Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ

Սեպտեմբեր 18,2003 00:00

ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց 63-րդ առաջնության երկրորդ տուրը։ Եւ երկրորդ անգամ անընդմեջ ոչ մի պարտիայում խաղաղ արդյունք չգրանցվեց։ Առանձնակի հետաքրքրություն էին ներկայացնում միջազգային գրոսմայստերներ Արսեն Եղիազարյանի եւ Արտաշես Մինասյանի, ինչպես նաեւ Գաբրիել Սարգսյանի եւ Աշոտ Անաստասյանի մրցամարտերը։ Եղիազարյանը համառ պայքարում կարեւոր մեկ միավոր շահեց Մինասյանից, իսկ Սարգսյանը՝ Անաստասյանից։ Եվ եթե առաջինում Արսեն Եղիազարյանը հաջողության հասավ իր վաղեմի մրցակցի ու մոտավորապես հասակակցի նկատմամբ, ապա երկրորդ զույգում հաջողությունն ուղեկցեց կոչումով հավասար, բայց ավելի երիտասարդ Գաբրիել Սարգսյանին։ Ի դեպ, սա Գաբրիելի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Իր անվան դիմաց 2-րդ միավորը գրանցեց նաեւ միջազգային գրոսմայստեր Կարեն Ասրյանը, որի հետ պայքարում անձնատուր եղավ ազգային վարպետ Արման Փաշիկյանը։ Վարպետության թեկնածու Բենիամին Գալստյանի եւ ազգային վարպետ Գեւորգ Հարությունյանի մրցակցությունն ավարտվեց առաջինի հաղթանակով։ Բենիամինը վաստակեց իր առաջին միավորը։ Անհաջող է մեկնարկել մրցաշարում գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ միջազգային գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։ Նա կրել է երկու պարտություն, երկրորդը՝ ազգային վարպետ Տիգրան Պետրոսյանից։ Երկու տուրից հետո առանց կորստի ընթանում են երիտասարդ, բայց արդեն բավականաչափ մրցափորձ ունեցող գրոսմայստերներ Կարեն Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Չնայած դեռ վաղ է եզրակացություն անել, բայց, կարծում ենք, չեմպիոնության համար պայքարը հիմնականում կծավալվի հենց այս երկու շախմատիստների միջեւ։ Միանգամից վեց հոգի տարել են մեկական հաղթանակ եւ միայն երկուսն առայժմ ոչ մի միավոր չունեն։ Ահա թե ինչպիսի տեսք ունի մրցաշարային աղյուսակը երեկվա դրությամբ. 1-2. Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան՝ 2-ական միավոր, 3-8. Արսեն Եղիազարյան, Աշոտ Անաստասյան, Արտաշես Մինասյան, Տիգրան Պետրոսյան, Գեւորգ Հարությունյան, Բենիամին Գալստյան՝ 1-ական, 9-10. Լիլիթ Մկրտչյան, Արման Փաշիկյան՝ 0-ական։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել