Մրցակցության դրական հետեւանքները Տնտեսության դեմոնոպոլիզացիան պետք է շարունակվի Եթե նայելու լինենք մեր անկախության ժամանակաշրջանի տնտեսական պատմությանը, ապա հեշտությամբ կարելի է նկատել, որ մոնոպոլ ճյուղերի առաջացումը նկատվում է այնտեղ, որտեղ չկան իրար արժանի մրցակիցներ։ Ոչ ոք չի մոռացել, որ օգտագործում էինք ներմուծված գարեջուր եւ օղի, մսամթերք։ Չկար տեղական արտադրող եւ նրանց ի հայտ գալու հետ մեկտեղ վերացան նաեւ վերոհիշյալ ներմուծվող ապրանքների գերիշխող դիրքերը։ Հատկանշական է, որ ժամանակագրական առումով տեղական արտադրանքի առկայությունը սկզբում ենթադրում է մրցակցություն ներմուծողի եւ տեղական արտադրողի միջեւ, իսկ հետո, երբ տեղական արտադրանքը զբաղեցնում է շուկայի շոշափելի ծավալներ, հիմնական մրցակցությունը ծավալվում է տեղական արտադրողների միջեւ այդ նույն շուկայի համար, որն իր հետեւից բերում է մրցակցությամբ պայմանավորված բոլոր դրական հետեւանքները (որակի կատարելագործում եւ բազմազան տեսականի, գների անկում)։ Լրացուցիչ յուրաքանչյուր տեղական արտադրողի մուտքը շուկա՝ մրցակցություն է առաջադրում միանգամից երկու տնտեսվարողի հետ՝ մի կողմից շուկայում արդեն գործող տեղական արտադրողների եւ մյուս կողմից՝ ներմուծողների, խոշոր հաշվով փակում անորակ արտադրանքի ներմուծման ճանապարհը, իսկ անորակ, էժանագին ներմուծված արտադրանքի պակաս մեր երկրում չի զգացվում։ Այսօր Հայաստանում բավական շատ են մրցակցության դրական հետեւանքներն ընդդեմ տարբեր մոնոպոլիաների։ Եթե դիմենք վերջին տարիների պաշտոնական վիճակագրությանը, ապա, վերը թվարկածից բացի, աճի միտում կա նաեւ սպառման ծավալներում՝ նույն գարեջրի, պաղպաղակի, հրուշակեղենի, հանքային ջրերի, մսամթերքի մասով։ Սակայն համաձայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, դեռեւս գոյություն ունեն մի շարք ոլորտներ, որոնք գերիշխող դիրք են գրավում շուկայում։ 28 ապրանքային շուկաներից 16-ը՝ բարձր, 9-ը՝ միջին եւ 3-ը՝ ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներ են։ Բարձր կենտրոնացվածություն ունեն հետեւյալ ապրանքային շուկաները՝ կոնյակ, փրփրուն գինի եւ շամպայն, ծխախոտ, իսկ ներմուծված ապրանքատեսակներից՝ շաքարավազ, դիզվառելիք, բենզին։ Ընդ որում, վերջիններիս հետ կապված մեծ է ոչ միայն շուկայում կենտրոնացվածության աստիճանը, այլեւ այստեղ տեղի ունի մոնոպոլիա։ 2000թ. տվյալներով, գոյություն ունի բավական մեծ կենտրոնացվածություն ծխախոտի արտադրության ոլորտում, հատկապես առանց ֆիլտրի հոդվածով, ուր գերիշխող դիրքը պատկանում է «Գրանտ Տոբակո» ՀՁ ՍՊԸ-ին։ 2002թ. համարյա անփոփոխ է եղել տվյալ շուկայում նրա բաժինը եւ կազմել է 91,62%։ Ժամանակագրական առումով 1999-2000թթ. սկսած, փոքր-ինչ նվազել է սույն ձեռնարկության մասնաբաժինը ֆիլտրով սիգարետի շուկայում, որը պայմանավորված է մեկ այլ, բավական հաջող մրցակցի («Սիգարոն») շուկա մուտք գործելով։ Այս համատեքստում արդյունավետ մրցակցություն է խոստանում մեկ այլ մրցակցի՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության մուտքը տեղական շուկա։ Ծխախոտագործության օրինակը եզակի չէ։ Նման օրինակներ արդեն շատ կան ՀՀ-ում շուկայական պատմության մեջ։ Սակայն այս օրինակները ինքնակարգավորված են, եւ ակտիվ պետական միջամտության պարագայում տնտեսության ճյուղերի դեմոնոպոլիզացիայի խնդիրը կարող է իրագործվել շատ կարճ ժամկետներում։ Դրանից սպասվող տնտեսական օգուտները շատ ավելի վաղ զգացնել կտան, ինչի հետեւանքով հնարավորություն կստանանք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր սեփական մշակույթով, այլ նաեւ մեր արտադրական հաջողություններով։ ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ ԱԺ պատգամավոր