«ՄԵՐ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՆ ԸՄԲՌՆԵՑԻՆ 5 ՏԱՐԻ ԱՆՑ» Ասում է Հայաստանի առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Վահագն Խաչատրյանը – Ներկա իշխանության որոշ քայլեր թերեւս պիտի ողջունելի լինեն ընդդիմության այն ներկայացուցիչների համար, որոնք դավանում են աջ, ազատական գաղափարախոսություն: Խոսքն, ասենք, Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների հաստատելու պատրաստակամության կամ «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին է: – Ելնելով այն հիմնական սկզբունքներից, որ դավանում ենք՝ միանշանակ է, թե մեր կողմից պիտի դրական գնահատվեր ե՛ւ հայ-թուրքական սահմանի վերաբերյալ դիրքորոշումը, ե՛ւ «ԱրմենՏելի» նկատմամբ վարվող քաղաքականությունը: Բայց այստեղ հարցերը փոքր-ինչ այլ ենթատեքստ ունեն, եւ հատկապես «ԱրմենՏելին» առնչվող գործընթացներում չեմ տեսնում, թե ձգտումն այն է, որ տնտեսական դաշտում հաստատվի ազատական գաղափարախոսություն: Ուղղակի իրավիճակից ելնելով փոխվել են ցանկությունները: Երեւի «ԱրմենՏելն» ինչ-որ մի հարցում չի բավարարել իշխանավորներին՝ նրանք էլ փորձում են պատժել այս ընկերությանը: Համոզմանս հիմնավորումը հետեւյալն է. երբ 1998-ին քննարկվում էր «ԱրմենՏելին» մենաշնորհային կարգավիճակ տալու հարցը՝ ես եւ ԱԺ-ում իմ համախոհները դեմ էինք եւ ամեն ինչ արեցինք, որ այդ հարցը լուծվի Սահմանադրության շրջանակներում: Սակայն այն մարդիկ, ովքեր այժմ պայքարում են «ԱրմենՏելի» դեմ, այն ժամանակ նույն ջանասիրությամբ պայքարում էին, որ «ԱրմենՏելը» պահպանի այդ մենաշնորհը: – Որոշակիացրեք՝ ո՞ւմ մասին է խոսքը: – Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այն ժամանակ ԱԺ-ում եւ ՍԴ-ում պաշտոնապես ներկայացնում էր կառավարությունը եւ նույն եռանդով հիմնավորում, թե միայն մենաշնորհը կփրկի Հայաստանը, կունենանք լավ հեռախոսակապ եւ այլն: Նաեւ պնդում էր, թե ամեն ինչ կատարվում է օրենքների շրջանակներում, չկա ոչ մի խախտում: Եվ 15 տարվա մենաշնորհ տրվեց հենց նրա այդ ելույթների շնորհիվ: – Կառավարությունը գուցե որոշակի հույսեր էր փայփայում, թե «ԱրմենՏելն» իրոք կբարելավի մեր կապի վիճակը, սակայն երբ պարզ դարձավ, որ ընկերությունը չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները՝ ստիպված եղան ձեռնարկել նման քայլեր: – Ընդհանրապես հույսեր փայփայելը վատ երեւույթ չէ: Սակայն երբ խոսքը տնտեսության կամ այլ բնագավառում պետական քաղաքականության մասին է՝ պետք է պահպանվեն որոշակի սկզբունքներ: Իսկ տնտեսական ազատական քաղաքականության սկզբունքներն են հակամենաշնորհային գործունեությունը եւ մրցակցային պայմանների ապահովումը:1998-ին նույն՝ շուկայական ազատ տնտեսության գաղափարները դավանող կառավարությունը կատարեց հակառակ քայլերը՝ մենաշնորհային իրավունքներ տալով մի բնագավառում, որի լուծումներն աշխարհում վաղուց են իրականացվել: Եվրամիությունը նույնիսկ իր կազմի մեջ մտնող երկրների համար սահմանափակում է հաստատել, թե նրանք իրավունք չունեն այդ բնագավառում ունենալ մենաշնորհ: Եվ, ասենք, «ՖրանսՏելեկոմ»-ին կամ «ԲրիթիշՏելեկոմ»-ին պարտադրեցին, որ մասնավորեցվեն ու նաեւ, որ որեւէ մեկը չունենա այդ ընկերությունների բաժնետոմսերի 25%-ից ավելին: – Հիշարժան է, թե երբ օրենքում ամրագրվեց «ԱրմենՏել»-ին տրված մենաշնորհը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ընդամենը 1-2 օր անց: «Հանրապետություն» խմբակցությունը փորձե՞ց հակազդել դրան: – Ամեն ինչ կատարվեց շատ հապճեպ: «Հանրապետության» գերակշռող մասը պայքարեց այդ դրույթի դեմ, քանի որ եզակի դեպք էր, որ օրենքում արձանագրվում էր կազմակերպության անուն: Բացի այդ՝ արտառոց էր նաեւ 15 տարվա մենաշնորհն օրենքով սահմանելը: Կյանքը ցույց տվեց, թե իրոք տեղին էր այն պայքարը, որ խորհրդարանում եւ ՍԴ-ում տարանք 1998-ի մարտից մինչեւ հունիս: Իսկ մեր փաստարկների հիմնավոր լինելը կառավարությունն ըմբռնեց միայն 5 տարի անց: – Ակնարկեցիք, թե «ԱրմենՏելի» եւ կառավարության միջեւ հակադրության պատճառներն այլ են: Գուցե փորձում են մենաշնորհից զրկել «ՌոսՏելեկոմի՞ն» կամ «ՂարաբաղՏելեկոմի՞ն» տեղ բացելու համար: – Միանշանակ դա է պատճառը: Տեղյակ չեմ, թե որոշակի որ կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություններ կան, բայց նախադեպերը հաշվի առնելով, թե իշխանությունն ընդհանրապես ինչպես է իրեն դրսեւորում տնտեսական կյանքում՝ ինձ համար հստակ է, որ այստեղ առկա է անձնական շահագրգռվածություն: Իշխանավորներից մեկը պարզապես շատ լավ հաշվարկել է, թե ինչ է նշանակում արտոնություններ ունենալ հեռահաղորդակցության բնագավառում, ինչ խոշոր գումարներ կարող է ձեռք բերել այս ոլորտում եւ ձեւ են գտել բավարարելու նրա ցանկությունները: Չեմ կարող ասել՝ գուցե խոսքը ոչ թե մեկ իշխանավորի, այլ մի քանիսի մասին է: Ուրիշ հանգամանք էլ կա: Եթե համոզված լինեի, որ «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելուց հետո կհայտարարվի մրցույթ, որի շնորհիվ կընտրվի մեկ այլ ընկերություն, որը կապահովի նորմալ կապ՝ կողջունեի այս քայլերը: Բայց նախադեպերը վկայում են, թե այդպես չի լինի: Հենց «ԱրմենՏել»-ի սեփականաշնորհումն էլ չի եղել մրցույթի միջոցով: Կառավարության 1997-ի որոշման մեջ, որը վերահաստատվեց 1998-ին՝ նշված էր, թե պետք է անցկացվի միջազգային մրցույթ: Այն չանցկացվեց եւ ինձ համար դա եւս մի ապացույց է, որ մենաշնորհից զրկելու ցանկությունը թելադրված է զուտ նեղանձնական, շահադիտական նկատառումներով: Նույնը տեղի ունեցավ նաեւ օդանավակայանի, «Հայկական ավիաուղիների» պարագայում՝ էլի առանց մրցույթի եւ հնարավոր միջազգային ներդրողների հետ բանակցությունների՝ տվեցին մեկին, որի ձեռքը, կարծում եմ՝ վաղ թե ուշ կընկնեն կրակը: ՍԴ-ի որոշման մեջ հստակ արձանագրված էր, որ կառավարությունը գերազանցել էր իր լիազորությունները, երբ արտոնություններ էր տրամադրել «ԱրմենՏելին»: ՍԴ-ն առաջարկել էր, որ կառավարությունն ու ԱԺ-ն օրենսդրական փոփոխությունների միջոցով «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածը համապատասխանեցնեն Սահմանադրությանը: Ցավոք, մինչեւ հիմա այդ խնդիրը լուծում չի ստացել եւ չի կատարվել ՍԴ-ի որոշումը: Այնպես որ՝ եթե ցանկություն կար ճշտել «ԱրմենՏել»-ի հետ հարաբերությունները՝ պետք է կատարվեր ՍԴ-ի որոշումը, որի շնորհիվ կունենայինք նորմալ օրենք, որում հստակ կկարգավորվեին հակամենաշնորհային հարցերը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ