Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրեթե ոչ ոք Հուստինյանոս չդարձավ

Սեպտեմբեր 19,2003 00:00

Գրեթե ոչ ոք Հուստինյանոս չդարձավ Նախկին պատգամավորներից քչերն են հրաժարվել քաղաքականությունից։ Նոր գումարման ԱԺ կազմը վկայում է, որ խորհրդարանը հիմնականում վերարտադրել է ինքն իրեն։ Սակայն երկրորդ (1999-2003) ԱԺ-ում կային բավականին բնորոշ դեմքեր, որոնք չեն ցանկացել կամ չեն կարողացել շարունակել պատգամավորական գործունեությունը։ Ի՞նչ են նրանք մտածում գործող խորհրդարանի մասին։ ՀԺԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը մեր հեռախոսային զրույցում ասաց, թե այսուհետ եւս շարունակելու է իր քաղաքական գործունեությունը. «Ես ընդդիմություն եմ իմ էությամբ»,- ասաց տիկին Խուդաբաշյանը, որ եթե հիշում եք 98 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կրծքով փակեց քվեատուփը, արգելելով լցոնումը։ Ներկա խորհրդարանի եւ կոալիցիայի մասին տիկին Խուդաբաշյանը դրական կարծիքի է եւ վստահ է, որ կոալիցիայի անդամ կուսակցություններն իրար վերահսկելով կաշխատեն եւ կոալիցիան չի փշրվի։ Նույն կոալիցիայի մասին բոլորովին հակառակ կարծիքի է մեկ այլ նախկին պատգամավոր՝ Դավիթ Հովհաննեսը։ Թեպետ վերջինս գտնվում է ՀՀԿ համամասնական ցուցակում, եւ չի բացառվում, որ, հավանաբար, մեկ տարի անց կրկին մտնի խորհրդարան, այնուամենայնիվ, կոալիցիայից սպասելիք չունի. «կոալիցիայի եւ կոալիցիայի ապագայի մասին ամենեւին դրական կարծիքի չեմ»։ Իր դիրքորոշումը նա հիմնավորեց հետեւյալ կերպ. «սպասելիք չունեմ, որովհետեւ, իմ կարծիքով, կոալիցիաները երկար կյանք ունենալ չեն կարող, մանավանդ՝ Հայաստանում։ Իմ կարծիքով, բավականին վատ փոխհարաբերություններ ունեցող եռյակ իշխանական կոալիցիա է, խուլ ներհակությունները, իմ կարծիքով, կվերաճեն բացահայտ առճակատումների եւ ես կարծում եմ, որ պիտի կրկնվի կռիլովյան հայտնի առակի պատմությունը։ Դժբախտաբար, այդպես է։ Տա Աստված, որ սխալվեմ, հակառակը լինի, եւ մենք չորս տարի հաշտ ու բարիշ ապրենք»։ Երրորդ գումարման խորհրդարանում, ըստ Դ. Հովհաննեսի դրական է այն, որ կրկին խորհրդարանում են օրինաստեղծ գործունեությամբ զբաղվողները։ Բացասականն էլ այն է, որ կրկին խորհրդարան են մտել մականունավորները։ «Դրական եմ համարում,- նշեց բանաստեղծը,- որ խորհրդարան են եկել նաեւ օլիգարխներ, եւ տեխնիկական ինտելիգենցիայի ներկայացուցիչներ» (նկատի ունի Համլետ Թամազյանին, Արարատ Մկրտչյանին, Արարատ Մալխասյանին եւ ուրիշներին.- Մ. Ե.)։ Մեր հաջորդ զրուցակիցը ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Գրիգորյանն էր, որը իր այսօրվա կարգավիճակը բնորոշեց այսպես. «Զբաղվում եմ գիտությամբ, ուսանողների հետ շփումներն ու աշխատանքը ինձ համար շատ ավելի հետաքրքիր են եւ հոգեհարազատ, քան՝ պատգամավորական գործունեությունը։ Այժմ ավելի մեծ հաճույքով եմ զբաղվում գիտությամբ, քան առաջ՝ պատգամավորական գործունեությամբ»։ Ներկայիս խորհրդարանի մասին Հենրիկ Գրիգորյանը, մեղմ ասած՝ բարձր կարծիքի չէ։ Ըստ նրա. «խորհրդարանում պետք է լինեն իրավաբաններ, քաղաքական գործիչներ, օրենսդիրներ եւ ոչ թե գարեջուր ծախողներ։ Պրոֆեսիոնալիզմը պետք է առաջին հերթին խորհրդարանին»։ ԱԺ նոր նախագահի մասին նախկին պատգամավորի կարծիքը. «երիտասարդ է, եռանդը լավն է, ակտիվ կաշխատի, մնում է, որ պրագմատիկ նկատառումները չգերիշխեն ժողովրդի մասին մտածելուց»։ Մենք մտադիր էինք զրուցել նաեւ մի քանի այլ «նախկինների» հետ, սակայն նրանց մեծ մասի ընտանիքների անդամները մեզ տեղեկացրին, թե մեկնել են «դաչա»։ Երեւի հայտնի կայսրի օրինակին հետեւելով՝ կաղամբ աճեցնելու։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել