Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3

Սեպտեմբեր 13,2003 00:00

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3 Արդեն խոսեցինք այն մասին, որ հնարավոր է լինել արեւմտամետ, չլինելով դեմոկրատ։ Եվ սա Հայաստանում իրողություն է։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Այս հանգամանքը ծնեց ժողովրդավարական գործընթացի մի այլ անակնկալ։ Արեւմուտքի՝ նախկին սոցճամբարի երկրներում ժողովրդավարության տարածման փորձը, որքան էլ զարմանալի թվա, հանգեցրեց անկանխատեսելի պարադոքսի. ժողովրդավարության մուտքը ուժեղացրեց ազգայնականության հակազդեցությունը։ Դժվար է սա օրինաչափություն համարել, սակայն դեռեւս 95-ին գրած մի հոդվածում քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը նկատել է, որ Արեւմուտքը, ակնհայտորեն հիասթափվելով նոր-նոր դեմոկրատացվող երկրներում բարենորոգումների ընթացքից եւ կասկածելով ժողովրդավարության ընդհանուր չափանիշների գոյությանը, սկսեց «արհեստականորեն բորբոքել ժողովրդական լայն զանգվածների շրջանում արդեն արժեզրկված ազգայնականությունը, լրացնելով այն բռնապետական իշխանության հաստատմանն ուղղված գործողություններով»։ Եվ սա կրկնակի պարադոքս է, քանի որ ժողովրդավարական դրոշ պարզած դեմոկրատների առաջին սերունդը իշխանության եկավ բացառապես ազգայնականության բարձրացող ալիքի վրա, ինչպես արեւելաեվրոպական սոցճամբարում, այնպես էլ նախկին ՍՍՀՄ մի շարք հանրապետություններում (Մերձբալթյան երկրներ, Ուկրաինա, Բելառուս, Հարավային Կովկաս), յուրովի ապացուցելով անապացուցելին, որ կարծես թե այնքան էլ անհամատեղելի չեն ժողովրդավարությունը եւ ազգայնականությունը։ Անակնկալը հաջորդ քայլն էր, երբ առաջին ժողովրդավարները հանկարծ հայտարարվեցին ապազգային ուժեր, դրանով ակամա թաքուն մարտահրավեր նետելով ժողովրդավարության հնարավորությանը։ Ասում եմ՝ ակամա, որովհետեւ նորազգայնական շարժումները, որոնք պսակվեցին իշխանափոխությամբ, 98-ից հետո ոչ մի քար չեն դրել ժողովրդավարության փութով գցված հիմքերի, թեկուզեւ ծուռ պատին։ Այս տեսակետից, իհարկե, կարելի է վիճարկել անկախ Հայաստանի առաջին իշխանության ժողովրդավարական լինելու հանգամանքը, բայց անկարելի է անտեսել, որ հենց նրանք իրագործեցին ազգային դարավոր իղձը՝ անկախության ձեռքբերումը, Ղարաբաղի ազատագրումը, եթե անգամ մտածենք, որ դրանցից առաջինը պարտադրված իրողություն էր։ Ի վերջո՝ ի՞նչ պատահեց. իրո՞ք անհամատեղելի են ազգայնականությունն ու ժողովրդավարությունը, թե՞ բախման խորքային այլ պատճառներ կան։ Մենք սովոր ենք, ըստ հռչակվող գաղափարախոսության եւ կարգախոսների, իշխանություններին անուններ տալ, բայց մտքներովս չի անցնում, որ կարող է լինել իշխանություն հանուն իշխանության, ճիշտ եւ ճիշտ «արվեստը արվեստի համար» նշանավոր սկզբունքով, իշխանություն, որի նպատակը իշխանություն ունենալն է։ Եվ դրա համար մղվող պայքարում ոչ մի էական նշանակություն չունի՝ պայքարողները աջեր են, թե ձախեր, լիբերալներ, թե պահպանողականներ, մանավանդ հայաստանյան իրականության պարագայում, երբ ոչ մի իրեն գաղափարախոսություն վերագրող հոսանք սոցիալական հիմք եւ տարբերակում չունի։ Վկան՝ կոալիցիոն կառավարությունը։ Բանն այն է, որ ինչ էլ անենք, «զանգվածային ժողովրդավարությունը» միշտ էլ ենթադրում է «զանգվածների» գոյություն, ինչպես գրում է դարիս խոշորագույն սոցիալական փիլիսոփա Էլվին Թոֆլերը։ Ժողովրդավարությունը, ասում է նա, հենվում է զանգվածային շարժումների, զանգվածային քաղաքական կուսակցությունների, վերջապես՝ զանգվածային լրատվական միջոցների վրա։ Թվարկված պայմաններից Հայաստանում լավագույն դեպքում կարելի է բավարար համարել միայն զանգվածային շարժումների հնարավորությունը, այն էլ մեծագույն վերապահումով. կարելի է վիթխարի զանգվածներ ոտքի հանել, ասենք, հանուն ազգի, հանուն Ղարաբաղի, ընդդեմ անարդար ընտրությունների, մասամբ՝ որեւէ լրատվամիջոցի փակման առիթով, սակայն իրեն ժողովրդավարական հռչակած երկրում, որ ժողովուրդը ոտքի կանգնի… հանուն ժողովրդավարությա՞ն։ Անկախության տասներկու տարիների ընթացքում այդպիսի դեպք չի եղել։ Ինչպես նման դեպքերում կասեր ֆրանսիացի պոետը՝ մնացածը գրականությունն է։ Ուստի հարցը, որքան էլ տափակ, բնական է՝ ինչպես կարող է երկիրը ժողովրդավարական լինել, եթե դրա համար պահանջվող առավելագույն զանգվածը չկա, այն կրիտիկական չափը, որ կարող է որոշել ամեն ինչ, անկախ այն բանից, մենք մեզ ժողովրդավար ենք համարում, թե ազգային գեներալ։ Հետեւաբար, բնական է նաեւ ստեղծված կացությունը. «Եթե դուք չեք ցանկանում երկրպագել Աստծուն (իսկ նա խանդոտ է), ստիպված եք հարգանքով վերաբերվել Հիտլերին կամ Ստալինին», նկատում է մի այլ բանաստեղծ՝ Թոմաս Ստեռն Էլիոթը։ Հայաստանի պարագայում խնդիրը կարելի է դիտարկել նաեւ այլ տեսանկյունից։ «Աշնանամուտ-1»-ում արդեն նշել ենք, որ երբ փորձ է արվում տնտեսությունը երեւութապես արեւմտականացնել (իհարկե, զուտ սեփականաշնորհման մակարդակով՝ անկախ արդար կամ անարդար վերաբաշխման հաշվառման), իսկ կառավարումը ավելի ու ավելի ասիականացնել, ներպետական քաղաքական ցնցումներն անխուսափելի են։ Էլ ավելի վտանգավոր է, եթե քաղաքական եւ տնտեսական համակարգերը համարժեք չեն. այդ դեպքում նրանք սկսում են խժռել իրար։ Կա մի էական գործոն էլ, որ չենք կարող հաշվի չառնել. վերջին հարյուրամյակի փորձը ցույց է տալիս, որ երկրների քաղաքական սահմանները սկսել են ճշտել մշակութային սահմաններով։ Ճիշտ է, այս տրամաբանությունից ելնելով, Թուրքիան ավելի շուտ կմտնի Միջին Ասիա, քան Եվրամիություն, բայց մեր մշակութային սահմաններով, ուզած-չուզած, մտնելու ենք այնտեղ։ Հակառակ դեպքում՝ եթե մշակույթը եւ աշխարհագրությունը չեն համընկնում, դրան հասնում են բռնի արտագաղթման կամ էթնիկական զտման ճանապարհով։ Մենք այդ ճանապարհն անցել ենք եւ, ամենայն հավանականությամբ, չենք ուզենա կրկին փորձել։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել