Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ Դատախազությունը սեպտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցել փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ արտոնագիր ստանալու փաստի առնչությամբ: Գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի» 325 հոդվածի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Գործը գտնվում է Գլխավոր դատախազին առընթեր՝ հատկապես կարեւոր գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանի վարույթում։ Երեկ Հովիկ Արսենյանի բնակարանում կատարվել է խուզարկություն: Նա արդեն նաեւ հարցաքննվել է: Շաբաթ օրը Փաստաբանների միջազգային միությունը հրավիրել էր կոլեգիայի նիստ: Վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն կոլեգիայի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի Հովիկ Արսենյանի արտոնագրի օրինականությունը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել է 4 փաստաբան։ Նրանք եռօրյա ժամկետում կոլեգիային պետք է տեղեկացնեն, թե արդյոք Հովիկ Արսենյանը քննություններին մասնակցելիս թաքցրե՞լ է իր դատվածությունը, եւ արդյոք նրա դատվածությունը մարված չի՞ եղել արտոնագիրը ստանալիս։ Այս հարցերը պարզաբանելու համար հանձնաժողովը հավելյալ նյութեր, այդ թվում՝ Հովիկ Արսենյանի անձնական գործը պետք է պահանջի ՀՀ փաստաբանների միությունից, քանի որ Արսենյանը փաստաբանական գործունեություն ծավալելու համար 1999-ին արտոնագիր է ստացել նախ ՀՀ փաստաբանների միությունից, ինչի հիման վրա 2002-ին նրան արտոնագիր է տվել նաեւ Հայ փաստաբանների միջազգային միությունը։ Փաստաբանների միջազգային միության կոլեգիայում քննարկվել է նաեւ այն հարցը, որ դատավոր Սարո Արամյանը խախտել է դատավարական կարգը՝ սեպտեմբերի 11-ին իր որոշմամբ, առանց Արսենյանի պաշտպանյալի կարծիքը հաշվի առնելու՝ փաստաբանին ժամանակավորապես հեռացնելով գործի քննությունից: Ըստ փաստաբանների՝ եթե մեղադրողի միջնորդությունը եւ անօրինական արտոնագրի վերաբերյալ նյութերը դատարանի համար էական կասկածներ էին առաջացնում, ապա դատավորը կարող էր պարզապես մի քանի օրով հետաձգել նիստը, մինչեւ հարցին օրինական լուծում տրվեր եւ փաստաբանն օրենքի պահանջով զրկվեր արտոնագրից: Նշենք, որ «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի համաձայն՝ օրինախախտմամբ ստացված արտոնագիրը դադարեցվում է: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել