Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջրմուղի գործն ավարտվում է դիտահորում

Սեպտեմբեր 19,2003 00:00

Ջրմուղի գործն ավարտվում է դիտահորում Դիտահորից մինչեւ շենք, ինչպես նաեւ ներշենքային ջրային ցանցը համատիրությունների ոլորտն է։ Վերջիններիս հետ հարաբերությունները Ջրտնտպետկոմը կարգավորում է պայմանագրով։ Երկուստեք համագործակցությունն, ըստ «Համայնքների զարգացման» ծրագրի ղեկավար Վարազդատ Ավոյանի, «օրենսդրորեն կարգավորված է»։ Իսկ «Համատիրությունների նախագահների ընկերակցություն» ՀԿ-ի նախագահ Արամ Գրիգորյանի կարծիքով, «սա համագործակցության ձեւ չէ եւ համատիրությունների զարգացման հետ ունի շատ հեռավոր կապ»։ ՀԿ-ի նախագահը «իրավաբանական նոնսենս» է համարում այն, որ «Ջրմուղ-կոյուղին» պայմանագրեր է կնքում համատիրությունների հետ բնակիչներից ջրի վարձավճարներ գանձելու մասին, մինչդեռ «սպառողի հետ ունեցած անհատական պայմանագրում նշված է, որ վճարումները պետք է անել միայն Խնայբանկի եւ Հայփոստի բաժանմունքներում»։ Ա. Գրիգորյանի կարծիքով, 1 խորանարդ մետր ջրի դիմաց գանձվող 56 դրամը, որը կառավարության կողմից հաստատված սակագին է, ներառում է նաեւ շահագործման ծախսեր, իսկ «Ջրմուղ-կոյուղին» ապահովում է միայն ցանցի մինչեւ շենք հատվածի շահագործումը, «մնացածը թողնելով մեզ վրա, բայց մենք ոչ առեւտրային ու ընդամենը կառավարման մարմին ենք, ու դրա համար բնակչից գումար վերցնել՝ նշանակում է արհեստականորեն բարձրացնել պետական հաստատված սակագինը»։ Ի դեպ, նույն խնդիրն առկա է էլեկտրական հոսանքի, գազի եւ հեռախոսի սակագներում, որոնց սպասարկումը նույնպես ավարտվում է շենքի պատերի մոտ։ ՀԿ-ի նախագահը ճիշտ չի համարում, որ «Համայնքների զարգացման» ծրագրի հայտարարած մրցույթներում պարտադիր պայման է համատիրության՝ «Ջրմուղ-կոյուղու» հետ ունեցած պայմանագիրը (որի առարկան ջրի վարձերի անօրինական գանձումն է բնակիչներից)։ Նաեւ տեղեկացրել է, որ իր բարձրացրած այս եւ այլ հարցերը Ջրտնտպետկոմի կողմից մնացել են անարձագանք։ Ասենք, որ ՀԿ ղեկավարի ներկայացրած փաթեթին ծանոթանալուց հետո «Համայնքների զարգացման» ծրագրի ղեկավար Վարազդատ Ավոյանը պաշտոնական պատասխանից զատ ներկայացրեց Արամ Գրիգորյանի բողոքի հիմնական պատճառը՝ ենթադրության տեսքով. «Ըստ երեւույթին Արամի դժգոհությունը գրանտ չշահելու հետեւանք է, որովհետեւ մենք այդ հարցերն ամենատարբեր մակարդակներով քննարկել ենք, ես անձամբ նրան առաջարկել եմ խորհրդատուի աշխատանք, որպեսզի միասին դաշտը մաքրենք պրոբլեմներից, բայց նա հրաժարվեց»։ Նա ընդունեց «չստացված գրանտառուի» ներկայացրած փաստարկները, միաժամանակ նշելով, որ «ամեն ինչ մեկնաբանված է սեւ գույնով, համատիրությունների հետ մեր փոխհարաբերություններում պրոբլեմներ կան եւ ավելի շատ, քան ներկայացված է, մենք փորձում ենք զանազան ծրագրերով ոգեւորել ու տեղից շարժել համատիրություններին, որպեսզի նրանք կայանան որպես կառավարման օղակ»։ Ծրագրի ղեկավարը հիշաչար չէ եւ մեկ անգամ եւս Համատիրությունների նախագահների ընկերակցությանը հրավիրեց «ցիվիլ» համագործակցության։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել