտ կերպով բացահայտել հոկտեմբերի 27-ի ողբերգության իրական պատկերը»։ Ն. Հունանյանը փոխանցել էր հետեւյալը. «Մենք տեսնում ենք որոշ հակասություն. փաստաթղթերը վկայում են, որ սպանելու նպատակ չի եղել, բայց՝ դեպքի առաջին րոպեներին ստացվեց։ Այստեղ հնարավոր են երկու տարբերակներ. կամ ճանապարհին ծրագիրը փոխվել է եւ ենթադրյալ կազմակերպիչները սպանելու ցուցում են տվել կամ էլ՝ սպանությունները կատարվել են հոգեկան խիստ հուզմունքի, խռովքի, անկառավարելիության վիճակում։ Առաջին տարբերակը հաստատող ոչ մի փաստ չկա»։ Ըստ վկա Ն. Բադալյանի, գտնում էր Ս. Մարտիրոսյանը, որը միակ մարդն է եղել, որին հանդիպել են իր պաշտպանյալը եւ մյուսները, որեւէ այլ անձի հետ խոսակցություն չի եղել. «Իսկ դահլիճ մտնելուց առաջ էլ, ըստ Բադալյանի, ոչ մեկը ոչ մեկին չի ասել կամ հրահանգել մարդ սպանել։ Հետեւաբար այս տարբերակը ապացույցներ չունի»։ Ինչ վերաբերում է 2-րդ տարբերակին, այս կապակցությամբ փաստաբան Ս. Մարտիրոսյանն ասաց. «Երկրորդ տարբերակը, որը պնդում է իմ պաշտպանյալը, հիմնավորվում է եւ նրա կազմած ծրագրով, եւ նշված կետերով, եւ հետագա գործողություններով։ Կորցնելով ինքնակառավարումը եւ խռովքի ու հուզմունքի մեջ նրանք կրակել են, սպանվել եւ վիրավորվել են մարդիկ։ Քրեական գործում ոչ մի փաստ չկա, որ վկայի, թե նրանք հատուկ վարժանքներ են անցել (ռազմական)։ Դե, իսկ պատերազմական եւ նմանատիպ վիճակներում չեղած մարդը չի կարող՝ հայտնվելով այդպիսի վիճակում, չկորցնել ինքնակառավարումը եւ խիստ հուզմունք չապրել»։ Պատանդներ վերցնելու կապակցությամբ Ս. Մարտիրոսյանը փոխանցեց. «Որեւէ մեկի առջեւ որեւէ պահանջ չի դրվել, ասելով, թե այ, այս բանը չանելու դեպքում դահլիճում գտնվողներին բաց չենք թողնի։ Այսպիսի փաստ էլ չկա. այս մեղադրանքն անհիմն է։ Ինչ վերաբերում է այնպիսի հասարակ մի մեղադրանքի, որպիսին է ապօրինի զենք-զինամթերքի առկայությունը, ապա քրեական գործում գոյություն ունի գլխավոր դատախազության քննիչի կողմից կազմված արձանագրություն՝ զենքը կամովին հանձնելու մասին։ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի ծանոթության մեջ նշվում էր, որ զենքը կամովին հանձնած մարդը այդ հոդվածով չի կարող մեղադրվել։ Նոր օրենսգրքում դա արդեն մտել է հիմնական մտքի մեջ, դարձել բաղադրիչ, այլ ոչ թե ծանոթություն։ Օրենքը չի ասում, որ եթե կամովին հանձնած զենքով ինչ-որ գործողություն է կատարվել, ուրեմն 232 հոդվածը պետք է գործի։ Անկախ նրանից, թե այդ զենքից կրակել են, թե ոչ, դրանով ինչ-որ մեկին հարվածել են կամ վախեցրել. եթե զենքը կամովին է հանձնված, այդ հոդվածով մեղադրանք չի կարելի առաջադրել»,- փոխանցել էր Ն. Հունանյանը փաստաբանին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել