Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱԿԱՄԱ ՈՐՍՈՐԴՆԵՐ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱԿԱՄԱ ՈՐՍՈՐԴՆԵՐ Գյումրիի բնության թանգարանում հազվագյուտ տեսակների կենդանիներն ու թռչունները դատապարտված են սովից ոչնչացման։ Հայաստանի բնության պահպանության պետական թանգարանի Գյումրու մասնաճյուղը հավանաբար մեր երկրի ամենամոռացված վայրերից է։ Անգամ թեժ քարոզարշավների ընթացքում կենդանիներին սովից, ցրտից փրկելու ու շենքի ավերված տանիքը վերանորոգելու խոստումներ էլ չեն հնչել։ (Դա հասկանալի է՝ կենդանիները քվեարկելու իրավունք չունեն): Ավելին, թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, Գյումրու գործող եւ չգործող թանգարանների ցանկը թվարկելիս բնության թանգարանը բացարձակապես չի հիշատակվել։ Թանգարանի ապակիները ջարդված են, ցուցափեղկերի ապակիները՝ գողացված։ Հազվագյուտ տեսակի արծաթափայլ փասիանները, ցիսարյան հավերը, ջրային ու ցամաքային կրիաները, ոզնիները, ծովախոզուկները (12 հատ) եւ թանկարժեք ձկները՝ օսկար, օստրանատուս (հատը 25 դոլար) հերթով սատկել են։ Գյումրի եկած հյուրերի համար տեսարժան վայրեր փնտրող պաշտոնյաները չեն էլ փորձում թանգարան ոտք դնել։ Նրանցից շատերը մշակութային այս օջախի մասին չեն լսել, մինչդեռ տեքստիլագործների մշակութային պալատում տեղակայված այս օջախը երկրաշարժից հետո էլ կլոր տարին աշխատել է։ Հանրապետությունում իր տեսակի մեջ միակ թանգարանը շուտափույթ նորոգման կարիք ունի։ Նրա գիպսե առաստաղը եւս քայքայվել է, իսկ թիթեղյա տանիքը՝ կոռոզիայի ենթարկվել։ Շենքում ցածր ջերմաստիճանի պատճառով կենդանի մնացած «բնակիչների» ձվադրում այլեւս չի կատարվում։ Հատկապես հրատապ է կենդանիներին կերակրելու խնդիրը։ Քաղաքում պաշտոնյա, խանութպան ու այգեպան գրեթե չեն մնացել, որոնց գրավոր եւ բանավոր խնդրանք ներկայացրած չլինեն թանգարանի աշխատակիցները։ Թանգարանի վարիչ Ժաննա Գրիգորյանի հավաստմամբ, իրենց խնդրանքները միշտ մերժվել են բոլորի կողմից, լավագույն դեպքում՝ պաշտոնյաների քարտուղարուհիները (քաղաքապետարանի մշակույթի բաժնում, բնապահպանության վարչությունում, մարզպետարանում) քաղաքավարի ձեւով դուռն են ցույց տվել։ Ինքը՝ Ժ. Գրիգորյանը, քանիցս ճուռակին գրկած (գիշատիչ թռչուն) դռնեդուռ է ընկել ու ռեստորաններից սնունդ խնդրել։ Ռեստորաններից մեկի տերը նրան մերժել է՝ իր մատուցողներին ցույց տալով. «Մենք էլ երկու գիշատիչ կենդանի ունենք, նրա՞նց ոնց կերակրենք»։ Ներկայումս, վարիչի հավաստմամբ, աշխատակիցները ստիպված մուրացկան ու որսորդ են դարձել։ Ճուռակի համար ձորերից փորձում են մկներ բռնել, մյուս կենդանիների համար՝ մոտակա այգիներից միրգ ու բանջարեղենի մնացորդներ են խնդրում։ «Ամսական 10000 դրամը լրիվ կբավականացնի թանգարանի կենդանիների սննդին, իսկ եթե օգնությունը ճիշտ համակարգեն, ու գոնե մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից գարի ու ցորեն հատկացնեն, այդ գումարն էլ պետք չի լինի»,- հավատացնում է թանգարանի վարիչը։ Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել