Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆինանս պլյուս օրենք

Սեպտեմբեր 16,2003 00:00

Ֆինանս պլյուս օրենք Հատկապես վերջինի բացակայությունից, ըստ դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի, հովանավորներ չկան «Դասական արվեստը տարիներ շարունակ հետին պլանում է, ինչը մեր երկրում փորձում են արդարացնել միայն ֆինանսի բացակայությամբ։ Բայց բացի ֆինանսից, մի ուրիշ խնդիր էլ կա։ Այս ոլորտում էլ թերի է օրենսդրական դաշտը»,- համոզված է դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը։ Դաշնակահարուհին փաստեց, որ այսօր բեմ դուրս գալը՝ մենահամերգը, կատարողից պահանջում է 2000 դոլար՝ դահլիճի վարձակալման, ազդագրերի եւ այլ ծախսերի համար։ «Իսկ հովանավորներին, որոնք այդքան էլ պատրաստակամ չեն աջակցելու դասական ժանրի արվեստագետներին, պետք է շահագրգռել՝ թեթեւացնելով նրանց հարկային պարտավորությունները»,- առաջարկում է Ա. Ներսիսյանը։ Նա զարմանում է, թե ինչու պետք է այս կամ այն մեծահարուստը հենց այնպես հովանավորի թեկուզ հանրահայտ արվեստագետի։ «Ախր պետք է պետական ծրագիր, օրենքներ ի շահ արվեստի, մի խոսքով՝ այն, ինչն անվանում են պետական հոգածություն»,- վստահ է դաշնակահարուհին։ Ասվածը նա հաստատեց ՌԴ նախագահի օրինակով։ Օրինակ, Վ. Պուտինը Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիաների պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը հասցրել է 1000 դոլարի, ինչի արդյունքում արտերկրից բարձրակարգ ռուս երաժիշտներ վերադարձել են Ռուսաստան։ Դաշնակահարուհին հիշեց նաեւ Մոսկվայում իր ուսանելու տարիները, ուր կատարելագործվել են հայ դաշնամուրային արվեստի լավագույն ներկայացուցիչներ՝ Ս. Նավասարդյան, Կ. Օհանյան, Ս. Զաքարյան, Ի. Յավրյան եւ այլք։ «Բայց մենք գնացինք, սովորեցինք եւ վերադարձանք»,- նշեց դաշնակահարուհին։ Ա. Ներսիսյանը չի էլ դատապարտում այն արվեստագետներին կամ շնորհալի ուսանողներին, որոնք «բախտ» են որոնում արտերկրում. «Արվեստագետը պետք է եւ իր երկրում կրթվի, եւ կատարելագործվի աշխարհի հեղինակավոր համալսարաններում։ Նա պետք է հնարավորինս շատ շրջագայի»։ Ըստ դաշնակահարուհու, քիչ չեն դեպքերը, երբ տաղանդավոր ուսանողը, ստանալով միջազգային մրցույթի մասնակցության հրավեր, գումարի բացակայության պատճառներով չի կարողանում մեկնել, իսկ պակաս տաղանդավորը հովանավոր «հաջողացնելով» մեկնում է՝ վերադառնալով ձեռնունայն։ Ա. Ներսիսյանը կոմունիստներին էլ հիշեց՝ հավասարության մասին կարգախոսով եւ կատակեց, որ այսօր, անկախ երկրում այն կյանքի է կոչվել. «Օրինակ, սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթից ուսանողն էլ, պրոֆեսորն էլ վարձատրվում են նույն չափով՝ 50 դոլար, ինչն արդարացի չէ»։ Նա մտահոգված է նաեւ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ոչ բավարար կազմակերպվածությամբ։ Ըստ նրա, «ուրիշները նման մեծության կոմպոզիտորի հոբելյանին մի քանի տարի առաջ կնախապատրաստվեին։ Իսկ մեզ մոտ դեռ դահլիճներ են վերանորոգվում»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել