Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ ԿԱՏԱՐԵԼ

Սեպտեմբեր 18,2003 00:00

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳ ԿԱՏԱՐԵԼ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության մասով որեւէ առճակատում մեր եւ Դեմիրճյանների միջեւ չկա»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը եւ հավելեց. «Ընդհանրապես, մեր եւ Դեմիրճյանների միջեւ որեւէ առճակատման մասին խոսելն անհեթեթ է։ Ես ասել եմ, որ մենք, դժբախտաբար, նույն ճակատագրի մարդիկ ենք»։ Իսկ «27»-ի դատավարության ընթացքի մասին պրն Սարգսյանը նշեց, որ ինքը երբեք թույլ չի տա իրեն հարցնել, թե ինչո՞ւ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչը դուրս եկավ դատարանից. «եւ եթե ես վաղը հրաժարվեմ իմ փաստաբաններից որեւէ մեկից, Ստ. Դեմիրճյանը նույնպես ինձ չի հարցնի, թե՝ ինչո՞ւ։ Չնայած մենք խոսել ենք այդ թեմայով, ես տեղյակ եմ եղել, որ Աշոտ Սարգսյանը դատական նիստերից դուրս է գալու, բայց դա չի նշանակում, որ Աշոտ Սարգսյանը «27»-ի գործով չի շարունակելու պաշտպանել Դեմիրճյանների շահերը։ Չմոռանանք, որ կա նաեւ գործից անջատված մաս եւ այդ մասում եւս անելիքներ ունի եւ հնարավոր է, որ համապատասխան պահին Աշոտ Սարգսյանը հանդես կգա հայտարարություններով։ Ինչ վերաբերում է մեր փաստաբաններին, ապա մենք որոշեցինք տակտիկական առումով թույլ չտալ իշխանություններին «27»-ի դատավարությունը տանել իրենց քաղաքական սցենարով։ Եվ սա է պատճառը, որ շահերի ներկայացուցիչներ հանդես են գալիս մարդիկ, ովքեր քաղաքական դեմքեր են եւ, որոնց խնդիրը դատարանում մեկն է՝ դատարանին թույլ չտալ քաղաքական հրահանգ իրականացնել եւ նրանց վերադարձնել իրավական դաշտ։ Կարծում եմ, այս տակտիկան իր արդյունքը տվեց, եւ ապագայում եւս կտա»։ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, խոսելով 6-րդ արձանագրության վավերացման մասին, ասաց. «Մենք ստորագրել ենք Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու մասին մեր ցանկության փաստաթուղթը։ Իսկ ԵԽ-ն բազմաթիվ պարտավորություններ ունի եւ 6-րդ արձանագրությունը պարզապես լրացումն է եւ խնդիր չէր դրված ընդունել լրացումը։ Հիմնական պարտավորությունները թողած, մենք փորձում ենք լրացումներով առաջ գնալ»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել