Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

Սեպտեմբեր 18,2003 00:00

ԿԻՍՈՎ ՉԱՓ ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ «Առավոտը» տնտեսական երկու հարցերի պարզաբանման խնդրանքով դիմեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին: Դեռեւս 2000-ի նոյեմբերին էր «Գոլոս Արմենիին» հաղորդել, որ Լինսի հիմնադրամի հետ բանակցություններ են տարվում 2004-ի ծրագրի համար, եւ մատնանշել հատկացվելիք 200 մլն դոլար գումարը: Փորձեցինք պարզել, թե ինչ փուլում են բանակցությունները: Արտաշես Թումանյանի համար, որ համակարգում է Լինսի հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ այդ տեղեկությունը նորություն էր. «Ես չգիտեմ այդ տեղեկատվության մասին, եւ ինձ անհայտ է դրա աղբյուրը: Բայց մինչեւ 2003-ի նոյեմբերը մեր հիմնական հարաբերությունները Լինսի կենտրոնական գրասենյակի հետ վերաբերում են այժմ գործող ծրագիրը ժամանակին եւ բարեհաջող՝ ըստ նախատեսված սցենարի ավարտելուն: Իհարկե, մենք մտածում ենք նաեւ հետագայում այս ծավալի աշխատանքները շարունակելու եւ այս ոլորտներում ներդրումներին աջակցելու մասին: Հնարավոր բոլոր ֆինանսավորող կազմակերպությունների, միջազգային կառույցների, հիմնադրամների հետ տարվում են աշխատանքներ: Բայց դրանց մասին կգերադասեինք խոսել այս ծրագիրն ավարտելուց, այսինքն՝ 2003-ի նոյեմբերից հետո»: 1999-ի ապրիլին դեռեւս ԱԺ պատգամավոր Արտաշես Թումանյանն էր խորհրդարանում ներկայացնում Վանաձորի «Քիմպրոմին» հարկային արտոնություններ տրամադրելու հարցը: Այս ձեռնարկությանը ներվեցին կուտակած բոլոր պարտքերը՝ այն հույսով, որ նոր ներդրողը՝ Սենիկ Գեւորգյանը աշխատատեղեր կստեղծի, կվերագործարկի գործարանի արտադրական հզորությունները: Սակայն պայմանագրային պարտավորությունները չկատարվեցին: Ուստի հետաքրքրվեցինք՝ մտադի՞ր չէ արդյոք իշխանությունը պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել ներդրողի նկատմամբ, ինչպես, օրինակ, «Սին-Քրիստալ»-ի պարագայում է: «Պրոմեթեւս-Քիմպրոմի» վերաբերյալ այդ տարիների մեր նկատառումներն, իհարկե, ամբողջությամբ չեն կատարվել,- հաստատեց պրն Թումանյանը:- Խնդիրը երկու մասի բաժանենք. գործարանը վերականգնել, նորացնել, տեխնոլոգիապես բերել ժամանակակից վիճակի, իրականացնել շինմոնտաժային աշխատանքներ եւ այլն՝ այդ առաջին մասն ամբողջությամբ կատարվել է, եւ գործարանը բերվել է աշխատանքային վիճակի: Միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվել մասնավոր ներդրողի կողմից: Բայց երկրորդ մասը, որ ձեռնարկությունը դրանից հետո իսկապես աշխատի, դեռեւս կատարված չէ: Այս առումով խնդիրները պահպանվում են. դժվարություններ կան, ասենք՝ մելամինի շուկա մտնելու կամ գազի գների առնչությամբ, որ հայկական մելամինը կարողանա մրցունակ լինել արտասահմանյան շուկայում: Մի քանի այլ արտադրատեսակների արտադրությունն իսկապես կարելի էր կազմակերպել, քանի որ դրանք շուկայական հարաբերությունների տեսակետից ավելի նպատակահարմար եւ բարենպաստ վիճակում են: Այսինքն՝ խնդիրը կիսով չափ է լուծվել, եւ ձեռնարկությունը տեխնիկապես պատրաստ մի քանի ուղղություններով աշխատանքի՝ սպասում է, ըստ էության, նոր ներդրողների: Եվ պետք է նպաստել դրան, որ որեւէ կազմակերպություն կամ կազմակերպությունների խումբ կարողանա աշխատեցնել ձեռնարկությունը»: Հետաքրքրվեցինք, թե բանակցություններ տարվո՞ւմ են հնարավոր ներդրողների հետ: «Այո՛, ամեն ինչ արված է, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս իմանան այդ ձեռնարկության մասին,- պատասխանեց նախագահի աշխատակազմի ղեկավարը:- Արված է համապատասխան գովազդային աշխատանքը: Տեսնենք՝ ինչպես կլինի»: Պայմանագրային պարտավորությունները կիսով չափ կատարելու համար նախկին ներդրողի պատասխանատվության առնչությամբ Արտաշես Թումանյանն ասաց. «Կողմերն ինչ պայմանավորվել էին՝ հատկապես օրենսդրության իմաստով, կատարված է: Եվ դրանից հետո ներդրողը համապատասխան կապիտալ ներդրումներ արել է ձեռնարկությունում, բերել արտադրության համար պատրաստի վիճակի: Հիմնականում այլեւս չկա կապիտալ ներդրումների կարիք, եւ հետագա շահագործման համար ընդամենը հարկավոր են նոր մոտեցումներ: Ինձ թվում է՝ այս տեսակետից Սենիկ Գեւորգյանի նկատմամբ որեւէ պրետենզիա չկա»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Հիշեցնենք, որ «Պրոմեթեւս-Քիմպրոմն» այն գործարանն է, որի բացումը մի քանի անգամ կատարեց Ռոբերտ Քոչարյանը: Հերթական բացումներից մեկը կատարվեց 2000-ի հոկտեմբերին, երբ ընդդիմությունը նշում էր «27»-ին եղերականորեն զոհված գործիչների մահվան տարելիցը: Այս հանգամանքը եռանդով շահարկվեց պաշտոնական քարոզչամեքենայի կողմից, թե «մինչ ընդդիմադիրները հանրահավաքներ են անում՝ երկրի նախագահը վերագործարկում է նոր արտադրություններ»: Իսկ թե արդյոք գործո՞ւմ է այժմ այդ ձեռնարկությունը՝ իշխանական լրատվամիջոցները լռում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել