Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՐՑՆ «ԱՊԵՐՆ ԷՐ ԼՈՒԾՈՒՄ»

Սեպտեմբեր 19,2003 00:00

«ՀԱՐՑՆ «ԱՊԵՐՆ ԷՐ ԼՈՒԾՈՒՄ» Երեկ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննության ժամանակ հայտարարեց ամբաստանյալ Գեղամ Շահբազյանը: Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության երեկվա նիստում այդպես էլ չհաջողվեց հարցաքննել՝ իր նախաքննական ցուցմունքներից հրաժարված ամբաստանյալ Ֆելիքս Առուստամյանին: Վերջինս հրաժարվեց պատասխանել կողմերի հարցերին եւ բավարարվեց նրանով, ինչ արդեն ասել էր: Մեղադրող Զելիմ Թադեւոսյանը, նկատի ունենալով նաեւ ամբաստանյալի ցուցմունքի «խիստ հակիրճ բնույթը» եւ այն, որ նա չէր խոսել մի շարք «կարեւորագույն հանգամանքների մասին», միջնորդեց հրապարակել՝ նախ Ֆ.Առուստամյանի նախաքննական ցուցմունքները, ապա նաեւ՝ ցուցմունքների տեսաձայանագրությունը: Ինչպես պետք էր ենթադրել, այդ «կարեւորագույն հանգամանքները» թաքնված էին այնտեղ, որտեղ նշված էին ամբաստանյալ Արմեն Սարգսյանի անունն ու առնչությունը հիշյալ սպանությանը: Ապա՝ ցուցադրվեց նաեւ Ֆ.Առուստամյանի մարտի 4-ին տված ցուցմունքի տեսաձայնագրությունը: «Ովքե՞ր էին ուզում, որ Տ.Նաղդալյանը սպանվի»,- ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանի այս հարցին ամբաստանյալը նախ՝ չէր կողմնորոշվում ինչ ասել, հետո էլ պատասխանեց, թե՝ Գեղամ Շահբազյանն իրեն «չի ասել»: «Դու դա բանավոր ասում էիր. ովքե՞ր են շահագրգռված Տ.Նաղդալյանի սպանությամբ»,- տեսագրությունում հարցը կրկնում էր քննիչը՝ մատնելով նաեւ, որ մինչ տեսագրությունը ամբաստանյալի հետ բանավոր «ռեպետիցիա» էր տեղի ունեցել: «Ինչ-որ ասում էին Վազգենի եղբայրների մասին»,- «հիշեցնում» էր քննիչը: «Գեղամի ասելով, Վազգեն Սարգսյանի եղբայրը»,- դասը վատ սովորած աշակերտի պես տեսագրված նյութում «վերհիշում» էր ամբաստանյալը: «Դու գիտես, որ Վազգեն Սարգսյանը քանի եղբայր ունի» կամ՝ «Իրականում վճարողն ո՞վ էր»: Ահա այսպիսին էին քննիչների հարցերը: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ այս տեսագրությունը կատարվել էր երկու մասով, որովհետեւ ակնհայտ երեւում էր, որ ամբաստանյալի հարցաքննությունը սկսվել էր մի սենյակում, ավարտվել՝ մեկ այլում: Բացի այդ, թեեւ տեսագրության մեջ ամբաստանյալին հարցեր ուղղողներից մեկը այսօր գործով այլ ամբաստանյալի պաշտպան Լուսնթագ Բադալյանն էր, բայց չգիտես ինչպես էր ստացվել, որ տեսագրության արձանագրությունը, որը մեղադրողը դատարանում հրապարակեց, ստորագրել են քննիչ քրեագետ Բասենցը, ՀԿԳ քննիչ Հ.Սարդարյանն ու փաստաբան Էդ. Չինարյանը: Դատարանը երեկ հասցրեց լսել նաեւ ամբաստանյալ Գեղամ Շահբազյանի ցուցմունքները: Քրգործի նյութերով նա Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատուի եւ քիլլերների միջեւ կապող օղակն ու սպանության նախապատրաստական աշխատանքները համակարգողն է: Բայց նա էլ՝ ի տարբերություն դատախազների կողմից անընդհատ մատնանշվող նախաքննական ցուցմունքների, այդպես էլ, որպես սպանության պատվիրատուի, Արմեն Սարգսյանի անունը չնշեց. «չեմ հիշում, ի՞նչ եմ գրել, մի հատ կարդացեք»: Գ.Շահբազյանը սպանության պատվերը ստացել էր նախ Լյովա Հարությունյանից, որը խոստացել էր դրա դիմաց իր խորտկարանը վաճառել 30 հազար դոլարով, իսկ եթե անգամ նեղն ընկներ, «կարող ա Արմենը պարտք տար»: Երբ Լ.Հարությունյանը հրաժարվել էր իր պատվերից, Գ.Շահբազյանը դիմել էր Հովհաննես Հարությունյանին՝ «Ապերին», եւ ստացել նմանատիպ պատվեր. «Ես եմ փողը տալիս, իմ տնից, դու գործ ունես իմ հետ»: Գ.Շահբազյանը պատասխանելով մեղադրողների հարցին միաժամանակ խոստովանեց, որ ինքը համոզված է եղել, որ «Ապերը» փողը կտա, որովհետեւ նա «պարտաճանաչ», «ունեւոր» տղա է: Բայց սպանությունն իրականացնելուց հետո, երբ «Ապերը» ձգձգել էր խոստացված փողը տալ, ինքը վերջինիս հարցրել էր ու իմացել, որ փողը Ա.Սարգսյանը պետք է տար: Գ.Շահբազյանը այդ տեղեկությունը փորձել էր ճշտել Լյովա Հարությունյանի միջոցով, որն էլ իր հերթին Ա.Սարգսյանի հետ խոսելուց հետո Գ.Շահբազյանին փոխանցել էր, որ Ա.Սարգսյանն այդ գործի մասին ոչինչ տեղյակ չէ: Այս հակասության մասին Գ.Շահբազյանն արդեն ասել էր «Ապերին»՝ պահանջելով իրենց խոստացված գումարը: Մի քանի օր անց նրանք երկուսով գնացել են Ա.Սարգսյանենց տուն. «Ապերն» ասեց՝ քշի, փողը վերցնեմ, տամ»: Տանից դուրս գալուց հետո «Ապերը» փողը տվել էր: Գ.Շահբազյանը դատախազի այն հարցին, թե Արմենն ինչո՞ւ պետք է էդ փողը տար, անկեղծացավ. «Չգիտեմ, «Ապերն» իրան ինչ էր ասել: Ես մինչեւ հիմա էլ չեմ հասկացել»: Ի վերջո, դատախազների ամենատարբեր հարցադրումները, որոնք անպայմանորեն համեմված էին Արմեն Սարգսյանի անվան հիշատակություններով, նպատակին չհասան: Գ.Շահբազյանը չդարձավ այն ամբաստանյալը, որը կհաստատեր «Ապերի» նախաքննական ցուցմունքը՝ Ա.Սարգսյանի, իբրեւ Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուի եւ վճարողը լինելու առնչությամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել