Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ լեզվաբանությունն ու անասնաբուժությունը

Սեպտեմբեր 16,2003 00:00

Հայ լեզվաբանությունն ու անասնաբուժությունը Այս երկու գիտությունները կապել ու Ավստրիայից Երեւան է բերել հայագետ Յասմինե Դում-Տրագուտը, որպեսզի ներկայացնի երեկ մեկնարկած Հայագիտական առաջին միջազգային համաժողովի մասնակիցներին։ «Մարդն այդ թեման է ուսումնասիրել, դա էլ ներկայացնում է»,- մեր զարմանքը «փարատեց» համաժողովի կազմկոմիտեի անդամ, ԵՊՀ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը։ Նրա ասելով, «մասնագիտական խորհուրդն արտասահմանցի հայագետների զեկույցների թեմաներն ընդունել է առանց որեւէ խոչընդոտի», ինչը չի արվել տեղի հայագետների համար։ Պատճառը ոչ թե մերոնց օտարամոլությունն է, այլ՝ «որ հրավիրվածները չգալու պատճառ չունենան»։ Մասնակցության հաստատ որոշում կայացրած 100-ից ավելի օտարազգի հայագետներից ժամանել են առայժմ 80-ը։ Վերջին օրը «փոշմանել» էր եւ չէր եկել նաեւ միակ թուրք հայագետը։ Ընդհանրապես, ներսի եւ դրսի հայագիտական կենտրոնների շփումները պրոֆեսոր Սիմոնյանի կարծիքով «բավականին լուրջ են», բայց «արդյունքներն այնքան էլ լուրջ չեն», որովհետեւ «հաճախ ենք նեղվում ֆինանսի պակասից, որ փոխադարձ ակտիվ այցելություններ անենք, եւ ինֆորմացիայի անբավարարություն կա այն մասին, թե՝ որտեղ ինչով են զբաղված, բացի այդ՝ մերոնք օտար լեզու չգիտեն»։ Վերջին բացն իրեն զգացնել է տալիս հատկապես ինտերնետ ցանցից տեղեկություններ ստանալիս։ Միմյանց հետ շփումները, իտալացի պրոֆեսոր Ջուստո Տրայնայի գնահատմամբ, «դեռեւս սիրողական մակարդակի են, չկան ավարտուն գիտական մոտեցումներ, սովետական ժամանակների արգելքներն այլեւս չկան, բայց մեր հարաբերությունները զարգանում են դանդաղ»։ Արդեն տեղեկացրել ենք, որ կազմխորհուրդը գիտակցաբար խուսափել է հայոց լեզվի միասնական ուղղագրությունը քննարկման նյութ դարձնելուց, որպեսզի սուր բախումների առիթ չստեղծվի։ ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն այդ մոտեցումը համարեց «շատ ճիշտ» եւ որ «այդ հարցն ընդհանրապես պիտի քննարկման չդնել, քանի որ մենք ունենք պետական լեզու եւ ուղղագրություն, որին պիտի հետեւեն բոլոր հայերն ու հայագետները»։ Ավելին, պրոֆեսոր Ասատրյանը գտնում է, որ «այդ հարցը մամուլի անհարկի արձագանքներով դարձավ հարց», թե չէ մինչ այդ նոր ու դասական ուղղագրությունների տարբերությունը խոչընդոտ չի եղել ոչ հայերի շփման, ոչ էլ գիտական ուսումնասիրությունների համար։ Գրեթե նույն կարծիքին էր նաեւ Ա. Սիմոնյանը, ասելով, որ «մեր ու սփյուռքի միջեւ ուղղագրությունն անջրպետ դարձնելը հետապնդում է ոչ թե բուն շփման, այլ՝ քաղաքական նպատակներ, եւ դրանով զբաղվում են լեզվից շատ հեռու մարդիկ»։ Նա տարօրինակ էր համարում այն մտածողությունը, որ «նույն սփյուռքահայության մեծ մասը խոսում է արեւելահայերենով (նկատի ունի հիմնականում ռուսահայությանը- Ռ. Ա.), հիմա մեծամասնության ձա՞յնն է կարեւորը, թե՞ փոքրամասնության»։ Իտալացի հայագետ Ալդո Ֆերարին նախընտրում է դասական ուղղագրությունը, «որովհետեւ մեզ մոտ էլ դա է գործածականը»։ Նա նաեւ հասկանում է դասականների կողմնակիցներին՝ «հին լեզուն իրենց պատմությունն է», բայց եւ «պետք չէ դա կռվի պատճառ դարձնել, եւ ավելի լավ է մտածել միմյանցից անջատված արեւմուտքի եւ արեւելքի հայագիտությունը միացնելու մասին»։ Նշենք, որ շուրջ 60 զեկույցների թեմաներն արտահայտում են հայերի պատմությանը, բանասիրությանն ու մշակույթին առնչվող ամենատարբեր ու երբեմն էլ՝ անսպասելի եւ արտառոց դիտարկումներ։ Գերմանացի Հերման Գոլթցն, օրինակ, կբացահայտի, թե ո՞վ էր 19-20-րդ դարերի գործիչ Յոհաննես Լեփսիուսը՝ «հրեշտա՞կ, լրտե՞ս, թե՞ կեղծարար»։ Իսկ ճապոնացի Յոշիմուրա Տակայուկին դիտարկել եւ խորացել է «Դաշնակցական կուսակցության գործունեությունը Խորհրդային Հայաստանի սկզբնական շրջանում» խիստ հետաքրքիր թեմայով։ Ձիերի կիլիկյան բժշկարանն էլ՝ մի առանձին թեմա։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կազմխորհուրդը լրագրողներին բացատրում էր համաժողովի նպատակը՝ «գիտական մակարդակներով քննարկել Հայաստանի եւ սփյուռքի հայագետների միջեւ տարաձայնություն հարուցող խնդիրները»։ Եթե նիստերին հատկացված 2 ժամում (օրական) լսվեն նախատեսված 5-6 իրար հետ կապ չունեցող զեկույցներ, դժվար թե ժամանակ մնա մի կարծիք հայտնելու, ուր մնաց՝ տարբեր տեսակետներ լսելու եւ քննարկում ծավալելու, դեռ տարաձայնություններն էլ հարթող եզրահանգում կազմելու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել