Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդեմ օպտիմալացման

Սեպտեմբեր 13,2003 00:00

Ընդդեմ օպտիմալացման Երեկ Հայ արիական միաբանության (ՀԱՄ) անդամները մի խումբ ուսուցիչների եւ մտավորականների հետ հավաքվել էին Գրողների տանը, քննարկելու հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները եւ օպտիմալացման հետեւանքները։ Հայ արիները համոզված են, որ այսօր մեր հանրակրթական համակարգ են ներմուծվել «ազգային էությունն ու նկարագիրը խեղաթյուրող գաղտնագրված ծրագրեր՝ կրթահամակարգի բարեփոխումներ անվան տակ»։ Ըստ արիների, մեզ պարտադրվող կրթահամակարգը «հանգեցնում է հայոց արժեքային համակարգի (որի հիմնական տարրերն են՝ հայ խոսքը, երգը եւ պարը) այլասերմանն ու քայքայմանը»։ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը նշեց, որ դեռեւս մշակված չէ ազգային դպրոցի պետական ծրագիր՝ իր բովանդակային ու կառուցվածքային լուծումներով։ Իսկ 2001թ. ԱԺ հաստատած «Կրթության զարգացման 2001-05թթ.» ծրագիրը կրթահամակարգ ներմուծված խեղաթյուրումների, աղավաղումների վավերացումն է։ Խոսելով հզոր պետություններում օտար լեզուն իրենց պետական լեզվից չգերադասելու քաղաքականության մասին, արիները մատնացույց արեցին օտար լեզուների բուռն ներխուժումը Հայաստան։ Հակադրվելով ՀԱՄ առաջնորդին, այլ կարծիք հայտնեց մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Միքայել Նադիկյանը։ Նա էլ դժգոհեց դիմորդների եւ ուսանողների ռուսերենի չիմացությունից։ ՀԱՄ ներկայացուցիչների կազմակերպած քննարկման ժամանակ ելույթ ունեցողները անդրադարձան օպտիմալացման պատճառով թերբեռնված դպրոցների վերակազմավորմանը, ինչի արդյունքում հանրապետության 8 մարզերում միավորվել է 73 դպրոց, փակվել 37-ը։ Այդ դպրոցներում աշխատող 3022 ուսուցչից կրճատվել է 1302-ը, իսկ 1239 դասարանից՝ 323-ը։ 16 միջնակարգ դպրոց դարձել է 8-ամյա։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ օպտիմալացման գործընթացից տուժած Հին Նորքի թիվ 26 դպրոցի ուսուցիչներն ու ծնողները, որոնք նորից հիշեցրին իրենց պրոբլեմը՝ այս դպրոցի երեխաներին պարտադրում են տեղափոխվել Մարաշի 124 դպրոց, որը 2-3 կմ հեռու է, իսկ ճանապարհը՝ անբարեկարգ ու առանց մայթերի («Առավոտը» բազմիցս անդրադարձել է այդ խնդրին)։ Հայ արիական միաբանությունը առաջարկեց օպտիմալացումից ու ամեն տեսակ բարեփոխումներից դժգոհ հայ ուսուցիչներին, մտավորականներին ու դպրոցականների ծնողներին ստեղծել հանրակրթության ոլորտի փրկության կազմկոմիտե, այն էլ ոչ սովորական, այլ ինքնակառավարվող։ Լ. ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել