Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ԱՆՇՈՒՇՏ, ԿԱ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱ, ԱՆՇՈՒՇՏ, ԿԱ Բաց նամակ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանին Սիրելի Բագրատ: Սրտանց շնորհավորում եմ քեզ նախագահին առընթեր կոռուպցիայի դեմ գլխավոր պայքարողի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ քեզնից առաջ խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Դավոյանը հաջողությամբ լուծել է իր առաջ դրված բոլոր խնդիրները (մշակույթ, հասարակական կազմակերպություններ, ազգային փոքրամասնություններ), եւ հիմա մնացել է միայն կոռուպցիան: Ինչ խոսք, կոռուպցիայի դեմ Հայաստանում պետք է պայքարել: Ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է վերադարձնել խորհրդային խնայբանկերում մնացած մեր համաքաղաքացիների ավանդները: Իսկ թե որքան լավ կլիներ ազատագրել Արեւմտյան Հայաստանը՝ էլ չեմ խոսում: Հասկանալի է, որ ժամանակ առ ժամանակ քաղաքական ուժերը պետք է խոսեն այդ թեմաներով: Մանավանդ՝ ընտրությունների ժամանակ: Քո կուսակցությունը խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ, ՕԵԿ-ն՝ վերադարձնել ավանդները, իսկ Ալեքսանդր Գիվոեւը՝ հետ բերել Մասիս սարը: Պրն Գիվոեւը, ցավոք, չընտրվեց: Իսկ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ն մտան խորհրդարան: Հասկանալի է, որ ընտրությունների հաջորդ օրը հնարավոր չէ ասել. «Գիտեք, սիրելի ընտրողներ, կատակ արեցինք, մեր ասածներն այդքան էլ լուրջ մի ընդունեք»: Պետք է գոնե միառժամանակ ձեւ անել՝ թե ահա մենք իրականացնում ենք մեր խոստումը: Վախենամ, որ կոռուպցիայի դեմ պայքարն այս շարքից է: Քո կուսակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, խոսելով կոռուպցիայի մասին, մշտապես խուսափում էր ներկա, «գործող» կոռուպցիոների որեւէ անուն տալուց: Բայց առանց դրա այդ խոսակցությունները զուտ վերացական, լավագույն դեպքում՝ քարոզչական են: Այնինչ՝ կան պաշտոնյաներ, որոնք այսօր ավելի հարուստ են, քան մեր հայտնի «օլիգարխներից» շատերը եւ որոնք բոլոր ռեժիմների ժամանակ «ձիու վրա» էին: Բայց ոչ Վահանը, ոչ դու, ոչ էլ ես նրանց որեւէ վնաս չենք կարող տալ: Ինչը եւ վկայում է. կոռուպցիա, որպես տասնամյակներով ձեւավորված համակարգ, Հայաստանում իրոք գոյություն ունի: Փաստաբան Հովիկ Արսենյանը ոստիկանության քննիչ լինելու ժամանակ կաշառք էր վերցնում: Ոչ մի վայրկյան չեմ կասկածում: Գիտես ինչո՞ւ: Որովհետեւ վերջին 35 տարում Հայաստանում չի եղել եւ չկա ոստիկանության կամ դատախազության որեւէ քննիչ, որը կաշառք չի վերցրել: Այլ բան է, որ Արսենյանի հանցագործության մասին սկսեցին խոսել քաղաքական նկատառումներով: Ի դեպ, այդ շրջանը մենք «մի թափ» արդեն անցել ենք: 5 տարի առաջ քաղաքական գործիչները պաթետիկ ոճով բացականչում էին. «Ո՞վ է պատասխան տալու ցրտի եւ մութ տարիների համար»: Հետո կազմվեց Դավիթ Լոքյանի «էներգատեռորը» ուսումնասիրող հանձնաժողովը, որը պարզեց՝ մեղավոր է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Սակայն, նույնիսկ մեր՝ ոչ այնքան անկախ դատախազությունը չշտապեց այցելել պրն Բագրատյանի տան նկուղը՝ «լափած մազութը» առգրավելու նպատակով: Որովհետեւ թե՛8217 գործիչները եւ թե՛8217 հանձնաժողովը աշխատում էին քարոզչական, ոչ թե իրավական էֆֆեկտի վրա: Չլինի՞ դու էլ պիտի կոռուպցիա փնտրես նախկին պաշտոնյաների կամ, ասենք, ընդդիմության շարքերում: Եթե ոչ, սրտանց հաջողություն ենք ցանկանում: Բարեկամական ողջույններով՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել