ՉԱՓԱՆԻՇՆԵՐ Ե՛Վ ԿԱՆ, Ե՛Վ ՉԿԱՆ ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան գտնում է, որ բանակից կարելի է խուսափել «փիլիսոփայական պատճառներով»: Ընտրություններից հետո ԵԽ-ին մեր անդամակցության հարցը կրկին դարձել է վիճահարույց: Իհարկե, մեր «ազգային մենթալիտետը» հպարտությամբ կրող որոշ քյաբաբասերներ անհամբեր սպասում են, թե երբ կազատվենք ժողովրդավարության եվրոպական «կապանքներից», բայց ավելի սթափ մտածողները հասկանում են, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Շատ հավանական է, որ պատժամիջոցների դամոկլյան սուրը մեր գլխին կճոճվի մինչեւ 2004թ. հունվարի վերջը: Այդ ժամանակ ԵԽ ԽՎ նստաշրջանում պիտի քննարկվի ՀՀ-ի, Ադրբեջանի եւ Վրաստանի՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Իսկ դա արդեն լուրջ է: Երեկ Մամուլի ազգային ակումբում Նատալյա Վուտովան հայտարարեց, որ ՀՀ-ն իր պարտավորությունների կատարման մեջ առանձնապես չի փայլում. «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացումը ամենաթարմ օրինակն է: Այդ պարտավորության կատարումը ձգձգվեց երկու տարի: Ձգձգվում է նաեւ օմբուդսմենի մասին օրենքի ընդունումը, որն ուղղակիորեն կապված է Սահմանադրության փոփոխությունների հետ: Սահմանադրական փոփոխությունները ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններից չեն, բայց որոշ պարտավորությունների կատարումներ կապված են այդ բարեփոխումների հետ: Քանի որ փոփոխությունները չընդունվեցին հանրաքվեով, իսկ օմբուդսմենի մասին օրենքը ՀՀ-ն պարտավորվել է ընդունել, մենք եկանք այն մտքին, որ ընդունվի ժամանակավորապես գործող տարբերակ, երբ օմբուդսմենին կնշանակի նախագահը՝ խորհրդարանի քաղաքական ուժերի հետ խորհրդակցությամբ: Մեզ համար շատ կարեւոր է, որ ՀՀ առաջին օմբուդսմենը գրավի հայ հասարակության սրտերն ու մտքերը, որ նրան հավատան, վստահեն: Օրակարգում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները, որով կփոփոխվի ՀՌԱՀ անդամների նշանակման կարգը: Մեզ համար կարեւոր է, որ ՀՌԱՀ անդամները նշանակվեն թափանցիկ ձեւով: ԵԽ-ի համար շատ կարեւոր է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունումը, որը ձգձգվում է: Այդ օրինագիծը բազմիցս անցել է մեր փորձաքննությունը: Վերջին անգամ ապրիլին է փորձաքննության ենթարկվել, դրանից հետո ՀՀ կառավարությունը չի դիմել նման հարցով»: Առաջ եկավ նաեւ «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքի ընդունման մասին հարցը: Պարզվում է, որ մարդասեր եվրոպացիներն ուզում են օրենքով բանակում ծառայելուց ազատել ոչ միայն կրոնական պատճառներով զինծառայությունից խուսափողներին, այլեւ այն մարդկանց, ովքեր հրաժարվում են ծառայությունից՝ «փիլիսոփայական պատճառներով»: Հայրենիքին կարելի է ծառայել այլ կերպ՝ գտնում է Եվրոպան, դրա համար հարկավոր է միայն համապատասխան հանձնաժողովին ապացուցել, որ դու, ասենք, Եհովայի վկա ես կամ՝ թեկուզ աթեիստ, բայց՝ պացիֆիստ: Եվ այլընտրանքային ծառայությունը չպիտի դառնա պատիժ՝ շատ ավելի երկարատեւ եւ շատ ավելի ծանր լինի, քան զինծառայությունը: Ընդ որում, ըստ Ն.Վուտովայի, ԵԽ-ն, ինչպես այլ դեպքերում, այս դեպքում էլ հաշվի չի առնում «ազգային առանձնահատկությունները», եւ նրան քիչ է հետաքրքրում, որ այլընտրանքային զինծառայության օրինականացումը կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը: Որպես ապացույց այն բանի, որ հարեւանների հետ խնդիրներ ունեցող երկրները ընդունում են այդպիսի օրենք, նա հիշեց Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաեւ՝ ոչ ԵԽ անդամ Իսրայելը. «Երբ ՀՀ-ն պատրաստվում էր մտնել ԵԽ, նրա ղեկավարությանը հայտնի էին բոլոր պայմանները: Եվ որեւէ զիջման հույս այս հարցում ՀՀ-ն չպիտի ունենար: Եվրոպական չափանիշները միասնական են բոլորի համար եւ բացառություններ չեն լինում»: «Առավոտի» հարցը վերաբերում էր «եվրոպական չափանիշներին»՝ արդյո՞ք համապատասխանում է այդ չափանիշներին վիրավորանքի եւ զրպարտության քրեականացումը: Ն.Վուտովան ասաց, որ շատ դժվար է հարցին միանշանակ պատասխան տալը, քանի որ այդ կապակցությամբ միասնական եվրոպական պրակտիկա չկա, եւ տարբեր եվրոպական երկրներում տարբեր մոտեցումներ կան: Ահա այսպիսին է ծերուկ Եվրոպան՝ որոշ չափանիշներ միասնական են եւ բացառություն չեն ընդունում, որոշ դեպքերում էլ՝ չափանիշ չկա: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ