Ավելի լավ է՝ լռեն «ԱրմենՏելի» պնդումներն իր «տեխնիկական հնարավորությունների» մասին՝ առնվազն, տարօրինակ են: Թող առաջինը քար նետի նա, ով չի զայրացել, չի հոգնել, չի նյարդայնացել «ԱրմենՏելի» ծառայության որակից եւ օրվա մեջ մի քանի անգամ ցանկություն չի ունեցել պատին խփելով կոտրել հեռախոսը։ Այն, որ կապի որակը մեր երկրում ծայրահեղ վատ է՝ արդեն ամբողջ աշխարհին է հայտնի, իսկ այն, որ «ԱրմենՏելը» չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները, ապացուցվեց նաեւ իրավական դաշտում՝ ՀՀ կառավարություն-«ԱրմենՏել» բաց ժողովի ընթացքում։ Եվ այս իրավիճակում, մեղմ ասած, զարմանք են առաջացնում այդ ընկերության կողմից արված որոշ հայտարարություններ։ Մասնավորապես՝ նկատի ունենք «ԱրմենՏելի» տարածած այն հայտարարությունը («Արմինֆո» եւ «Նոյյան տապան» գործակալությունների միջոցով), ըստ որի «ներկայումս հաստատված հեռախոսակայանն ընդունակ է սպասարկել բջջային կապի 100 հազար բաժանորդի»։ Իր այս տեղեկատվությամբ «ԱրմենՏելը» փորձել է հերքել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի արած հայտարարությունն այն մասին, որ ներկայումս բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է ընկերության տեխնիկական հնարավորությունները։ Սակայն նախարարին հերքելու փոխարեն՝ ընկերությունը ճիշտ կաներ իր պայմանագրային պարտավորություններով զբաղվեր, որոնց չկատարման հետեւանքով խաթարված է ամբողջ երկրի կապը։ Հակված եմ կարծել, որ տվյալ դեպքում իրանակությունն այնպիսին է, ինչպես ներկայացնում է կապի եւ տրանսպորտի նախարարը. «ԱրմենՏելը» տեխնիկական հնարավորություններ ունի սպասարկել 26 հազար բաժանորդի, թեեւ ներկայումս Հայաստանում բջջային կապից օգտվում է 74 հազար բաժանորդ։ Բայց եթե «ԱրմենՏելն», իրոք, ունի 100 հազար բջջային քարտ սպասարկելու տեխնիկական հնարավորություն, ապա ինչո՞ւ է բջջային կապի որակն այսքան սարսափելի։ Ինչո՞ւ այսօր 100 փորձ-հեռախոսազանգից ընդամենը 24 զանգն է լինում արդյունավետ, հասանելի, երբ ամբողջ աշխարհում ընդունված նորմ է 100-ից՝ 95 հասանելի եւ արդյունավետ զանգ։ Ընդունենք՝ «ԱրմենՏելն» իրոք ունի 100 հազար բաժանորդի սպասարկելու տեխնիկական հնարավորություն, ինչո՞ւ է իր պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարում, թե վաճառել է ընդամենը 74 հազար բջջային քարտ։ Եթե 100 հազարի հնարավորություն ունի, ապա ինչո՞ւ է այդ ընկերությունն իրեն զրկում եւս 26 հազարին «սպասարկելու» եւ դրանով փող աշխատելու հնարավորությունից։ Ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանի սեւ շուկայում «իզի-քարտի» գինը հասել 300 դոլարի, իսկ «պրիստիժնի» համարները՝ 500 դոլարի։ «ԱրմենՏելը» ժամանակակից Հայաստանում ստեղծել է միակ ոլորտը, որտեղ գործում է դեռեւս խորհրդային շրջանի դեֆիցիտի, «տակից վաճառելու» պրակտիկան։ Եզրակացությունը միանշանակ է՝ «ԱրմենՏելն» է սխալ եւ «ԱրմենՏելն» է ոտնահարում ՀՀ քաղաքացիների կապ ունենալու իրավունքը։ Որեւէ այլ երկիր չի գտնվի աշխարհում, որտեղ «իզի-քարտն» իր արժեքից 12-15 անգամ թանկ վաճառվի։ Վերջերս ես Վրաստանում էի եւ նախանձով էի նայում, թե որքան էժան ու հասանելի են «իզի-քարտերը», եւ ինչ հրաշալի կապ կա այդ երկրում։ Ըստ որոշ տվյալների, մեր մաքսատան աշխատակիցներն օգտվում են վրացական «իզի»-ներից։ «ԱրմենՏելն» իր գործունեության եւ հնարավորությունների մասին հայտարարություններ անելուց առաջ, պետք է իմանա, որ բոլորս իր «տեխնիկական հնարավորությունները» զգում ենք մեր մաշկի վրա եւ այդ «հնարավորությունների» պատճառով զանգելու ցանկացած անհրաժեշտության դեպքում սրտի տագնապ ենք ունենում։ Բերված զուգահեռները, կարծում ենք, բավարար են հասկանալու համար, որ իր հոյակապ տեխնիկական հնարավորությունների մասին «ԱրմենՏելը» ավելի լավ է, լռի։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ