Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քիմպրոմի» վերագործարկումը բլեֆ էր

Սեպտեմբեր 16,2003 00:00

«Քիմպրոմի» վերագործարկումը բլեֆ էր Վանաձորի քիմիական համալիրի կազմում գտնվող քիմգործարանի աշխատողները (հիմնականում պահակային ծառայության, որը հսկում է չաշխատող գործարանը) չեն ստացել շուրջ տասներկու ամսվա աշխատավարձ եւ չգիտեն, թե ով է վճարելու այն։ Հիշեցնենք, որ 1998 թվականին սեփականաշնորհված, բայց դեռեւս չվերագործարկված համալիրի բաժնետոմսերի մի մասը գտնվում է «Պրոմեթեւս-Քիմպրոմ» ՓԲԸ-ի ձեռքին, մյուս մասը, որ 2002թ. աշնանն անցել էր բրիտանական «Ռանսատ» ընկերությանը, այս տարվա գարնանն էլ անցավ «Հայկապբանկին», քանի որ «Ռանսատը», չկարողանալով իրագործել գործարանը աշխատեցնելու իր խոստումները, հեռացավ Հայաստանից՝ իր բաժնեմասը վաճառելով։ Նշենք, որ այդ գործարքի մանրամասները, ինչպես նաեւ այն, թե ինչու «Ռանսատը» հրաժարվեց իր մտադրությունից՝ մնացին մութ ու չպարզված։ Քիմգործարանում ավելանում են ըմբոստ տրամադրությունները, որ դեռեւս երկու ամիս առաջ արտահայտվեց բողոքի ակցիայի ձեւով։ Դրա արդյունքում աշխատողներն ընդամենը մեկ ամսվա աշխատավարձ ձեռք բերեցին։ Առավել ցավալին այն է, որ աշխատողներից ոմանք դրությունից դուրս գալու ելքը սկսել են գտնել… սեփական հիմնարկից գողություն կատարելով, ինչը, որպես կանոն, ավարտվում է նրանց համար անհաջող վերջաբանով՝ բացահայտմամբ։ «Փաստորեն, մարդկանց դրդում են գողության»,- իր դժգոհությունները եզրափակեց քիմիական համալիրին մոտ կանգնած աղբյուրներից մեկը, որին մտահոգում էր, թե ի վերջո ով պետք է վճարի աշխատավարձի պարտքերը եւ երբ պետք է աշխատեն համալիրի կազմում գտնվող գործարանները։ Նշենք, որ 1998թ. սեփականաշնորհելուց հետո համալիրում կատարված ներդրումները հիմնականում նպատակաուղղվել են արտադրական հզորությունների վերականգնմանը եւ վերազինմանը ու մինչեւ «Ռանսատի» բաժնետեր դառնալն էլ համալիրը գրեթե չի աշխատել՝ «գազի ձեռքբերման շուրջ» հայտնի բանակցությունների պատճառով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել