Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ ծառայենք, եւ համերգ տանք

Սեպտեմբեր 17,2003 00:00

Եվ ծառայենք, եւ համերգ տանք Առաջարկում է այժմ շվեյցարաբնակ թավջութակահար Նիկոլայ Խալաթյանը Շվեյցարիայի Բազել քաղաքի VAD բարեգործական ընկերության նախաձեռնությամբ այս տարվա հունիսի 22-ին տեղի երաժշտական ակադեմիայի հայազգի երաժիշտներ, թավջութակահար Նիկոլայ Խալաթյանն ու դաշնակահար Միքայել Բալյանը հանդես են եկել բարեգործական համերգով, որի ողջ հասույթը փոխանցվել է Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում բուժվող հիվանդ երեխաների ֆոնդին։ Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ Նիկոլայի մենահամերգը՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին։ Երաժիշտը 2001-ին ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան (պրոֆեսոր՝ Մեդեա Աբրահամյան)։ Այնուհետեւ մեկնել է կատարելագործվելու Բեռնի կոնսերվատորիայում, աշխարհահռչակ թավջութակահար, պրոֆեսոր Միքայել Զանդեռլինգի մոտ։ Արդեն մեկ տարի է, Ն. Խալաթյանը ուսանում է Բազելի երաժշտական ակադեմիայում, պրոֆեսոր Իվան Մոնիգետիի ղեկավարությամբ։ Թավջութակահարը չի մեղադրում այն երիտասարդ երաժիշտներին, ովքեր հեռանում են Հայաստանից՝ արտասահմանում կատարելագործվելու։ Նա համամիտ չէ նաեւ շրջանառվող այն կարծիքին, թե տղաները հայտնվում են արտերկրում՝ հիմնականում զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով։ Ըստ թավջութակահարի, Հայաստանում 2 տարի կտրվելով արվեստից, երաժիշտը դառնում է «ոչ պիտանի»։ Իսկ Շվեյցարիայում, նրա հավաստմամբ, երաժիշտների, պարողների, ընդհանրապես՝ արվեստագետների համար գործում են չգրված օրենքներ. «Այնտեղ ստեղծված են բոլոր հնարավոր պայմանները, որ երաժիշտ բանակայինը կարողանա ծառայել ու մենահամերգներ ունենալ»։ Ն. Խալաթյանի կարծիքով, վաղուց ժամանակն է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը եւս նման արտոնություններ սահմանի զինծառայող արվեստագետների համար։ «Սովորենք գնահատել լավ երաժշտին, ինչպես ընդունված է Եվրոպայում, այլապես շնորհալի երաժիշտները կշարունակեն հեռանալ Հայաստանից»,- ասում է թավջութակահարը։ Այսօր Բազելի երաժշտական ակադեմիայում Ն. Խալաթյանը ստանում է 1000 դոլար կրթաթոշակ եւ խոստովանում, որ «դրա համար շատ մեծ բախտ պետք է ունենաս»։ Բազելի ակադեմիայում տեղի գեղխորհուրդը 6 ամիսը մեկ անցկացնում է լսումներ եւ ըստ երաժշտի աճի ու կատարողական վարպետության է սահմանում կրթաթոշակ։ Աշխարհի հեղինակավոր բեմերում ելույթներ ունեցած Ն. Խալաթյանը ներկայումս իր պրոֆեսոր Ի. Մոնիգետտիի խորհրդով պատրաստվում է մասնակցելու 2004թ. հունվարին Զագրեբում կայանալիք թավջութակահարների միջազգային մրցույթին։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել