ԴԱՏՎԱԾ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԵՎ ԲՅՈՒՐԵՂՅԱ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ Շաբաթվա ամենակարեւոր օրենքն ակամայից դարձավ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը։ Դա պայմանավորված է Փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանի գործունեության հետ։ Գլխավոր դատախազությունը, որը փաստաբանի նկատմամբ հարուցված քրգործի վարույթն է իրականացնում, մեղադրում է նրան այն հարցում, որ փաստաբանը թաքցրել է նախկին դատվածությունը, որը մարված չի եղել արտոնագիր ստանալիս։ Առաջ չանցնենք, քանի դեռ ՓՄՄ-ն չի ասել իր վերջնական խոսքը։ Մանավանդ որ անկախ մասնագիտությունից կամ մասնագիտացումից, յուրաքանչյուր ոք ըստ երկրի գործող Հիմնական օրենքի, ունի «Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք» եւ «Իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում արդարության բոլոր պահանջների պահպանմամբ»։ Համաձայնեք, որ վերոնշյալ դրույթները փաստաբանի նկատմամբ խախտվել են։ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքը սահմանում է, որ այն «իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած շահերի իրականացմանը»։ Դիտեք Հայաստանի իրավապաշտպան գործունեությունն իրականացնողների կենսագրությունը. նրանցից շատերը նախկին դատապարտյալներ են։ Սա, ի դեպ, ոչ միայն Հայաստանին է բնորոշ, այլ աշխարհի շատուշատ երկրներին։ Իրավազուրկը կարող է հասկանալ իրավազուրկի պահանջները։ Մի նկատառում նույնպես. հանցագործը (մեղադրյալ, ամբաստանյալ) շատ հաճախ հրաժարվում է իր պաշտպանից, հայտարարելով, թե «ինքն իր շահերը կպաշտպանի»։ Ասել է, թե ստանձնում է պաշտպանի կարգավիճակ եւ նրա «դատվածությունն էլ մարված չէ»։ Նա ինքն է ընտրում իր պաշտպանին, ընտրում իր պաշտպանության եղանակներն ու միջոցները, անկախ այն խնդրից, դատվա՞ծ է իր շահերը ներկայացնողը, թե՞ ոչ։ Ի դեպ, այսու կներկայացնենք կոռուպցիան «մարելու» եւս մի հետաքրքիր դեպք։ 1996թ. դեկտեմբերին ՀՀ ներկայիս փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի ղեկավարած օպերատիվ միջոցառումներից մեկի ժամանակ կոռուպցիայի մեջ ակտիվ մասնակցություն ունենալու համար Արմավիրի ՆԳ բաժնի քրեական հետախուզության մի քանի աշխատակիցների հետ միասին ձերբակալվում եւ ՆԳՆ 6-րդ վարչություն բերման է ենթարկվում Հովիկ Հովհաննիսյանը։ Նախկինում նա աշխատել էր Մաշտոցի ՆԳԲ քրեական հետախուզության պետ, Արմավիրի ՆԳԲ պետի օպերատիվ գծով տեղակալ։ Հարուցվում է քրգործ եւ Հ. Հովհաննիսյանը ՆԳ նախարարի հրամանով հեռացվում է համակարգից։ Դատավճռով ոստիկանության մի քանի այլ աշխատակիցներ ստանում են տարբեր բնույթի պատժաչափեր։ Արդյոք կար դատապարտվածների թվում Հ. Հովհաննիսյանը՝ ի պատասխան «Առավոտի» այդ հարցումի ոստիկանությունը համառորեն լռում է. Բայց հետագայում Հ. Հովհաննիսյանը աշխատանքի է ընդունվում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում որպես հետաքննչական բաժանմունքի պետ, այնուհետեւ, կոռուպցիայի մեջ կասկածվող սպան աշխատանքի է նշանակվում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ