Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԷ

Սեպտեմբեր 19,2003 00:00

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԷ Այստեղ ոչ միայն պաշտոնները, այլեւ պատասխանատվությունն է պետք արդար բաժանել «Ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ տեղ բողոքեցինք որեւէ մեկից: Կներեք արտահայտությանս, կոալիցիոն կառավարությունը մանկապարտեզ չի, որ իրարից բողոքենք: Մենք մտել են լուրջ գործի մեջ: Էստեղ բողոքելու խնդիր մենք չենք տեսնում: Եթե ինչ-որ բաներ քննադատում ենք, քննադատում ենք միկրոֆոնից»: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսպես պատասխանեց «Առավոտի» «Մի քիչ շուտ չէ՞ բողոքել կոալիցիայի կոլեգաներից՝ դրա դեռեւս 100-րդ օրը» հարցին: Ընթերցողն ինքը կարող է որոշել, «բողոքել» բառը սազու՞մ է դրանից մի քանի րոպե առաջ պրն Ռուստամյանի արտահայտած հետեւյալ մտքին. «Կոալիցիան դեռ ամբողջական ձեւավորված եւ կայացած մարմին չէ։ Այսօր էլ շատ հաճախ նկատվում են կասկածամտության, անվստահության տարրեր հենց կոալիցիայում։ Շատ հաճախ կոալիցիայի մասնակիցները փորձում են գործել առանձնաբար եւ իրենց կողմը քաշել գործունեության արդյունքները»։ Այս ամենը հնչեց երեկ կոալիցիոն կառավարության ձեւավորման 100 օրվա կապակցությամբ ՀՅԴ «հասարակական հաշվետվություն» հավաքում, որով կուսակցությունը նախադեպ է ստեղծում նման հաշվետվությունների: Շարունակելով մեր բնորոշմամբ՝ բողոքի թեման, Ա. Ռուստամյանը hիշեցրեց, որ կառավարական համակարգում այլ մակարդակներում եւս կոալիցիոն նույն տրամաբանությամբ նշանակումների իրենց պահանջը չի հանգում «լոկ կուսակցական անձերի կամ, այսպես ասած, կոմիսարների նշանակմանը»: Սրանով փաստորեն պատասխանելով իրենց «կոլեգա» ՀՀԿ-ի դիրքորոշմանն այս հարցում: Ի դեպ, Դաշնակցությունը սկզբունքային հարցերում նաեւ զիջումների է պատրաստ: Սակայն, հավանաբար կառավարական այլ (ոչ նախարարական) մակարդակներում «կոալիցիոն տրամաբանության» ներմուծումը չի կարող դառնալ զիջման առարկա. «Հակառակ պարագայում ստացվում է, որ պատասխանատվությունը ստանձնում է կուսակցությունը, եւ չփոխված համակարգի սխալների, անարդարությունների ու չարաշահումների համար պատասխան է տալիս, ինչն առաջին հերթին անարդար է»։ Ա. Ռուստամյանը հարմար գտավ մեկ անգամ եւս պատասխանելու այն հարցին, թե ինչը ստիպեց կուսակցությանը՝ մասնակցել կոալիցիային, թեեւ ասաց, որ դրան արդեն տրվել է պատասխան: Եթե պատասխանը արդեն տրվել է, բայց հարցը շարունակում է հնչել, կարելի՞ է եզրակացնել, որ պատասխանը չի համոզում: ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց, որ «դաշնակցությունը կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուն վերաբերվել է ոչ թե քաղաքական պահի ազդեցությամբ կամ զուտ ղեկավար պաշտոններ ստանալու մտադրությամբ, այլ ելնելով այն իրողությունից, որ մեր պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ ու բազմաբնույթ հիմնախնդիրների հաջող լուծման համար այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ են կայունություն, միասնականություն եւ արդարություն»: «Կյանքը ցույց է տալիս, որ միայն ընտրությունների միջոցով երկրում դրական տեղաշարժեր արձանագրելու վրա հույս դնել չի կարելի».- ասում է ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված քաղաքական ուժի ներկայացուցիչը: Երեւի հենց այս պատճառով է հույսը կապում «արդար ցարի» հետ. «Ռոբերտ Քոչարյանի ելույթներում եւ կոնկրետ քայլերում դրսեւորված դրական շեշտադրումները՝ քաղաքական դաշտի հստակեցման ու կայացման, ընտրական համակարգի՝ կուսակցությունների դերակատարման բարձրացման ուղղությամբ բարեփոխումների, սոցիալական արդարության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, հույս են ներշնչում եւ միաժամանակ պարտավորեցնում են պաշտպանել այդ դրական միտումները, խորացնել ու անշրջելի դարձնել վերափոխումները»: Ա. Ռուստամյանը իրենց բլոկի նախարարությունների այս երեք ամսվա կատարած աշխատանքը ներկայացնելուց առաջ ասաց, որ այսօր իրենք դեռեւս «ամբողջական դերակատար չեն շատ հարցերում»: Տարիներ շարունակ եղած կաշկանդումների պատճառով իրենց դեռ չի հաջողվել ստեղծել այն հիմքերը, «որոնց վրա կարող են տեր լինել կոալիցիային մաս կազմող կազմակերպությանը արժանի ամբողջական պատասխանատվության»։ Դաշնակցությունը կառավարության մաս է կազմել «ճիգ թափելու, դրական փոփոխություններ արձանագրելու մտադրությամբ», մինչդեռ կոալիցիայի ներսում լուրջ դժվարությունների պատճառով կուսակցությանը «դեռեւս միշտ չէ, որ հաջողվում է ամբողջությամբ իրականացնել մեր մոտեցումներից բխող քայլերը եւ ընտրարշավում մեր տված բոլոր խոստումները»: Այստեղ էլ, բնականաբար, նրանք ակնկալում են հանրապետության նախագահի աջակցությունն ու օգնությունը: Սա էլ երեւի «տղա բերել» չի նշանակում: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել