ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Մինչ իշխանավորները հուսով են, թե իրենց քննադատությունը կանդրադառնա ապագա մրցույթում Ազգային հանձնաժողովի դիրքորոշման վրա՝ Գրիգոր Ամալյանը հայտարարում է, որ ՀՌԱՀ-ը երբեք հաշվի չի առնելու հասարակական կամ քաղաքական դիրքորոշումները: Նման հայտարարություն նա արեց՝ հյուրընկալվելով «Ար» հեռուստաընկերությանը: Սա թերեւս նշանակում է, որ հաշվի չեն առնվի նաեւ միջազգային կառույցների արձագանքները: Դրանցից վերջինը ԵԽԽՎ դիտարկման խմբինն էր, որը սեպտեմբերի 8-ին հրապարակված զեկույցում նշել էր, թե չլուծված խնդիր է մնում «Ա1+» եւ «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերություններին հաճախությունների տրամադրումը: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը վերադառնալով այդ քննարկումներից՝ հավելեց, թե դիտարկման խումբը հայտարարել էր, որ նոր մրցույթում պիտի հաշվի առնվեն այն թերությունները, որոնք իսկապես եղել են եւ որոնք հասարակության մեջ առաջացրել են լարվածություն. «Պետք է այս մրցույթն այնպես անել, որ նոր լարվածության տեղիք չտրվի, որն իրենք արձանագրում են»: Սակայն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն արդեն իսկ «Ար»-ի եթերում ազդարարել էր, թե շատ ուժեր կցանկանային լուծումները տեսնել քաղաքական դաշտում, բայց իրենք երբեք հաշվի չեն առնելու նման տեսակետները: Ավելին՝ Գրիգոր Ամալյանը կտրականապես ժխտեց մրցույթների անցկացման թերությունների մասին վարկածն իսկ իր այն հայտարարությամբ, թե հանձնաժողովի որոշումներն օրինական են, իսկ իրենց կեցվածքը՝ ճիշտ: Այնպես որ՝ թյուրիմացության մեջ են Տիգրան Թորոսյանն ու ԱԺ այն ղեկավարները, որոնք ենթադրում էին, թե վերջին մրցույթից հետո իրենց բացասական գնահատականները կունենան որեւէ ազդեցություն: Այս հանձնաժողովն իրապես անկախ եւ քաղաքական պատվերը հաշվի չառնող է ձեւանում միայն իր փակած հեռուստաընկերությունները չբացելիս: Սակայն մինչ շարունակվում են նոր մրցույթի շուրջ վեճերը՝ բացառված չէ, որ «Նոյյան տապան» եւ «Ա1+» հեռուստաընկերություններն ընդհանրապես չմասնակցեն այդ մրցույթին: «Պրոմեթեւսի» կապուղու համար հայտարարված մրցույթի առնչությամբ Մեսրոպ Մովսեսյանի դիրքորոշումն արդեն իսկ ներկայացրել ենք: Փորձեցինք պարզել, թե «Ա1+»-ը մասնակցելո՞ւ է «Ար»-ի եւ «Եվրոնյուզի» կապուղիների համար հայտարարված մրցույթներին: Թեեւ փաթեթները պետք է հանձնվեն սեպտեմբերի 28-ին՝ «Ա1+»-ում մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում առայժմ չկա, քանի որ հեռուստաընկերությունը դեռ սպասում է, որ ՀՌԱՀ-ը գրավոր կներկայացնի նախորդ մրցույթի իրենց դիմումի մերժման հիմքերը: Մեսրոպ Մովսեսյանը հետեւյալ զուգահեռը տարավ. «Երբ մարդը քննություն է հանձնում եւ ստանում «2»՝ նրան հստակ ասում են, թե շատ վատ գիտի քերականություն, տառասխալներ ունի եւ կետադրական սխալներ: Պրն Ամալյանը մեզ «2» է նշանակում՝ առանց որեւէ հիմնավորման: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչպես է հիմնավորվում այդ գնահատականը, որ մյուս մրցույթին մասնակցենք այդ սխալներն ուղղած, պատշաճ պատրաստված: Սակայն նա փոխարենը պատասխանել է մեզ, թե մրցույթում հաղթողներ են ճանաչվել այս եւ այն հեռուստաընկերությունները»: Վերոհիշյալ հարցազրույցում ՀՌԱՀ նախագահը պատճառաբանեց, թե ինչու չի ներկայացնում «Ա1+»-ի դիմումի մերժման հիմքերը: Ըստ նրա մեկնաբանության՝ հեռուստաընկերությունը չի դիմել մալուխային հեռարձակման համար, որի դեպքում առանց մրցույթի՝ դիմումի հիման վրա է տրամադրվում արտոնագիր: Առանց օրենքի որեւէ հոդված մատնանշելու՝ պրն Ամալյանը պնդեց, թե մյուս մրցույթների դեպքում նման պատասխան չի տրվում: Մինչդեռ Մեսրոպ Մովսեսյանը վերստին մատնանշեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 51 հոդվածը, որում որեւէ նշում չկա, թե այն վերաբերում է միայն մալուխային հեռարձակմանը. «Օրենքը հստակ պարտադրում է պրն Ամալյանին պատշաճ ձեւով պարզաբանել պարտվելու հիմքերը: Մենք ցանկանում ենք բողոքարկել «Ա1+»-ի գնահատականը՝ ինչի՞ հիման վրա պիտի դիմենք դատարան»: «Ա1+» հեռուստաընկերության նախագահը խաղ է համարում, որ կոալիցիայի ներկայացուցիչները վրդովմունք էին արտահայտում ակնհայտորեն ավելի թույլ մրցակիցներին «Ա1+»-ի պարտվելու կապակցությամբ, իսկ ՀՌԱՀ նախագահն այս միջոցով հնարավորություն էր ստանում երեւալ իբրեւ «անկախ» եւ անգամ իշխանության հորդորներին չենթարկվող մի մարմին: «Սա թիմային խաղ է,- ասաց պրն Մովսեսյանը:- Դերերի բաժանում են արել՝ հատուկ Եվրոպայի համար: Եվ նրանց թվում է, թե միջազգային կառույցներն ու մեր հասարակությունը բավականաչափ խելացի՞ չեն այդ խաղն ընկալելու համար»: Սակայն «Ա1+»-ի նախագահը վստահ է, որ ո՛չ ԵԽԽՎ դիտարկման խմբի, ո՛չ որեւէ մեկ այլ կազմակերպության զեկույցներն իրոք ազդեցություն չեն ունենա Գրիգոր Ամալյանի եւ նրա ղեկավարած հանձնաժողովի վրա եւ չեն շտկվի մրցույթներում արձանագրված թերությունները. «Նա վստահ է իր թիմի հովանավորի եւ նրա կազմակերպած խաղի վրա եւ իրեն համարում է ապահով՝ բոլոր կողմերից»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ