Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 16,2003 00:00

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փոխնախարարներին եւ կառավարությանն առընթեր կոմիտեների ղեկավարներին եւս կոալիցիոն սկզբունքով նշանակելու ՀՅԴ առաջարկի առնչությամբ ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: – ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրեց Ձեզ, որ կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստից ընդամենը մեկ օր անց խախտեցիք ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ քանի դեռ բանակցությունների փուլում էր հայեցողական պաշտոնները եւս կոալիցիոն սկզբունքով բաժանելու հարցը՝ մամուլին այդ մասին չպիտի տրամադրվեին տեղեկություններ կամ մեկնաբանություններ: Արդարացի՞ կշտամբանք է: – Ես չեմ մասնակցում կոալիցիայի քաղխորհրդի նիստերին: Լրագրողների կողմից հարցադրումներ են եղել, թե այսպիսի խնդիր կա՝ ես ընդամենը դա եմ վտանգավոր համարել ու չեմ հավաստել, թե կոալիցիայում քննարկե՞լ են, թե՞ չեն քննարկել: Ուստի, բնականաբար, չեմ ընդունում այս առնչությամբ մեղադրանքները: Եվ այսօր էլ կրկնում եմ, որ պետության, Հայրենիքի մասին մտածելը կամ չինովնիկների պաշտոններում իրացվելու ցանկությունը երբեք չի ենթադրում, թե պետք է անպայման կուսակցական լինես: Կարծում եմ՝ վտանգավոր է, որ ամբողջովին կուսակցականացվի պետական ապարատը: – Ձեր այս մոտեցումն արդեն քննադատել է ՀՅԴ մամուլը, թե «առնվազն միամտություն է» իշխանության այլ մակարդակներում եւս քաղաքական ներկայություն ունենալու կուսակցությունների ձգտումն ազգային անվտանգության համար վտանգավոր համարելը: Եվ անհեթեթ է համարել, որ մանավանդ կուսակցականն է կոչ անում չկուսակցականացնել համակարգը: – Կուսակցություններն իրենց դերն ունեն՝ մասնակցում են երկրի քաղաքական գործընթացներին եւ իրենց սկզբունքներով օգնում, որ պետությունը կերտի իր քաղաքականությունը: Սահմանադրությամբ բաշխված են լիազորությունները եւ պետական յուրաքանչյուր օղակ պիտի հանդես գա դրանց շրջանակներում: Իսկ կոալիցիայի խնդիրն է, որ այս 3 կուսակցությունները քննարկեն քաղաքական հարցերը, օժանդակեն կառավարության ծրագրերին: Առավել եւս, որ գործիչներից մեկը (ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը.- Ա. Ի.) ասել էր, թե խոսքն այն պաշտոնների մասին է, որոնք նշանակումների տեսակետից չունեն պարտադիր մասնագիտական հիմնավորվածություն: Սա ավելի վտանգավոր եմ համարում՝ փաստորեն քաղաքական կոմիսարնե՞ր ենք գործուղում նախարարություններ եւ գերատեսչություններ: Պետական չինովնիկն ընդհանրապես հակված չպիտի լինի լուծել կուսակցական հարցեր եւ որոշակի լծակներով կուսակցությունն ամրացնելու խնդիրներ: Այլ պիտի գործեն այն չափորոշիչները, որոնք անհրաժեշտ են պետական չինովնիկի համար: Դրա համար ընդունեցինք «Քաղաքացիական ծառայության» օրենքը: Պատկերացրեք՝ եթե այդ օրենքը չլիներ՝ հիմա անցնելու էին նաեւ վարչության պետերին, գլխավոր մասնագետներին եւ նրանց բոլորի փոխարեն պիտի նշանակվեին կուսակցականնե՞ր: Ուրեմն՝ մինչ այս էլ այդ բոլոր պաշտոններում պիտի լինեին հանրապետականնե՞րը: – Կոալիցիայի մյուս անդամներն ակնարկում են, որ 60-ից ավելի փոխնախարարների եւ կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարների ցանկը դիտարկելիս ակնհայտ է, որ նրանց մեծ մասն անդամակցում է ՀՀԿ-ին: – Փաստերը ճիշտ չեն ներկայացվում: ՀՀԿ-ն երբե՛ք չի ունեցել եւ հիմա էլ չունի այդ խնդիրը: Առավել եւս, որ ՀՀԿ անդամ պետական չինովնիկ հասկացությունը մենք ընկալում ենք այլ կերպ: Չենք գտնում, թե չինովնիկներ պիտի ունենանք եւ ամբողջ կուսակցությունը պիտի կառչի նրանց ձեռքերից կամ թիկունքից եւ օգտագործի նրանց լծակները: Մեր պահանջը մեկն է՝ եթե հանրապետական է, պիտի ցույց տա աշխատանքային ավելի բարձր որակներ: Եվ ՀՀԿ խորհրդում, կուսակցությունում կամ անհատ զրույցներում երբե՛ք չեն քննարկվում կադրային հարցեր: Այլ հարց է, որ կարող են մարդիկ լինել ՀՀԿ-ից, որոնք աշխատանքային ճանապարհ են անցել կամ, կադրերի ընտրության ժամանակ հաշվի են առնվել նրանց արժանիքները՝ տվյալ ծառայության համար: Եվ մեկ այլ հարց է, թե անպայմա՛ն կուսակցական պիտի լինի՝ պաշտոն ստանալու համար: Թող այդ կուսակցականները մասնակցեն Քաղաքացիական ծառայության խորհրդի հայտարարած մրցույթներին, հաղթեն եւ ստանան վարչության պետերի, գլխավոր մասնագետների կամ այլ պաշտոնները: Իմիջիայլոց, երբ այս, կոռուպցիայի կամ այլ հարցերում հակադրվում եմ՝ տպավորություն է ստեղծվում, թե դա կոալիցիայի հակադրությունն է: Բայց ես իմ տեսակետներն եմ ասում, պայքարում սկզբունքներիս համար (կոալիցիայի քաղխորհրդի նիստում ՀՀԿ այլ ներկայացուցիչներ նույնպես դեմ են արտահայտվել ՀՅԴ այդ առաջարկին.- Ա. Ի.): Սակայն կենթարկվեմ, եթե կոալիցիայի կամ կուսակցության շրջանակներում մեծամասնությունը կայացնի այլ որոշում: Այսօր պարզապես ցանկանում եմ կանխել, որ չհաղթի այդ գաղափարախոսությունը: – Այդ առաջարկը կարող է տրամաբանված թվալ այն առումով, որ կոալիցիան է ստանձնել իշխանության պատասխանատվությունը, սակայն գործադիր իշխանության երկրորդ էշելոնում մարդիկ են, ովքեր որեւէ պարտավորություն չունեն կոալիցիայի հանդեպ: – Բայց գործադիր իշխանությունն ինչո՞ւ պիտի պարտավորություն ունենա կուսակցությունների առջեւ: Այն պիտի պարտավորություն ունենա պետությա՛ն առջեւ: Նախարարությունները պիտի դիտարկենք իբրեւ բզկտված, տարբեր կուսակցությունների տնօրինման տակ գտնվող կազմակերպություննե՞ր: Ես դրանք ցանկանում եմ տեսնել իբրեւ պետական կառույցներ, որոնց գործառույթը կառավարության ծրագիրն իրագործելն է: Այլ խնդիր է, որ այդ ծրագիրը կարող է արժանանալ քաղաքական քննարկումների: Այսինքն՝ քաղաքականություն մշակելը մի բան է, եւ մեկ ուրիշ բան, թե պիտի պարտադրես, որ այդ քաղաքականությունն իրականացվի հատկապես քո կուսակցության անդամների միջոցով, որոնք նախ պիտի կուսակցության առջեւ հաշվետվություն տան, ու հետո հաշվետու լինեն նաեւ կառավարությանը: Սա աբսո՛ւրդ է: Եվ ինչո՞ւ պիտի փոխնախարարների պաշտոններում նշանակվեն հատկապես կոալիցիոն կուսակցության անդամները՝ թող ներգրավվեն այլ կուսակցություններ եւս: Սակայն առաջնայինը կուսակցականությունը չպիտի լինի՝ եթե մարդն ի զորու է իրագործել կառավարության ծրագիրը եւ արժանիքներ ունի՝ կգրավի այս պաշտոնը: Եվ դա կառավարության որոշելիք խնդիրն է՝ ոչ իմ: – Հուշագիրը կնքելիս բանավոր պայմանավորվածություն չէ՞ր եղել, թե երկրորդ էշելոնի այդ պաշտոններն էլ են բաշխվելու կոալիցիոն սկզբունքներով: – Հուշագրի ամբողջ գաղափարախոսությունը պատասխանատվության հարցն է կառավարության եւ ԱԺ կառույցներում: Մնացած բոլոր գործառույթներում իշխանության տարբեր թեւերը պիտի ապահովեն Սահմանադրությամբ սահմանված իրենց լիազորությունների կատարումը: Այլապես սա ոտնձգություն է հենց Սահմանադրությա՛ն դեմ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել