ԱՆՈՒՂՂԵԼԻ ԼԱՎԱՏԵ՞Ս Է ԱՐԴՅՈՔ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ Նաեւ այս խնդիրը երեկ Վարդան Օսկանյանի ասուլիսում փորձեց պարզել «Առավոտը» Արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարել էր, թե Եվրոպայի խորհուրդը լուրջ պատժամիջոցներ չի ձեռնարկի Հայաստանի դեմ: Այս կանխատեսումն առիթ դարձավ, որ հիշենք նրա մեկ այլ հայտարարություն: Նախագահի ընտրության 1-ին փուլից հետո, երբ բազմաթիվ ընտրակեղծիքներին եւ ձերբակալություններին հետեւել էին դիտորդների խիստ գնահատականները՝ պրն Օսկանյանը մարտի 5-ին քվեարկելիս լրագրողներին ասել էր. «Կարծում եմ՝ մեր երկրի վարկանիշի վրա որեւէ բացասական բիծ չկա, եթե միայն ինքներս ինչ-որ բաներ չշահարկենք» («Հայաստանի հանրապետություն», 6-ը մարտի): Երեկ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանի հրաժեշտի եւ նորանշանակ խոսնակ Համլետ Գասպարյանի ներկայացման ասուլիսում «Առավոտը», հիմք ընդունելով այս հայտարարությունը՝ փորձեց պարզել, թե արդյոք լավատեսությունը կամ չիրականացող կանխատեսումներ անելու ձիրքն ԱԳ նախարարի համար պարտադի՞ր հատկանիշներ են: «Այդ մեջբերումը չի կարող բառացի լինել, որովհետեւ այդ ընտրություններն, իհարկե, բիծ թողել են,- ի պատասխան ասաց Վարդան Օսկանյանը:- Ես ասել եմ, թե Եվրոպայի խորհուրդը եւ այլ կառույցներն ըմբռնումով են մոտենում այս բոլորին, որովհետեւ իրենք էլ լավ գիտակցում են, որ Հայաստանը դեռեւս լիիրավ ժողովրդավարական պետություն չէ: Ես ասել եմ, որ Հայաստանի ընտրությունների հարցը եղել է օրակարգում եւ շարունակելու է մնալ որոշ ժամանակ: Ես կանխագուշակել եմ, որ դրա հետեւանքով լուրջ պատժամիջոցներ չեն կիրառվի: Սա իմ կարծիքն է, որ հիմա էլ վերահաստատում եմ»: Խնդրեցինք նաեւ հայտնել, թե ինչ է մեր արտգործնախարարը պատասխանել ԵԱՀԿ գործող Նախագահ, Նիդեռլանդների արտգործնախարարի անձնական ներկայացուցչի նամակին, որտեղ մտահոգություն էր արտահայտված Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցների բազմակարծության բնույթի կապակցությամբ: Վարդան Օսկանյանն ի պատասխան տեղեկացրեց, որ ԱԳՆ-ն «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի խնդրով հաճախ նամակներ է ստանում ոչ միայն ԵԱՀԿ-ից, այլեւ մի շարք այլ կազմակերպություններից. «Մեր պատասխանը լինում է նույնը, ինչ որ մինչեւ հիմա մենք ասել ենք՝ ընթանում են Հայաստանի օրենքներով նախատեսված գործընթացներ, դրանց շրջանակներում է, որ որոշումներ են կայացվում: Մեր պատասխանն ընդհանուր առմամբ տեղավորվում է այս տրամաբանության սահմաններում: Բացառություն չէր նաեւ մեր պատասխանը ԵԱՀԿ-ի նամակին»: Նկատենք, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը համոզել, թե անկախ հեռուստաընկերությունների եթերազրկումն իրականացվել է օրենքի շրջանակներում: Սակայն թերեւս բացատրությունները բոլորովին համոզիչ չեն լինում, ուստի միջազգային կազմակերպությունները շարունակում են մտահոգություն արտահայտել եւ բողոքել: «Առավոտ»-ի հաջորդ հարցն էր. «Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում այն մասին, որ ԵԱՀԿ-ն, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ինստիտուտ, սպառել է իրեն: Արդյոք Հայաստանը ե՞ւս այդ կարծիքին է»: Վարդան Օսկանյանն ի պատասխան նշեց. «Դա նորություն չէ: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտնվում է իրեն ոչ հաճելի իրավիճակում, մեղադրում է ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Ղարաբաղին, ե՛ւ միջնորդ կողմին: Միջնորդները երեքն են, դրան ավելացնենք Հայաստանն ու Ղարաբաղը՝ ստացվում է, որ 1-ը հայտնվում է 5-ի դեմ: Եվ այստեղ ակնհայտ է դառնում, որ հիմնական խոչընդոտողը ոչ թե այդ 5-ն են, այլ հենց Ադրբեջանը: Ադրբեջանի համար սա արդեն բնավորություն է դարձել: Եթե նկատել եք, վերջերս նրանք քննադատեցին ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչին՝ Կասպրչիկին, երբ նա իր հայտարարության մեջ ուղղակի չմեղադրեց Հայաստանին: Չգիտես ինչի համար նա պետք է Հայաստանին մեղադրեր, երբ որեւէ ապացույց չուներ, թե որ կողմից են եղել կրակոցները: Այնպես որ՝ ամեն անգամ, երբ հայտարարություն է լինում, առաջարկություն ներկայացվում կամ ինչ որ դիրքորոշում հայտնվում, որն Ադրբեջանին դուր չի գալիս՝ նրանք այդ կոնկրետ մարմնին կամ անհատին քննադատության են ենթարկում: Դրան բոլորը սովորել են: Դա իր արժեքը կորցրել է, եւ կարծում եմ, ունենում է ճիշտ հակառակ ազդեցությունը»: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԱ. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ