Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԿԱԹՍԱՆ ԻՄՆ Է»

Սեպտեմբեր 18,2003 00:00

«ԱՅՍ ԿԱԹՍԱՆ ԻՄՆ Է» Ասում են Տիկնիկային թատրոնն ու Քաղաքապետարանի ջերմային տնտեսությունը Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը աշխատել է նույնիսկ 1991-93-ի ծանր տարիներին, երբ մշակույթի շատ օջախներ մատնված էին հարկադիր պարապուրդի։ Սակայն դժվար թե այսուհետ ձմռան ամիսներին տիկնիկային թատրոնը նույն ոգով աշխատի, եթե չլուծվի թատրոնի կաթսայատան պատկանելության հարցը։ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով շենքի վերանորոգման աշխատանքները վաղուց ավարտվել են։ Մշակութային օջախը ապահովված է եվրոպական չափանիշներին համապատասխան ձայնա-լուսային սարքավորումներով ու տեխնիկական այլ միջոցներով։ Թատրոնի փոխտնօրեն Գագիկ Ռոստոմյանը տեղեկացրեց, որ թատրոնի թանկարժեք սարքերը կվնասվեն, եթե շենքը ձմռանը չջեռուցվի։ Ըստ Ռոստոմյանի, Լինսի հիմնադրամի միջոցներով իրենց թատրոնի համար Իտալիայից բերվել են կաթսաներ, վերանորոգվել է կաթսայատունը, որը, սակայն, մնացել է Քաղաքապետարանի ջերմային տնտեսության հաշվեկշռում։ Վերջինս էլ հաշվարկներ է արել ու պարզել, որ սեզոնին շենքը ջեռուցելու դեպքում թատրոնը, կոպիտ հաշվարկներով, պետք է վճարի 6 մլն 300 հազար դրամ։ Եղածը փոխտնօրենը աբսուրդ է համարում, քանի որ թատրոնի ամբողջ տարվա բյուջեն երեւի այդքան չի կազմում։ Այստեղ տոմսն ընդամենը 200-300 դրամ արժե։ Ստացվում է, որ ձմռան ամիսներին տիկնիկայինի շենքը չջեռուցելը հարցականի տակ է դնում թատրոնի հետագա գործունեությունը։ «Եթե պետք է ձմռանը մեկ ներկայացում խաղանք ու 5000 դոլարանոց մագնիտոֆոնը կամ 10000 դոլարանոց պուլտը փչացնենք, լավ է չաշխատենք»,- գտնում է փոխտնօրենը։ Տիկնիկային թատրոնի ղեկավարությունը մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ միասին օրերս հանդիպել են Ջերմային տնտեսության պետ Արշակ Հովհաննիսյանին։ Վերջինիս առաջարկվել է կաթսայատունը քաղաքապետարանի հաշվեկշռից տեղափոխել մշակույթի նախարարության հաշվեկշիռ։ Սակայն հարցը առկախ է մնացել։ Թատրոնի աշխատակիցներին «վախեցրել» են, որ այդ դեպքում թատրոնը ինքնուրույն չի կարողանա շահագործել կաթսայատունը։ Իսկ Գ. Ռոստոմյանը վստահ է, որ թատրոնի կոլեկտիվը կարող է դա անել: «Միեւնույն է, առաջիկա 10 տարում Երեւանի կենտրոնում որեւէ շենք չի ջեռուցվելու։ Ճիշտ չի՞ լինի որոշակի ժամանակով կաթսայատունը հանձնել նախարարությանը։ Եթե 10-14 հազար դրամով դերասաններն աշխատում են, ուրեմն մարդիկ էլ կգտնենք, որ կաթսայատունը շահագործելու համար հարյուրավոր դոլարներ չեն պահանջի»։ Փորձեցինք խնդրի վերաբերյալ իմանալ Ջերմային տնտեսության պետի կարծիքը։ Պրն Հովհաննիսյանը հարցը «պաս տվեց» ենթակային՝ գլխավոր ինժեներ Ռոբերտ Բուղդարյանին։ Վերջինս էլ ընդամենն ասաց. «Որեւէ կապ չունի, թե որ կառույցի հաշվեկշռում է կաթսայատունը։ Իսկ 6 մլն 300 հազար դրամը, որ պիտի վճարի տիկնիկային թատրոնը, դեռ վերջնական չէ։ Սրանք խառը հարցեր են, որոնցից դժվար է գլուխ հանելը։ Ի՞նչ անենք՝ Լինսի հիմնադրամն է փող տվել։ Նույն կաթսայատնից «սնվում» են նաեւ Գեղագիտական ազգային կենտրոնը, Խնկո-Ապոր անվան գրադարանը եւ շրջակա շենքերը։ Այնպես որ, հնարավոր չէ «մասնատել» կաթսայատունը»։ Օրերս տիկնիկային թատրոնը կմասնակցի Բելառուսում եւ Բուլղարիայում կայանալիք տիկնիկային թատրոնների միջազգային փառատոներին, ուր կներկայացնի «Հայի բախտ» ներկայացումը։ Հոկտեմբերի առաջին կեսերին, երբ տնօրեն Ռուբեն Բաբայանը խմբի հետ վերադառնա հյուրախաղերից, թատրոնի ղեկավարությունը դարձյալ մի փորձ կանի (մշակույթի նախարարության միջամտությամբ) լուծելու կաթսայատան հարցը։ «Ի դեպ, Վրաստանի նման երկրում, որը էլեկտրաէներգիայի լուրջ պրոբլեմ ունի, մշակութային օջախներին գրեթե ձրի են էլեկտրաէներգիա տրամադրում,- փաստեց Գ. Ռոստոմյանը,- վրացական տիկնիկային թատրոնի գործընկերս, որ Երեւան էր եկել, շատ էր զարմացել մեր վիճակից ու թատրոնների նկատմամբ պետական հոգածության բացակայությունից»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել