Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

Սեպտեմբեր 16,2003 00:00

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ Սուրճի շուկայում ստվեր կա Դեռեւս չճշգրտված մեր տեղեկություններով, «Արաբիկա» տեսակի սուրճ չի ներկրվում հանրապետություն, մինչդեռ շուկայում առկա են տեղական մի շարք ֆիրմաների արտադրության սուրճեր, որոնց փաթեթները վկայում են հենց «Արաբիկայի» պարունակության մասին: Ապացույցը տես՝ լուսանկարում: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Փարիզյան սուրճ» ընկերության նախագահ Վազգեն Ասատրյանը, հավելելով. «բացի Փարիզյան սուրճից: Մենք տվյալներ ունենք Մաքսային վարչությունից, որ այսօր Հայաստան, բացի Փարիզյան սուրճից, մտնում են միայն «Ինդոնեզիա», «Վիետնամ», «Ռոբուստա» սուրճերը: Բայց փաթեթների վրա գրվածը չի համապատասխանում պարունակությանը: Փաթեթի վրա գրված է 100% «Կոլումբիա», «Արաբիկա», բայց պարունակում է Ինդոնեզիայի «Ռոբուստա», դա արդեն մրցակցության ոչ արդար դրսեւորում է»: Մաքսային պետական կոմիտեից չհաջողվեց ճշտել այս տեղեկությունը, սակայն գործարարը եւ մեր աղբյուրները կրկին հաստատեցին դրա հավաստիությունը: Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ա) չներկրելու դեպքում ֆիրմաներն իրենց սպառողին են խաբում՝ ասելով, թե իրենց սուրճն «Արաբիկա» է, կամ բ) ներկրելու դեպքում՝ ընկերությունները խաբում են պետությանը՝ «Արաբիկան» ներկայացնելով որպես այս տեսակ: Խնդիրն այն է, որ միջազգային բորսաներում «Արաբիկան» 3-4 անգամ թանկ է ներկրվող մյուս տեսակի սուրճերից: Օրինակ, Նյու Յորքի, Լոնդոնի բորսաներում Եթովպիայի «Արաբիկայի» արժեքը տատանվում է $1.80-ի, $2.20-ի, $2.50-ի սահմաններում, իսկ, օրինակ, Ինդոնեզիայի «Ռոբուստան», որի ներկրումը հայտարարագրվում է առանց խնդիրների, արժե 60-70 ցենտ: Հետեւաբար, «Արաբիկայի» հայտարարագրումը ձեռնտու չէ գործարարին, եւ տրամաբանորեն՝ նա պետությանն ու մաքսային մարմիններին խաբում է կամ կաշառում՝ ապրանքն էժան ձեւակերպելու նպատակով: Այս առումով «Առավոտի» հարցին պատասխանելով, պարոն Ասատրյանն ասաց. «Եվրոպայից են գալիս մեր կոնտեյներները Հայաստան: Եվ, գիտեք, եվրոպական մաքսային վարչություններում կամ այլ հիմնարկներում Որակի սերտիֆիկատ կամ այլ փաստաթղթեր ստանալիս մենք չենք կարող, շատ ներողություն արտահայտությանս համար, մտնել՝ ասել, ապե ջան, էս 100-ը (նկատի ունի $100-Ա.ՈՒ.) վե կալ, էսի էթա (նկատի ունի փաստաթղթի պարունակությամբ կոնտեյները-Ա.ՈՒ.)»: Իսկ եթե, իրոք, այդ տեսակի սուրճ չի ներկրվում, ապա ֆիրմաները սպառողին են խաբում՝ փաթեթների վրա գրելով «Արաբիկա»: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ այս շուկայում ստվեր կա եւ այս շուկան ուսումնասիրության կարիք ունի: Մեր տեղեկություններով, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այստեղ «դիտանցում» է իրականացնում: Իսկ Վազգեն Ասատրյանին հանդիպեցինք «Արմենիա172 2003» էքսպո ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղանի ընթացքում, որը չկայացավ՝ պետք է ենթադրել, գործարարները քննարկելու բան չունեին: Փոխարենը Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Օրինակ, ճանաչու՞մ եք արդյոք այնպիսի գործարարների, որոնք ստվերում են աշխատում հարցին, նշեց. «Այո, ճանաչում եմ: Բայց նրանց մեծ մասն աշխատում է ստիպված, որպեսզի գործող հարկային դաշտում կարողանա մրցակցել, գոյատեւել եւ առաջ գնալ: Այդ պայմաններում ստվերում կամ հարկային դաշտից դուրս աշխատելը դառնում է անհրաժեշտություն»: Բարեբախտաբար, պարոն Ղազարյանի ղեկավարած միությունը հարցը փորձում է լուծել ոչ թե համապատասխան մարմիններին «գործ տալով», այլ հարկային փոփոխությունների վերաբերյալ ԱԺ պատգամավորների շրջանում լոբբինգով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել