Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Սեպտեմբեր 18,2003 00:00

Ո՞Վ Է ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ «Համաձայնություն» քաղաքացիական եւ իրավական հետազոտությունների կենտրոնն ու Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը երեկ «Աշխարհաքաղաքական նոր զարգացումները եւ Հարավային Կովկասը» թեմայով սեմինար էին կազմակերպել։ Հիմնական զեկուցողներից քաղաքագետ Հրաչ Գալստյանի կարծիքով, Հարավային Կովկասի ներդրումը նոր աշխարհակարգում նախ եւ առաջ կապված է էներգակիրների մատակարարման ուղիների եւ Արեւելք-Արեւմուտք հաղորդակցման հետ։ Բացի այս, ըստ քաղաքագետի, աշխարհի հետաքրքրությունը սույն տարածաշրջանի նկատմամբ արտահայտվում է նաեւ նեգատիվ հարթությունում՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացման ձգտումը։ Իսկ իբրեւ հնարավոր սպառնալիքներ Հ. Գալստյանը վկայակոչում է՝ «չվերահսկվող տարածքները, տարածաշրջանում փախստականների մեծ քանակը (ավելի քան 1 մլն.), հակամարտությունները»։ Այս ամենը, ըստ բանախոսի, ճանապարհ է բացում՝ «երրորդ ուժի ներթափանցման եւ մեզ իրենց շահերի համատեքստում օգտագործելու համար»։ Դրանք առայժմ պետություններ են, իսկ՝ «ո՞վ կարող է երաշխավորել, թե ինչպիսին կլինի այդ երրորդ ուժը վաղը»։ Հարց հնչեցրեց Հրաչ Գալստյանը։ Եվ իբրեւ եզրահանգում, պրն Գալստյանը նկատեց, որ Հարավային Կովկասը նոր աշխարհակարգում ներգրավելու համար սեփական քաղաքակրթական ռեսուրսները անբավարար գտնվեցին։ Եվրոպան նույնպես չունի այս տարածաշրջանի ներգրավման դրական նախագիծ։ Ռուսաստանի հետաքրքրությունը մի կողմից նախորդ շրջանի իռացիոնալ հետքի արդյունք է, մյուս կողմից՝ տարածաշրջանի հաշվին նոր աշխարհակարգում խաղաթղթեր ապահովելու ցանկություն։ Միակ իրատեսական մոտեցումը, ըստ սեմինարի մասնակիցների, ԱՄՆ-ի կողմից իրականացվող Մեծ Մերձավոր Արեւելքի նախագիծն է, որտեղ Հարավային Կովկասը ծայրամասային նշանակություն ունի։ Հաջորդ հիմնական զեկուցող Աղասի Ենոքյանը ԱՄՆ-ի սույն նկրտումը նմանեցրեց Եվրամիության ստեղծման ծրագրին։ Ի դեպ, նրա կարծիքով, ըստ ամենայնի՝ Մեծ Միջին Արեւելքը Եվրամիության մրցակիցը պետք է դառնա։ Իսկ ի՞նչ է Հայաստանին բաժին հասնում աշխարհաքաղաքական այս զարգացումներից։ Մասնավորապես, ղարաբաղյան հարցի կարգավորման առումով Ա. Ենոքյանը բավականին արագ զարգացումներ է կանխատեսում։ Հիմնական պատճառը, որ ցայսօր եռանախագահներն ընդհանուր հայտարարի չեն եկել։ Դա եվրոպական եւ ամերիկյան մոտեցումների տարբերությունն է։ Իսկ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի տեսակետը հետեւյալն է. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում (նկատի ուներ ընտրությունները.- Ն. Գ.) տարբեր չափերով կրկնվելու է Ադրբեջանում եւ Վրաստանում եւ, ցավոք, տարածաշրջանային հարցերի լուծումները գտնվելու են տարածաշրջանից դուրս։ Ակնհայտ է Ռուսաստանի միտումը՝ պահել սառեցված վիճակը, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես կարող է զիջել Ռուսաստանին այս տարածաշրջանի վերահսկողությունը։ Վերջերս հերթական անգամ պարզվեց, որ Ռուսաստանը Իրանին որոշակի տեխնոլոգիաներ է հատկացնում՝ միջուկային վառելիքի ուրանով հարստացման եւ միջուկային զենքի կոմպոնենտներ ստեղծելու համար, բայց Պետդեպարտամենտը հայտարարեց, որ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվի։ Սա խոսում է Ռուսաստանին որոշակի զիջումների մասին։ Բայց ԱՄՆ-ը Ռուսաստանին վերաբերվում է որպես հումքային գերտերության»։ Դ. Շահնազարյանը կանխատեսում է, որ 2008 թվականը տարածաշրջանի համար կրիտիկական զարգացումների տարեթիվ է։ Ըստ այդմ, Ռուսաստանն աշխարհին գլոբալ միջուկային վտանգ չի ներկայացնի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել