ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑԱՆՔ Միջազգային հանրությունը Հայաստանը նմանեցնում է Աֆրիկայի՞ն Գերմանական GTZ կազմակերպությունը Ֆիննական պետական ինստիտուտի (HAUS) հետ համագործակցությամբ նպատակադրվել են 1.5 տարվա ընթացքում աջակցել ՀՀ ԱԺ-ին, մասնավորապես՝ աշխատակազմին, պատգամավորների արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործում։ Ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կազմակերպվել էր երկօրյա սեմինար՝ «Հայաստանի խորհրդարանը. նշանակությունը, կարեւորությունը եւ խնդիրները» թեմայով։ Չնայած սեմինարը իրենց մասնակցությամբ պատվելու հրավեր էին ստացել բոլոր պատգամավորները, ընդամենը մեկ տասնյակն էր (այն էլ, հիմնականում ընդդիմադիր ճակատի) հարկ համարել ներկայանալ։ Չէին ժամանել նաեւ այն պատգամավորները, որոնք կոնկրետ թեմաներով զեկույցներ պիտի բախշեին։ Անգամ Արթուր Բաղդասարյանը ձեռնպահ մնաց ԱԺ-ի գալիք 4 տարիների խնդիրները հասարակության հետ կիսելուց։ Նույնկերպ վարվեցին նաեւ պետական մյուս այրերը. օրինակ, ԿԲ նախագահի ելույթը ընթերցեց բանկի մի աշխատակից, իսկ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի մտքի մարգարիտներին ընդհանրապես անհաղորդ մնացինք։ Բունդեսթագի նախկին պատգամավոր Կլաուս Ֆրանկեն իր ելույթում անհրաժեշտ համարեց հիշեցնել, որ պատգամավորը պետք է ժողովրդի շահը ներկայացնի։ «Դա ավելի կարեւոր է, քան քաղաքական կամ խմբակցական շահը,- նկատեց նա եւ խորհուրդ տվեց,- եթե ուզում եք վերընտրվել, բաց եղեք, քաղաքացիների հետ շփվեք։ Գնացեք գործարաններ, թողեք ժողովուրդն այցելի ձեզ, ինչպես բժշկին»։ Սույն եւ այլ խորհուրդները հունից հանեցին «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Հմայակ Հովհաննիսյանին։ Նա հայտարարեց, որ այս ամենը «գալոչկայի» համար է արվում եւ ընդամենը «ժողովրդավարության շղարշ» է։ Թեմայի հետագա զարգացումների շրջանակում Ֆրանկեն մինչեւ վերջ անկեղծացավ եւ չթաքցրեց, որ կովկասյան երկրների նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքն այժմ չի տարբերվում աֆրիկյան երկրների նկատմամբ վերաբերմունքից։ Իսկ Արշակ Սադոյանը թախանձագին խնդրում էր եվրոպացիներից մեր ժողովրդավար ազգին ու ընդդիմությանը ազատել բռի, ասիացի իշխանություններից։ Մեր երկրի նկատմամբ եվրոպական հանրության վերաբերմունքը փոխելու փաստը հաստատեց նաեւ Հայաստանում ԵՄ առեւտրի պալատի գործադիր տնօրեն Հովհաննես Իգիթյանը՝ «Հայաստանում տնտեսական զարգացման հեռանկարները եւ վտանգները եվրոպական գործարար շրջանակների տեսանկյունից» թեմայով զեկույցի ժամանակ։ Ըստ զեկույցի, Հայաստանն այնքան էլ պատրաստակամ չէ շարունակել իր ընթացքը 5 տարի առաջ վավերացված Հայաստան-Եվրամիություն պայմանագրերով։ Այդ են վկայում մեր երկրում ԱՄՆ եւ ԵՄ առեւտրային պալատների 34 անդամ-ընկերությունների (օտարերկրյա ներդրողներ) հարցման արդյունքները։ 2002թ. հարկերից ստացվող մեր երկրի պետական եկամուտների ընդհանուր գումարը 345 մլն ԱՄՆ դոլար է կամ ՀՆԱ-ի 14,6%-ը, որից 47,8%-ը ԱԱՀ-ի գծով եւ 8,7%-ը՝ շահութահարկի գծով։ Նախկին խորհրդային պետությունների մեջ Հայաստանը ՀՆԱ-ի կազմում հարկային եկամուտների ցուցանիշով նախավերջին տեղում է։ Օտարերկրյա ներդրողների կարծիքով, մեր երկրում տարածված հարկային խնդիրներն են գերավճարների ետ վերադարձը, հատկապես ԱԱՀ-ի գծով (այդ պատճառով «Կոկա-կոլան» բարդ խնդիրների առջեւ է կանգնել), կանխավճար կատարելու պահանջները, հարկային մարմինների օրենսդրական դաշտից դուրս գործողությունները, բյուրոկրատական քաշքշուկները։ Ըստ Հ. Իգիթյանի, «մենք բարձրացրել ենք խնդիրները, որ դրանք լուծվեն։ Հայաստանը պարտավորություն է վերցրել օրենսդրական դաշտը հավասարեցնել, համապատասխանեցնել եվրոպականին։ Եվ քանի որ դանդաղում ենք, Եվրամիությունը վերջին տարիներին վերանայել է Հայաստանի նկատմամբ իր մոտեցումները»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ