Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմորդներն անհավասար պայմաններում էին

Սեպտեմբեր 13,2003 00:00

Դիմորդներն անհավասար պայմաններում էին Ֆիզիկայի 2003թ. ընդունելության քննությունների մասին 2003թ. ֆիզիկայի ընդունելության քննություններն, իրոք, աննախադեպ էին գրավոր աշխատանքների ստուգման ոչ պատշաճ մասնագիտական մակարդակով, 2003թ. ընդունելության քննությունների անցկացման կանոնակարգի խախտումներով, բողոքարկման եւ կրկնակի բողոքարկման ներկայացված աշխատանքների մեծ թվով, քննական պրոցեսի կազմակերպման թերություններով: 1. «Դիմորդ-2003» ուղեցույցում ֆիզիկա առարկայի 2003թ. բուհական ընդունելության քննության ծրագրի պարզաբանումների 10. կետում (էջ 55) հստակ նշված է՝ «Քննական տոմսին պատասխանելիս անհրաժեշտ է 3 եւ 4 միավորանոց խնդիրների լուծումներն ուղեկցել համառոտ բացատրություններով», ինչից հետեւում է, որ 2 միավորանոց խնդիրների բացատրություն դիմորդից չի պահանջվում: Բանն այն է, որ 2 միավորանոց խնդիրները կոչված են օգնելու միջին պատրաստվածությամբ շրջանավարտներին՝ հաղթահարելու 8 միավորի սահմանագիծը եւ մասնակցելու մրցույթին: Եվ այն հանգամանքը, որ հանձնաժողովի նախագահը քննական գործընթացը սկսելուց առաջ հայտարարում է 2 միավորանոց խնդիրներին բացատրություններ տալու անհրաժեշտության մասին, անօրինական է: Դեպքերի բերումով ուսումնասիրված բազմաթիվ աշխատանքների պատճեններից պարզորոշ երեւում է, որ 2 միավորանոց խնդիրները գնահատելիս բացատրությունների պահանջի պատրվակով հանված են 0,25, 0,5, անգամ՝ 1 միավոր: Այսպես, խնդրի պայմանում գրված է՝ «Քանի՞ անգամ է առաջին նյութական կետի արագացումը մեծ երկրորդի արագացումից»: Դիմորդը գրել է արագացումների հարաբերությունը տառային ձեւով, իսկ կողքը ստուգողի կողմից նշում է արված՝ «նշանակումները բացատրված չեն»: Կամ՝ դիմորդը ստացել է խնդրի պատասխանը՝ 1,6, կողքը «նշված» է 1,59 եւ հանված է 0,25 միավոր: 2. Հանձնաժողովի մեթոդական թերացման հետեւանքով դիմորդները դրվել են անհավասար պայմանների մեջ: Ե՛վ «Ֆիզիկա-1»-ից, ե՛ւ «Ֆիզիկա-2»-ից ամբողջ քննաշրջանի ընթացքում օգտագործման համար նախատեսվել է քննատոմսերի մեկական հավաքածու՝ 60-ական քննատոմս: Եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր քննական օրվանից հետո քննատոմսերի թիվը պակասում էր 4-ով, ապա բոլորովին դժվար չէր որոշել, թե ո՞ր տեսական հարցերը եւ ո՞ր տեստերն են մնացել: Այսպես, օգոստոսի 13-ին եւ 15-ին կայացած «Ֆիզիկա-1» տարբերակով քննություններից առաջ հայտնի էր, որ դուրս չի եկել համապատասխանաբար 12 եւ 8 տեսական հարց, որոնք, հասկանալի է, կարելի էր կրկնել (կամ անգամ՝ նոր սովորել): Այսինքն՝ օգոստոսի 15-ին հանձնողներին անհրաժեշտ էր ֆիզիկայի ամբողջ դասընթացից «սովորել» ընդամենը 8 հարց, այն էլ քննության նախօրյակին եւ «թարմ» գիտելիքներով գնալ քննության: Այնինչ խնդիրն ունի հասարակ եւ միշտ կիրառվող լուծում. այն է՝ անհրաժեշտ էր ե՛ւ «Ֆիզիկա-1»-ից, ե՛ւ «Ֆիզիկա-2»-ից կազմել քննատոմսերի 2-ական հավաքածու, որոնց տեսական հարցերը, բնականաբար, կրկնվում են, իսկ տեստերի եւ խնդիրների բանկը հնարավորություն է տալիս խուսափել վերջիններիս կրկնությունից եւ քննությունների կեսից դրանք փոխել, էապես չպակասեցնելով մնացած տեսական հարցերի թիվը: 3. Մտորումների տեղիք են տալիս գրավոր աշխատանքների բողոքարկման արդյունքները: Դրանց թիվը, ինչպես դժվար չէ գուշակել, նույնպես «աննախադեպ» է ֆիզիկայի գրավոր միասնական քննությունների պատմության մեջ՝ այն կազմել է՝ «Ֆիզիկա-1»-ից՝ 13,67%, իսկ «Ֆիզիկա-2»-ից՝ 8,79%: Բողոքարկումների մասնակցած մասնագետների եւ ոչ առարկայական ընդունելության հանձնաժողովի անդամների վկայությամբ, շատ դեպքերում բողոքարկման պրոցեսը չի ծառայել իր բուն նպատակին՝ հիմնավորել դրված գնահատականի արդարացիությունը, եւ, մյուս կողմից, ընդունել դիմորդի կողմից բերված հիմնավորված փաստարկները, եւ եթե դիմորդն իրավացի է, բարձրացնել գնահատականը՝ առանց ստիպելու դիմել կրկնակի բողոքարկման, ինչպես պատահեց ֆիզիկայի ֆակուլտետի մի դիմորդի հետ: Բողոքարկման պրոցեսի ոչ բավարար մակարդակի մասին է վկայում կրկնակի բողոքարկման արդյունքում գրավոր աշխատանքների փոխված գնահատականների թիվը: «Ֆիզիկա-1»-ից կրկնակի բողոքարկման է ներկայացվել 85 գրավոր, որոնցից 24-ի գնահատականը բարձրացվել է («Ֆիզիկա-2»-ից՝ համապատասխանաբար 18 եւ 7): Արդյունքում բարձրացվել է 31 գրավորի գնահատական, այն դեպքում, երբ մնացած բոլոր 11 առարկաներից կրկնակի բողոքարկումով փոխված աշխատանքների թիվը 44 է: ԱԼԲԵՐՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հ. Գ. Ի դեպ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 1-ին կլսվի Ա. Հարությունյանի դատական հայցն ընդդեմ ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի՝ կապված Հ. Տիգրանյանի գրավորի վերագնահատման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել