Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առեւտուրը հայրենիք չունի»

Սեպտեմբեր 18,2003 00:00

«Առեւտուրը հայրենիք չունի» Այդ համոզմունքն ունեն տնտեսագետներից շատերը «Հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին կարծիք են հայտնում բոլորը՝ տեղյակ, թե անտեղյակ»,- Գործարարների ու արդյունաբերողների միությունում երեկ հրավիրված քննարկման ժամանակ նկատեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը։ Կլոր սեղանին մասնակցում էին տնտեսագետներ, միակ գործարարը միության նախագահ, նաեւ՝ հայ-թուրքական տնտեսական զարգացման հանձնաժողովի համանախագահ Արսեն Ղազարյանն էր։ Նրա կարծիքով, «այս խնդրում կա քաղաքական մի թնջուկ, որը ոչ մի կառավարություն ռիսկ չի անում բացել, ոչ մեր կողմի, ոչ էլ նրանց»։ Պարոն Ղազարյանն ինքն էլ հեռու մնաց այդ թնջուկը բացելու գայթակղությունից, գերադասելով անմիջապես խոսքը փոխանցել ներկաներին։ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը գտնում է, որ «սահմանի վերաբացումը վաղաժամ է, որովհետեւ մենք դեռ չենք վերլուծել, թե ինչ կարող է տալ մեզ դա, որ ոլորտներում պիտի համագործակցենք եւ ինչպես»։ Համեմատության համար հիշատակվեց անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որին «նույնպես անպատրաստ էինք ու արդյունք դեռ չենք տեսնում, այնինչ Վրաստանն ու Ադրբեջանն օգտվում են առավելագույնս»։ Պարոն Մանասերյանը կարծում է, որ «սահմանի վերաբացման նախաձեռնությունը Թուրքիայինն է, նպատակը երկրի արեւելյան հատվածը՝ Ղարս, Էրզրում, Տրապիզոն, զարգացնելն է, որտեղ ներդրողների համար սահմանվել են արտոնություններ»։ Տնտեսագիտության դոկտոր Սամվել Ավետիսյանն, ընդհակառակը, գտնում է, որ «մենք միշտ էլ պատրաստ ենք եղել համագործակցության, միայն պետք է հաղթահարենք որոշ էմոցիաներ», եւ որ «սահմանի բացումը Թուրքիային պետք չէ, որովհետեւ Թուրքիայի համար մեր երկիրը փոքր շուկա է, իսկ տրանզիտ ճանապարհ դեպի Եվրոպա մեզ է պետք»։ Տնտեսագետը հիշեցրեց բոլոր ոլորտների վրա ցանկության դեպքում լավ հարմարվող հայտնի ասույթը՝ «առեւտուրը հայրենիք չունի»։ Դրան հետեւեց Իսրայելի օրինակը, որը «շրջապատված է անբարյացակամ հարեւաններով, բայց ոչ մեկի դեմ սահման չի փակել»։ Կառավարության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանը ճիշտ չի համարում, որ «ամեն անգամ այս խնդրի մասին խոսելիս քաղաքական հարցը բերում ենք տնտեսականից առաջ ու ասում՝ էլ մի մտածեք, սա քաղաքական հարց է ու մեր ուղեղների բանը չէ»։ Ի հեճուկս նրա, ՀԲ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն իր կազմակերպության կարծիքը սահմանափակեց միայն տնտեսական մոտեցմամբ, նշելով, որ «փակ սահմաններով երկրում ներդրումների հնարավորությունը փոքրանում է եւ Համաշխարհային բանկը միանշանակ «այո» է ասում հայ-թուրքական սահմանի բացմանը»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել