Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արսենյանը չի թաքցրել

Սեպտեմբեր 18,2003 00:00

Արսենյանը չի թաքցրել Պարզապես նրան չեն հարցրել Տիգրան Նաղդալյանի սպանության գործի դատավարության վերջին նիստերում ամբաստանյալի դերը կարծես թե ստանձնում է Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որը երկու անգամ դուրս հրավիրվեց դահլիճից։ Երեկ փաստաբանը մամուլի ասուլիս էր հրավիրել։ Պրն Արսենյանը երեկ շարունակ խնդրում էր, որ ամեն ինչ կատարվի օրենքի շրջանակներում՝ «անօրինականությամբ չի կարելի պահպանել օրենքը»։ Հովիկ Արսենյանը ներկայացրեց, թե ինչպես է անցել փաստաբանական աշխատանքի՝ մամուլում հրապարակված փաստաբանական մրցույթի մասին իմանալով, ինքը ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը մրցույթին մասնակցելու համար եւ հաղթել է այդ մրցույթում. «Եթե այդ փաստաթղթերում պահանջվել է նաեւ ինքնակենսագրական գրել, անհնարին էր, որ այնտեղ ես լրացրած չլինեի, թե նախկինում դատապարտվել եմ։ Որովհետեւ ես հարգում եմ օրենքը։ Եվ բացառվում էր, որ իմ ինքնակենսագրականում ես այդ մասին տեղեկացրած չլինեի,- բավականաչափ թեականորեն շարադրեց փաստաբանը,- ինչ վերաբերում է այն անձնական գործին, որի պատճենահանումը կատարել են ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ապա անձնական թերթիկ է լրացված, որտեղ կան համապատասխան տողեր, թե ինչ կետեր պետք է լրացնել։ Եվ եթե նման կետ չկա, ապա իմ աշխատանքային գործունեության մասում ինչպե՞ս կարող էի գրել դատվա՞ծ եմ, թե՞ ոչ։ Եթե հանրապետության բոլոր մյուս փաստաբանական միություններում փաստաբաններն այդ ժամանակ նշում են կատարել իրենց դատված լինել կամ չլինելու մասին եւ, միայն Հովիկ Արսենյանը նշում չի կատարել, սա արդեն այլ խնդիր է։ Եվ այդ դեպքում միայն ինձ կարող են մեղադրել, թե դուք դա թաքցրել եք»։ Հովիկ Արսենյանը նկատեց, որ այսօր արդեն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջին համապատասխան կա կետ՝ դատվածության մասին, եւ մարդիկ լրացնում են։ Իրեն հասցեագրված մեղադրանքը, թե ինքը թաքցրել է իր դատվածության մասին ինֆորմացիան, Հովիկ Արսենյանը չի ընդունում, որովհետեւ որեւէ մեկը չի հարցրել այդ մասին։ «Փաստաբանների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտ է ունենալ որակավորման քննությունները հանձնելու վերաբերյալ վկայագիր եւ բարձրագույն կրթության համապատասխան փաստաթուղթ, ինչը՝ փաստաբանական լիցենզիա ստանալու համար Հովիկ Արսենյանը ներկայացրել է։ Պրն Արսենյանը նշեց, որ լինելով իրավապաշտպանական մի շարք կազմակերպությունների անդամ, ինքը հարցին մոտենում է նաեւ այս դիրքերից՝ «ՀՀ Սահմանադրության 29 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի աշխատանքի ազատ ընտրության իրավունք ունի, ես օգտվել եմ այդ իրավունքից։ Եվ նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրությունը գերակայություն ունի ներպետական բոլոր նորմատիվ ակտերի նկատմամբ, ապա այս տեսանկյունից բացարձակապես ոչինչ տեղի չի ունեցել»։ Դատական նիստից (առաջին անգամ) իրեն հեռացնելուց մեկ ժամվա ընթացքում Հովիկ Արսենյանն անձամբ է փաստաբանների միջազգային միության նախագահին ներկայացրել իր արտոնագիրը եւ վկայականը, որպեսզի իր անձնական գործն ուսումնասիրվի. «Ես խիստ ցանկանում եմ, որպեսզի լինենք անաչառ եւ օբյեկտիվ, եթե թույլ եմ տվել որեւէ խախտում, միշտ պատրաստ եմ դրա համար պատիժ կրել»։ «Առավոտը» մեկ հարց ուներ փաստաբանին՝ նախքան Արմեն Սարգսյանի շահերի պաշտպանությունն ստանձնելը, ինքը տեղյակ պահե՞լ է Արամ Սարգսյանին իր կենսագրության հայտնի դրվագի մասին։ Փաստաբանն ասաց՝ «այո»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել